Մարդու կամքի ազատությունը, հավանաբար, միայն պատրանք է: Այսպիսի եզրահանգման են եկել Փրինսթոնի համալսարանից գիտնականներ Ադամ Բերն ու Փոլ Բլումը, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science ամսագրում:
Ըստ Lenta.ru-ի, հետազոտության ընթացքում գիտնականները մարդկանց նստեցրել են էկրանի առջև, որոնց վրա ճերմակ շրջանակներ են հայտնվել: Կամավորները պետք է ընտրեին դրանցից մեկը: «Ճիշտ» է համարվել այն շրջանակը, որը կարմիր է դարձել: Որոշ դեպքերում շրջանակներն այնքան արագ են փոխել գույնը, որ մարդը ոչ մի կերպ չի հասցրել գիտակցված որոշում կայացնել:
Դրանից հետո փորձի մասնակիցները պետք է նշեին, թե ինչ են արել. կարմիր շրջանակն են ընտրել, ճերմակներից մեկը, թե՞ պարզապես չեն հասցրել ընտրություն կատարել:
Վիճակագրության համաձայն, փորձի մասնակիցները պետք է ճիշտ (կարմիր շրջանակ) ընտրություն կատարեին հինգից մեկ դեպքում: Սակայն, դատելով պատասխաններից, 20%-ի այդ ցուցանիշը կամավորները գերազանցել են՝ նշելով, որ անհրաժեշտ շրջանակը գուշակել են նույնիսկ այն դեպքում, երբ այն շատ արագ է վառվել:
Ելնելով արդյունքներից՝ Բերն ու Բլումը հանգել են եզրակացության. որոշ դեպքերում փորձի մասնակիցները իրադարձությունները գիտակցել են սխալ հաջորդականությամբ: Նրանք կարծել են, որ իրենց ընտրությունը նախորդել է գույնի ընտրությանը, բայց իրականում այն արվել է արդեն այն բանից հետո, երբ շրջանակը փոխել է գույնը: