Ամենաընթերցվածներ Գլխավոր Վերլուծական Քաղաքականություն 

Հայկական բանակի դեմ երկրորդ ճակատի բացման փորձերն ակտիվանում են

analitik.am

Ամերիկյան Carnegie և Eurasian Partnership հիմնադրամների կողմից ֆինանսավորվող «Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոն»-ի հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայաստանյան միակ պետական հաստատությունն է, որի վարկանիշը համառորեն աճում է: Այս գերատեսչությանը լիովին վստահող քաղաքացիների թիվը 2013-ի համեմատ 2017-ին գրեթե կրկնապատկվել է: Այս վստահության աճն անընդունելի է մեր հակառակորդի համար, մանավանդ քառօրյա պատերազմից հետո մեր կրած կորուստներից ու մեդիա մանիպուլյացիաներից հետո, երբ դաշտ ներմուծվեցին մոնտաժված տեսանյութեր ՝ իբր մեր լքված ու դավաճանված զինվորների մասին:

Հարցման հրապարակման հետ զուգահեռ հայկական մեդիա դաշտում աննախադեպ գրոհ սկսվեց ՊՆ-ի և ՊԲ-ի դեմ. Հաշված օրերի ընթացքում հայտնվեցին հոդվածներ այն մասին, որ պետությունը չի կարողանում բուժել զինվորին, մուրացկանությամբ է զբաղվում, բանակում ծառայել չցանկացող զինվորին ծեծում են, ժամկետային զինծառայողը մեկ շաբաթից ավել չդիմանալով բանակում ինքնախեղման փորձ է կատարոել, հաշմանդամ տղային բանակ են տանում՝ չնայած նրա մեկ ոտքը մյուսից կարճ է 2,5 սանտիմետրով և այլն։ Հետագայում այդ լուրերը ոչ միայն հերքվեցին, այլ պարզվեց, որ դրանց հերոսները բավականին խնդրահարույց կենսագրություններ ունեն, ինչը միջազգային դոնորներից ֆինանսավորվող կառույցները չէին լուսաբանում:

Զինվորի բուժման համար հայտարարված դրամահավաքից հետո պարզվեց, որ այդ բուժումը կարելի էր կազմակերպել Հայաստանում, իսկ այդ դեպքում, ըստ օրենքի, պետությունը չէր կարող ֆինանսավորել արտերկրում բուժման ծախսերը: Սակայն տղայի ծնողի պահանջին ընդառաջելով, Պնախարարը անձամբ սկսեց զբաղվել դրամահավաքով: Քննադատներին այս մանրամասներն առանձնապես չէին հետաքրքրում, սակայն «բոշայություն» անելու մեղադրանքին Վիգեն Սարգսյանի «բոշան դու ես» արտահայտությամբ պատասխանի համար մի օգտատեր սպառնաց նույնիսկ էթիկայի հանձնաժողով է սպառնում դիմել։ Ամերիկյան USAID-ի ու նույն Eurasian Partnership-ի կողմից ֆինանսավորվող forrights.am իրավական-լրատվական կայքն այս միջադեպի հետ կապված քրեական գործից նենգափոխված փաստեր սկսեց ներկայացնել: Նշվեց, որ կասկածյալ սպան շարունակում է ծառայել և համարվում է անբասիր զինվոր, սակայն չնշվեց, որ սպան օրենքով սահմանված կարգով ծառայում է կարգապահական գումարտակում, իսկ անբասիր է նա համարվել մինչև դեպքի արձանագրվելը: Այս դեպքին մանրամասն անդրադարձել ենք այս հոդվածում:

Սրան հաջորդեց էլ ավելի նենգափոխված տարբերակ: Իր ծառայության վայրը բազմիցս լքած և ռազմական ոստիկանության կողմից բերման ենթարկված զինվորը նույն կայքին հարցազրույց տվեց, որտեղ տեսախցիկի առջև պատմեց, որ իրեն պարբերաբար ծեծել են ծառայել չցանկանալու համար, լուրջ առողջական խնդիրներ ունի՝ երիկամներում քարեր ունի։ Զինվորը, սակայն, չպատմեց այն մասին, որ անցնում է մի քանի քրեական գործով և մի քանի ամիս առաջ՝ կամավոր պայմանագրային ծառայութան ընդունվելիս, երիկամների հետ խնդիր չուներ: Հարցազրուցավար Սյուզան Սիմոնյանը չփորձեց անգամ ճշտել լուրերն այն մասին, որ տվյալ ծառայողը բազմաթիվ ծառայակիցներից «խոպան» գնալու համար պարտքով գումար է վերցրել, բայց գնացել է Երևան և հրաժարվել է վերադարձնել փողերը։ Ի դեպ, զինվորի վրա չեն հայտնաբերվել ծեծի հետքեր, իսկ պայմանագիրն էլ խզվել է հարցազրույցից առաջ: Սա forright.am-ը բացատրեց հետին թվով գործը կոծկել փորձելով։
Նույնիսկ դասալիքի հերքված պատմությունը չսթափեցրեց պայքարողներին. Հաջորդ դեպքը լուսաբանելիս նրանք գերազանցեցին իրենց և հաջողացրեցին նյութը տարածել առաջատար ԶԼՄ-ներով: Խոսքն ինքնախեղման փորձի մասին հոդվածին է վերաբերում։ Ամբողջ լրատվական դաշտը միմյանցից արտատպելով ընթերցողներին հայտնեց, որ «կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է» և կան «միջադեպը կոծկելու միտումներ»: Թե ի՞նչ «անպատմելի միջադեպի» մասին է խոսքը կամ ո՞վ և ի՞նչ է փորձում կոծկել իրենց լրագրող կոչողները չփորձեցին էլ ճշտել: Նրանց պետք չէր իմանալ, թե ո՞րն է պատճառը, որ հրամանատարներից մեկը ստիպված էր նորակոչիկին երկու պահակ կցել, որոնց քնելուց հետո նորակոչիկը, միևնույն է , հաջողացրել և դուրս է նետվել պատուհանից: Նրանց պետք չէր ճշտել, թե ոչ վաղ անցյալում՝ քաղաքացիական կյանքում, այդ նորակոչիկի մասնակցությամբ ի՞նչ դեպք է տեղի ունեցել, ինչը ստիպել է նրան մահվան մեջ փրկություն փնտրել: Նրանք չեն փորձել գոնե ծառայակիցների հետ մասնավոր զրույցում ճշտել, թե ի՞նչն է պատճառը, որ նորակոչիկն իր համար ապագա չէր տեսնում: Ոչ մեկի մտքով չի անցել ճշտել, թե ի՞նչ է նշանակում «անպատմելի դեպք»: Կարևորը՝ շահարկելու թեմա կա, ճշտել պետք չի, քանի որ գուցե պարզվի, որ բանակը մեղք չունի, իսկ դա անթույլատրելի է:

Նմանատիպ մի դրվագ էլ արձանագրվեց, երբ մի խումբ ուսանողներ պնդեցին, թե հանուն գիտության զարգացման անհրաժեշտ է տարկետում տրամադրել ասպիրանտներին: Այստեղ հետաքրքիրն այն է, որ նույնիսկ երկու անգամ հացադուլ հայտարարած պայքարող ուսանողները բավականին լոյալ վերաբերմունք ունեին գիտության ֆինանսավորման կրճատման հարցի վերաբերյալ, երևի կարծելով, թե դա գիտության զարգացման համար գերակա հարց չէ։

Արձանագրելով հայկական պետությունների զինված ուժերի դեմ երկրորդ ճակատ բացելու ջանքերը՝ անհրաժեշտ է նաև նշել, որ այս միջադեպերը հանրային հնչեղություն են ձեռք բերում գրեթե միշտ բանակի սպայական անձնակազմի պսևդո հումանիստական, երբեմն էլ գավառական կեղծ բարեպաշտության պատճառով։ Եթե պաշտպանության նախարարը դրամահավաքը տարածելու փոխարեն նշեր, որ պետությունը չի ֆինանսավորում, քանի որ հնարավոր է բուժումը Հայաստանում անցկացնել, չէր լինի այդ դեպքի հետ կապված աղմուկը: Եթե սպաները պարբերաբար բերման ենթարկելու փոխարեն միանգամից «բռնել տային» դասալիք պայմանագրային ծառայողին, ապա նա չէր հասցնի գնալ Երևան և պարտքերը չվերադարձնելու փորձեր ձեռնարկեր: Եթե քննիչները ժամանակին չմտածեին խայտառակ լինող ընտանիքների և անմեղ աղջկա ճակատագրի վրա «քար գցելու» մասին, այլ իրենց գործն անեին, հնարավոր է՝ վիճակագրությունը ևս մեկ միջադեպով պակասեր։ Պատկերացրեք իրավիճակի աբսուրդը՝ սպան իրավապահներին դիմելու փոխարեն որոշել է պահակ կանգնեցնել նորակոչիկի մոտ, որ ծառայակիցները նրան չվնասեն, ծառայակիցներին չվնասելու հրաման էլ չի կարողացել տալ, քանի որ բարոյապես... ինչևէ, չի կարողացել: Այս կեղծ մարդասիրությունը կարող է պետություն արժենալ մեզ համար։

Քանի դեռ այս անփույթ, երբեմն էլ հանցավոր պասիվության նախադեպերը չեն սաստվել, բոլոր շահագրգիռ խմբերը բանակին հարվածելու բավականին թիրախներ կունենան: Ցավոք, որոշ օրակարգային միասնական կետերի շուրջ համաձայնության հասած տարատեսակ խմբերն էլ հարվածելու ռեսուրսի պակաս չունեն ո՛չ երկրից դուրս, ո՛չ էլ երկրի ներսում՝ նույնիսկ իշխանության վերին օղակներում:

Հեղինակ՝ Արթուր Դանիելյան

Նույն շարքից