Տնտեսություն 

Արցախում պետք է սկսենք արևային էներգետիկայի դասավանդումը. Արայիկ Հարությունյան

analitik.am

Արցախի Հանրապետության վարչապետ, «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 1-ին մասնակցել է կառույցի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստին:
«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանի» տնօրեն Վասպուրակ Կարապետյանը հանդես է եկել ամփոփիչ հաշվետվությամբ: Նա, մասնավորապես, ներկայացրել է ուսումնարանի մասնագիտությունների, ունեցած հնարավորությունների և աշկերտների ուսումնառության ու կեցության պայմանների մասին: Վ. Կարապետյանի ներկայացմամբ՝ ուսումնարանի ավելի քան ութ տասնյակ աշկերտներն ունեն անվճար կեցության, սննդի ու մասնագիտական բարձր գիտելիքներ ստանալու համար ստեղծված բոլոր պայմանները: Գործնական պարապմունքների ընթացքում նրանք հնարավորություն են ունենում աշխատել շինհարթակներում և դրա դիմաց աշխատավարձ ստանալ: Տնօրենի խոսքով՝ ուսումնարանում ստեղծված նոր մասնագիտությունների թվում է նաև արևային էներգետիկան, որը նոր հնարավորություն է այդ ոլորտի մասնագետների պատրաստման համար:
Ա. Հարությունյանը բավարար է գնահատել կատարված աշխատանքները և նշել, որ արհեստագործական ուսումնարանի ունեցած ներուժը պետք է առավելագույնս օգտագործել: Վարչապետի խոսքով՝ պետական և բարեգործական միջոցներով բարձրակարգ պայմաններ են ապահովվել կրթօջախում, որտեղ կիրառական կրթությունն ու կեցությունը երաշխավորված են աշկերտների համար:
«Այն ուսումնամեթոդական բազան, ունեցած հնարավորություններն ու պայմանները, որոնք առկա են «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանում», իրենց տեսակով եզակի են ամբողջ տարածաշրջանում: Կարծում եմ՝ արդեն մոտ ապագայում այս կրթօջախի շնորհիվ Արցախի աշխատաշուկայում լուծվելու է բարձրակարգ արհեստավորների ու շինարարների պահանջարկի խնդիրը: Ավելին՝ ուսումնարանի կողմից կիրառվող նորարարական մեթոդները հաստատապես նոր որակ են բերելու տվյալ բնագավառներում: Ինչ վերաբերում է արևային էներգետիկային, ապա Արցախում պետք է սկսենք այդ մասնագիտության դասավանդումը: Համոզված եմ, որ այս նոր ոլորտը մեծ ներուժ ունի մեր հանրապետությունում, և կառավարությունը պատրաստվում է զարգացման համապատասխան ծրագրեր իրագործել առաջիկա տարիներին, որոնցում ուսումնարանն իր նշանակալի դերն է ունենալու»,- ասել է վարչապետը:

Նույն շարքից