Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Բանակի շուրջ հերթական գրանտային «մուտիլովկա»-ն հերքվեց

analitik.am

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության ՊԲ զորամասերից մեկից «Մուրացան»-ի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանը: Միջադեպի մասին հաղորդում տալուն պես դեպքի քննությամբ սկսեցին զբաղվել ոչ միայն իրավապահ մարմինները, այլ նաև այդ ոլորտում գործունեություն ծավալելու համար գրանտ ստացած իրավապաշտպանները և նրանց կից լրագրողները: Թեպետ, գործի հիմնական բեռն ընկնում է իրավապաշտպանների վրա, լրագրողները կուրորեն արտատպում են իրենց մատակարարվող խիստ կասկածելի տեղեկությունները:

Մեր նախորդ հոդվածներից մեկում, ամփոփելով բանակի հետ կապված վերջերս հաճախակի արծարծվող թեմաները, անդրադարձել էինք նաև այս միջադեպին: Մինչ լրագրողներն ու իրավապաշտպանները փորձում էին կողմնորոշվել, թե ինչպես մատուցել զինվորի՝ պատուհանից ընկելու միջադեպը՝ ինքն է իրեն դուրս նետել, թե գցել են կամ ծեծելուց հետո բերել են պատուհանի տակ, մենք ուշադրություն դարձրեցինք այն փաստին, որ դեպքի դրդապատճառը նշելիս հրամանատարական կազմի մի ներկայացուցիչ ասաց՝ այն մի «անպատմելի պատմության» արդյունք է: Այսինքն՝ ակնարկում էր, որ ինչ-որ անպատմելի պատմության արդյունքում է զինվորն ինքնախեղման փորձ կատարել:

Այս և մի քանի այլ թեմաների շուրջ արհեստական մեդիա աղմուկն առավելագույնին հասցնելու համար մեդիաշուկայի որոշ մատակարարներ ասուլիս հրավիրեցին. Սորոսածին ՀԿ-ների՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ և «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձոր»-ի գրասենյակի ղեկավարներ Ժաննա Ալեքսանյանը և Արթուր Սաքունցը լրագրողներին հրավիրել էին քննարկելու 2017-ին «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց» թեման: 2017-ի ամփոփմանը նվիրված ասուլիսի մեծ մասը, չգիտես ինչու, նվիրված էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, իսկ մնացած հատվածում Սաքունցը փորձում էր բացատրել, թե ինչու պեռք չէ միջադեպերի կրճատման վիճակագրությունը հաշվի առնել: Բովանդակային առումով հնչեցված կարծիքները հիմք ծառայեցին միայն ադրբեջանական կայքերի համար, որոնք համապատասխան հղումներով և մեջբերումներով գործի անցան:

Ուշագրավ էր ասուլիսի վերջում լրագրողի հնչեցրած հարցին Ժաննա Ալեքսանյանի պատասխանը: Երբ լրագրողը նրան հարցրեց՝ արդյո՞ք իրավապաշտպանները շփվել են հունվարի 20-ին ինքնախեղման փորձ կատարած Էռնեստ Հովհաննիսյանի հետ, տիկին Ալեքսանյանը պատասխանեց, որ զինվորն ի վիճակի չէ շփվել, որ ՊՆ-ն փորձում է կոծկել դեպքը և կեղծ լուրեր տարածել, մինչդեռ, զինվորը ոչ միայն ունակ էր շփվել, այլ նաև ցուցմունք է տվել քննիչներին, որը մանրամասն ներկայացրել է Times.am-ը: Խնդիրն այն է, որ զինվորի և սպաների տված ցուցմունքները հերքում են իրավապաշտպանների բոլոր հայտարարություններն ու ենթադրությունները: Սա է պատճառը, որ Ժաննա Ալեքսանյանը նախըտրեց մտածել ու հարցի տակից դուրս գալ՝ պատասխանելով, որ զինվորն ի վիճակի չէ շփվել:

Հատկանշական է, որ այս անփույթ հայտարարությունն առանց ստուգելու տարածել են մի քանի խոշոր լրատվամիջոցներ՝ Առավոտ, 1-in.am և A1+: Խնդիրն այն է, որ ինչքան էլ ԶԼՄ-ն մարդու հնչեցրած հայտարարությունը կամ կարծիքը ճշտելու ֆունկցիա չունի, եթե խոսքը վերաբերում է հասարակության և պետության համար կարևորություն ունեցող հարցերին՝ մասնավորապես անվտանգության և պաշտպանության ոլորտին, այն պետք է գոնե փորձի իրականությունը պարզել և երկկողմանի կարծիք ներկայացնել, այլապես ստացվում է, որ զբաղվում է կեղծ լուրերի տարածման միջոցով հասարակական սկանդալի հրահրմամբ, այլ ոչ թե լրատվական գործունեությամբ:
Հետաքրքիր է` պետպաշտոնյաների հանդեպ երանելի պահանջատիրական ստանդարտներ ունեցող մեր չորրորդ իշխանության ներկայացուցիչները պատրա՞ստ են օրինակ ծառայել և սխալներն ընդունել գոնե ներկայացնելով իրականությունը:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից