Հասարակություն Հարցազրույց 

Գյուղում կոոպերացիային այլընտրանք չկա. Հարցազրույց Սերգո Կարապետյանի հետ

analitik.am

Այս տարվա սեզոնը բացառիկ հաջող էր Հայաստանի բուսաբուծության համար: Համենայն դեպս, նման եզրակացություն կարելի է անել պաշտոնական տվյալներից: Երկրի գյուղատնտեսության ոլորտում, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել, այսօր փորձում են լուծել ֆերմերների կոոպերացիայի հարցը: Գյուղը, բնականաբար, հայրենի գիտության աջակցության կարիքն ունի: Ստորև ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ հարցազրույցն ամբողջությամբ:


Պարոն նախարար, ելնելով պաշտոնական տեղեկատվությունից, Հայաստանի բուսաբուծության համար տարին հաջող է ավարտվել: Բերքահավաքը քիչ չի եղել, որի մասին է վկայում մրգերի ու բանջարեղենի արտահանման աճը:

2013 թվականի գյուղատնտեսական տարին նախորդ տարվա համեմա­տությամբ գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության գծով եզրափակվում է ավելի բարձր արդյունքներով, որի հաշվին ավելացել են նաև արտահանման ծավալները: Բուսաբուծական մթերքներից առավել բարձր աճ է գրանցվել հացա­հատի­կային մշակաբույսերի համար, որի համախառն արտադրանքը նախորդ տարվա նկատ­մամբ ավելացել է ավելի քան 19.0 %-ով, ընդ որում ցորենի արտադրության աճը կազմել է ավելի քան 26.0 %:


Որքան հայտնի է, ոլորտի տվյալները յուրաքանչյուր գյուղական համայնքում պատրաստում է գյուղապետարանը: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են այդ ցուցանիշները համապատասխանում իրականությանը: Ասենք, հենց բերքահավաքի ցուցանիշները...

Վիճակագրական տվյալները ՀՀ ԱՎԾ-ի մարզային աշխատակիցներին ներկա­յացվում են համայնքների ղեկավարների կողմից` ՀՀ ԱՎԾ-ի կողմից հաստատված հաշվետվական ձևերով, որոնք վիճակագրական ծառայության մարզային աշխա­տակիցները ամփոփում և ներկայացնում են ՀՀ ԱՎԾ` վերջնական ամփոփման և հրա­պարակման: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսական մշակա­բույսերի ցանքի, բերքահավաքի և աշնանացանի վերաբերյալ մարզպետարան­ների համապատասխան ստորաբաժանումների և գյուղատնտեսության աջակցության մար­զային կենտրոնների աջակցությամբ հավաքագրում է նաև օպերատիվ տվյալներ: Ընդհա­նուր առմամբ օպերատիվ տվյալների և ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալների միջև էական տարբերություններ չեն գրանցվում:


Հայրենի գյուղատնտեսությունը առաջավոր տեխնոլոգիաների կարիք ունի,  մասնավորապես սելեկցիայի առումով: Այդ առումով, որքանո՞վ է իրեն արդարացնում հայրենի գիտությունը:

Հանրապետության տարածքում գործում են 4 գիտական կենտրոններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մշակաբույսերի նոր տեսակների սելեկցիայով և շրջանացմամբ: Դրանք են` «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն, «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Բանջար-բոստանային և տեխնիկական մշակա­բույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Խաղողագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ընդ որում առաջին երկուսը հիմնականում մասնագիտացած են հացա­հատիկային և կերային մշակաբույսերի, երրորդը` բանջար-բոստանային և տեխնիկա­կան մշակաբույսերի, իսկ չորրորդը խաղողի տեղական նոր սորտերի սելեկցիայի գծով: Վերջին տարիներին այդ կազմակերպությունների կողմից հանրա­պե­տության տարածքում շրջանացվել են գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի 62 նոր սորտեր:


Գյուղացիների հետ զրույցից պարզ է դառնում, որ շատերը տեղյակ չեն, թե ինչ է նպատակահարմար աճեցնել ոչ մեծ հողակտորներում: Խորհրդային տարիներին դա որոշվում էր պլանային կերպով՝ պարտադիր: Կա՞ պետական ռազմավարություն, ասենք, բուսաբուծության հարցում ոլորտների մասնագիտացման առումով:

Ելնելով հանրապետության բնակլիմայական պայմաններից, գոտիականու­թյունից և մասնագիտացման հնարավորություններից, հանրապետության տարբեր մարզերում և տարածաշրջաններում տեղայնացվել են հիմնական մշակվող գյուղա­տնտեսական մշակաբույսեր:

Վերջին տարիներին ծիրանի այգիներ են հիմնվում նաև հանրապետության նախալեռնային գոտում` կապված հարթավայրում վաղ գարնանային ցրտահա­րություն­ների և կլիմայի որոշակի փոփոխությունների հետ:  ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավա­րու­թյունով սահմանվել է ըստ մարզերի գյուղատնտեսության մասնագի­տացման նախընտրելի ուղղությունները:


Ապագայի ինչպիսի՞ պլաններ կան գյուղացիների կոոպերացիայի հարցում:

Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բազմաթիվ միջոցառումների և ծրագրերի համատեքստում խիստ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների համատեղ գործունեության կազմակերպման միջոցառումների իրականացումը, մաս­նա­վորապես` կոոպերատիվների, ընկերու­թյուն­ների և կամավորու­թյան սկզբունքի վրա հիմնված այլ կազմակերպա­կան միավո­րումների ձևավորման միջոցով: Գյուղա­տնտե­սության ոլորտում արտա­դրողա­կանու­թյան բարձրացման, ընդլայնված վերարտա­­դրության ապահովման, ապրանքայնու­­թյան մակար­դակի բարձրացման, ոլորտի ինտենսիվացման առումով գյուղացիական տնտեսություն­ների համատեղ գործունեու­թյունը, օրինաչափ գործընթաց է, որը չունի այլընտրանք:


Նշվածից ելնելով ագրարային ոլորտում վարվող պետական քաղաքա­կա­նության կարևոր բաղկա­ցուցիչներից է կոոպերացիայի խթանման քաղաքակա­նությունը: Վերջինիս մասին են վկա­յում գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքա­կանության հիմքում դրված մի շարք ուղենիշային ծրագրային փաստա­թղթերը: Դրանցից են ՀՀ կառավարության ծրագիրը, ՀՀ գյուղի և գյուղատնտե­սության 2010-2020թթ. կայուն զարգաց­ման ռազմավարությունը: ՀՀ կառավա­րության 2013 թվականի գերակա խնդիրների շարքում առանձնանում է Հանրա­պետության գյուղական համայնք­ներում գյուղա­տնտե­սական կոոպերատիվ­ների ձևավորման շարունա­կականության ապա­հովումը:


Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի խթանման համակարգված քաղաքականության իրականացման նպատակով մշակվել է «ՀՀ գյուղատնտե­սական կոոպերացիայի զարգացման հայեցակարգի» նախագիծը, որը գտնվում է կառավարու­թյունում քննարկման փուլում: Հայեցակարգի նախագծով կանխորոշվել են կոոպերացիայի զարգացման հիմնական 4 ուղղություններ`


  • Օրենսդրության կատարելագործումը և համալրումը,
  • Կոոպերացիայի ձևավորման տնտեսական խթանման մեխանիզմների կիրա­ռումը,
  • Կոոպերացիայի սկզբունքների, առավելությունների վերաբերյալ գյուղա­տնտե­սությունում տնտեսավարողների իրազեկվացության մակարդակի բարձրացումը,
  • Գյուղատնտեսությունում կոոպերացիայի ձևավորմանը խթանող ինստիտու­ցիո­նալ կառույցների ստեղծումը:


Նախարարության կողմից մշակվել է <> ՀՀ օրենքի նախագիծը: Նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և գործու­նեթյանը: Գյուղատնտեսական կոոպերացիայի խթանման քաղաքականությունը շարու­նակվե­լու է առաջիկայում:

Նույն շարքից