Գիտություն Հարցազրույց 

Հայ եկեղեցին մշտապես եղել է կրթության և լուսավորության ջահակիրը. Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը

analitik.am

 Analitik.am-ի զրուցակին է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն  տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը:

 

-Ի՞նչ հնարավոր վտանգներ եք տեսնում հանրակրթական ծրագրերից Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելու նախաձեռնության մեջ:

 

-Ուրախությամբ պիտի նշենք, որ նման վտանգ չկա: Ընդհակառակն, այսօր կարող ենք արձանագրել, որ առարկան կայացել է հանրակրթական դպրոցում և դարձել աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների սիրելի առարկաներից մեկը: Այս մասին իր խոսքերում բազմիցս նշել է նաև ՀՀ կրթության գերատեսչության ղեկավարը և կրթության գործընթացի պատասխանատու այլ անձեր: 

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր պետությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ իր վերաբերմունքը ճշտել է դեռևս 4-րդ դարասկզբին՝ պետական քաղաքականությունը ուղղորդելով դեպի քրիստոնեական արժեհամակարգը: Հայ Եկեղեցին իր սկզբնավորման շրջանից սկսյալ մշտապես եղել է կրթության և լուսավորության ջահակիրը և մշակութաստեղծ նվիրական մի հաստատություն հայ մարդու համար:  Բնականաբար վերանկախացած Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ճանաչվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Նշենք նաև, որ ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով հաստատված, ՀՀ հանրակրթական պետական չափորոշիչով ամրագրված, կառավարության ղեկավարի և մեր եկեղեցու առաջնորդի միջև համաձայնագրով  կնքված և տարաբնույթ նորմատիվային փաստաթղթերով վավերացված է Հայոց եկեղեցու պատմություն առարկայի նպատակային դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցների 5-11-րդ դասարաններում: Չարամիտ նախաձեռնությունների ցանկություններ դժբախտաբար կան մեր իրականության մեջ, որոնք, սակայն, որևէ կերպ իրենց բացասական անդրադարձը  չեն թողնում և երբեք էլ չեն կարող թողնել մեր առաքելության և ծառայության վրա մեր ժողովրդի կյանքում, քանզի այն աստվածավանդ է և աստվածահաճո:

 

-Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայ առաքելական եկեղեցին՝ կանխելու այդ գործընթացը:

 

-Ինչպես վերևում նշեցի, նման մտահոգություն պարզապես չկա: Մեր եկեղեցին Աստծո կամքով շարունակում է ի կատար ածել իր փրկաբանական և կրթադաստիարակչական սրբազան առաքելությունը: Այսօր էլ հանրակրթության ոլորտում մենք շարունակում ենք իրագործել մեր ավանդական դարձած ծրագրերը, և հազար փառք Աստծո, դրանք գնալով կրկնապատկվում են, քանի որ հոգևորի պակասը միշտ կա և մենք միշտ անելիք ունենք: Այս առումով չենք կարող չանդրադառնալ հոգևոր մերօրյա վերածննդին, ինչն առկա է մեր ազգի կյանքում հայրենասիրության և եկեղեցանվիրումի առումով, ինչը մեծ մխիթարություն է մեզ համար՝ իբրև հոգևորականի:



   -Որտեղի՞ց կամ ո՞ւմ կողմից է տրվել առարկան հանրակրթական ծրագրերից հանելու հանձնարարականը:


 

-Այդպիսի հանձնարարական չկա և չի էլ կարող լինել: Արհեստականորեն ստեղծված աղմուկն առաջացել է UNICEF-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովի 2013թ.  կողմից ներկայացված ամփոփիչ դիտարկումներում, որոնք չունեն իրավական որևէ ուժ: Ցավով ենք արձանագրում, որ վերջին շրջանում որոշ ուժերի կողմից անհիմն պատճառաբանություններով և փաստարկներով փորձ է արվում բացասական կարծիք ձևավորել խնդրի շուրջ, ինչը դատապարտված է ձախողման:

 

 -Ի՞նչ հիմնավորումներ է հարցի առնչությամբ ներկայացնում ԿԳՆ:

 

-ՀՀ կրթության և գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանը պետության դիրքորոշումն հստակորեն արտահայտել և հիմնավորել է մայիս ամսին Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ: 

Նույն շարքից