Բիզնես Հարցազրույց Տնտեսություն 

Ստեղծվել է բացասական միջավայր, որտեղ տնտեսությունը մահանում է. Աշոտ Եղիազարյան

analitik.am

ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 2016թ.-ի պետական բյուջեի նախագիծը։ Համաձայն նախագծի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12–ամսյա գնաճի թիրախը 4 պլյուս-մինուս 1%, դեֆիցիտը՝ 3.5%։ Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ, եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ: Հասարակ քաղաքացուն, սակայն, ով չունի տնտեսագիտական բավարար գիտելիքներ՝ այս ցուցանիշների հնարավոր արդյունքներն ու հետևանքները հասկանալու համար, պարզ չէ, թե վերը նշված թվերն ինչ են նշանակում ու ինչ ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության կամ իրենց սոցիալական վիճակի վրա: Հենց այս հարցերի պարզաբանումը ստանալու ակնկալիքով զրուցեցինք տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հետ, ով ասաց.

-Սա նշանակում է՝ նույնիսկ ՀՀ կառավարությունում ընդունում են, որ համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը դանդաղելու են: Այսինքն՝ կառավարությունը, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ բյուջեի պլանավորման հիմքում դրել է ՀՆԱ-ի ավելի փոքր ցուցանիշ՝ պայմանավորված արտաքին այն միջավայրով, որում գտնվում է Հայաստանը: Այսինքն՝ կան գործոններ, որոնց ազդեցությունը, ըստ էության, բացասական է մեր ՀՆԱ աճի տեմպերի վրա, մասնավորապես՝ տրանսֆերտների կրճատումը ու հատկապես Ռուսաստանից փոխանցվող: Դրանք մինչև հիմա նպաստել են առևտրի ծավալների ավելացմանը, շինարարության աճին և ընդհանրապես ծառայությունների ամբողջ սեկտորի աճին: Հայաստանում օտարերկրյա ներդրումների հոսքն է նվազել, ընդհանուր տնտեսական միջավայրը, որում գործում են տնտեսվարող սուբյեկտները, նույնպես ընդհանուր առմամբ բացասական է, և աճի համար որևէ նպատավոր պայման գոյություն չունի: Այսինքն՝ եթե ՀՆԱ-ի ավելի թեթև ցուցանիշ է պլանավորված, նշանակում է՝ մենք հիմնախնդիրներ ունենք նաև պետական բյուջեի հետ կապված. եթե նվազում է ՀՆԱ-ն, հարկման բազան նույնպես կրճատվում է, այսինքն՝ մենք չենք կարող հավաքել ավելի շատ հարկեր, քան հավաքել ենք նախորդ տարիներին: 2.2%-ն էլ դեռ չի նշանակում, որ այդ ցուցանիշը պարտադիր պետք է կատարվի. դա կանխատեսում է, և ոչ ոք չի կարող ասել, թե առաջիկա ամիսների կամ անցած տարվա ընթացքում ինչ նոր գործոններ ի հայտ եկան, որոնք նույնպես կարող են ազդել ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա, այդ թվում՝ նաև ՀՆԱ-ի:

-Նախորդ շաբաթ մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիտարկմամբ հանդես եկավ՝ ասելով, որ 2016թ.-ի բյուջեի նախագծով՝ յուրաքանչյուրս 10% աղքատանալու է: Ինչպե՞ս կարելի է սա մեկնաբանել, իրատեսակա՞ն է այս դիտարկումը՝ ըստ Ձեզ:

-Խնդիրն այն է, որ աղքատացման գործընթացն արդեն իսկ կա: Հիմա ճիշտ չի լինի, որ ես տոկոսային հարաբերությամբ ասեմ, թե ինչպիսին կլինի հաջորդ տարին, բայց աղքատացման գործընթացն այս տարի դրսևորվել է, և կարծում եմ՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն դեռ կշարունակվի: Աղքատացման վկայությունն է իմ նշած մասնավոր տրանսֆերտների նվազումը, ինչպես նաև ներմուծման ծավալների կրճատումը: Ներմուծման էական՝ 30% կրճատումը՝ արդեն այս տարվա տասը ամիսների կտրվածքով, նշանակում է՝ մեր եկամուտները նույնքան՝ 30 տոկոսով պակասել են: Դա ի՞նչ է, եթե ոչ աղքատություն:

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այս բյուջեն ոչ միայն սոցիալական չէ, այլև չենք կարողանալու կապիտալ ծախսեր անել, կարևոր ծախսեր՝ ասենք ենթակառուցվածքների հետ կապված: Ըստ Ձեզ՝ ե՞րբ կարող է բյուջեն համարվել սոցիալական ուղղվածության:

-Ես այն կարծիքին եմ, որ սոցիալական բյուջեն չպիտի չափվի միայն տեսակարար կշռով, այսինքն՝ ճիշտ չէ այն անվանել սոցիալական՝ միայն հաշվի առնելով, թե ընդհանուր ծախսերի մեջ քանի տոկոսն են կազմում սոցիալական ուղղվածության ծախսերը: Դա միայն մեծ վերապահումով այդպես կարելի է անվանել: Ընդհանրապես բյուջեները սոցիալական լինում են, երբ երկիրը մեծ հնարավորություն է ունենում բնակչության մեկ շնչի հաշվով ավելացնել սոցիալական ծախսերը, իսկ դրա համար պետք է ունենալ բացարձակ ցուցանիշով մեծ բյուջե: Եթե մեր բյուջեն մեկ օրով բաժանենք բնակչության մեկ շնչի հաշվով, կտեսնենք, թե ինչքան ցածր ցուցանիշ ենք ստանում: Տվյալ պարագայում եթե մեր բյուջեում փորձենք համեմատել երկու հատվածներ՝ ընթացիկ ծախսեր ու կապիտալ ծախսեր, կտեսնենք, որ կապիտալ ծախսերն ընդհանրապես փոքր ցուցանիշ են կազմում: Իսկ ի՞նչ է նշանակում բյուջեում կապիտալ ծախսեր պլանավորել: Դա նշանակում է ակտիվորեն միջամտել տնտեսական զարգացման գործընթացներին՝ ներդրումների միջոցով փորձել ստեղծել ենթակառուցվածքներ, բիզնեսի համար ստեղծել նպաստավոր պայմաններ, և այն, ինչը չի կարող անել մասնավոր սեկտորը, պետությունն ինքն է անում: Իսկ եթե չկան կապիտալ ներդրումներ, նշանակում է՝ չկա նաև զարգացում:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր էր մեկ այլ նախագիծ մշակել՝ ավելի լավատեսական:

-Ես կարծում եմ՝ հնարավոր չէր, քանի որ մեծ վերապահումով եմ մոտենում նաև ներկայացված նախագծին. որևէ դրական ազդակ տնտեսական աճի իմաստով մենք չունենք այնտեղ: Դա էլ պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, այսինքն՝ Հայաստանն ընտրել է տնտեսական մի միավորում, որը միայն զսպում է զարգացումը, արգելակում, խոչընդոտում է արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մեր հնարավորությանը, իրականացնելու այլընտրանքային ծրագրեր, նախագծեր, սերտորեն համագործակցել համաշխարհաին շուկայի, միջազգային կառույցների, կազմակերպությունների հետ՝ ներդրումների ներգրավման ու նոր շուկաներ ձեռք բերելու նպատակով: Այս ամենը սահմանափակվել ու նեղացել է, և դրա համար էլ պլանավորել ավելի մեծ բյուջե, կարծում եմ, ստեղծված պայմաններում հնարավոր չէ: Ընդհանրապես տնտեսական գործունեություն ծավալելու համար շատ բացասական միջավայր է ստեղծվել, և արդյունքում տնտեսությունը մահանում է:

-Իսկ ի՞նչ առաջնահերթ քայլեր պիտի արվեն հիմա, որ ՀՆԱ-ի գոնե այդ 2.2% աճն իրատեսական լինի:

-Ես այդ հարցին կարճ կպատասխանեմ: Այնուամենայնիվ ելքը մեկն է: Եթե մենք շարունակենք մնալ ԵՏՄ կազմում, որևէ դրական տեղաշարժ չի լինելու: Մենք պարզապես պիտի վերադառնանք Եվրամիության հետ ասոցացման պայմանագրին, համագործակցությունը սերտացնենք ԱՄՆ-ի հետ, ընդհանրապես պետք է ինտեգրվել արևմտյան կառույցներին, որովհետև զարգացման հնարավորություն ապահովող միակ միջավայրը մեզ համար դա կլինի: Մեր կատարած ընտրությունը փակուղի է, որի հետևանքներն ու միտումները մենք արդեն տեսնում ենք: Որքան դա խորանա, որքան մենք այդ պարտավորություններով մեզ զսպված զգանք, այնքան մեր վիճակն ավելի կվատթարանա: Ես դրա համար եմ ասում, որ 2.2%-ը դեռ կանխատեսում է ընդամենը...

Աստղիկ Իսկանդարյան

Նույն շարքից