Տնտեսություն 

Տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաև բուսական յուղ

analitik.am

Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Մոսկվայում կայացող ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին:

Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ելույթով՝  անդրադառնալով մի շարք սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտմանը, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասություններին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, Արտակ Շաբոյանը խոսել է այն մասին, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված է, որ կաթնամթերքի բաղադրության մեջ կարող են օգտագործվել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական յուղեր, սակայն դրանք պետք է տարանջատվեն անվանումներով: Օրինակ, բացառապես կենդանական ծագման արտադրանքը պետք է կոչվի կաթնաշոռ, իսկ բուսական յուղերի խառնուրդով պատրաստվածը՝ կաթնաշոռային արտադրանք, կամ նույն կերպ պետք է տարանջատվեն պանիրը և պանրային արտադրանքը, թթվասերը և թթվասերային արտադրանքը և այլն: Սակայն, ըստ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարի, ուսումնասիրությունները փաստում են, որ  այդ անվանումները միմյանց խիստ նման են և սպառողների մոտ առաջացնում են շփոթություն. «Պետք է այս հարցում լինի հստակ տարանջատում, որպեսզի սպառողը իմանա, վճարում է բուսական, թե կենդանական յուղով պատրաստված սննդամթերքի համար»: Ա. Շաբոյանը առաջարկել է, որ անվանումները լինեն խիստ տարբերակված ինչպես օրինակ կարագի պարագայում է՝ կարագ, մարգարին, սփրեդ և այլն:

Սակայն, կարագի մասով էլ գոյություն ունի մեկ այլ խնդիր: Ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի, կարագը պետք է պատրաստված լինի բացառապես կենդանական ծագման յուղից: Սակայն, ՏՄՊՊՀ-ը պարզել է, որ վերջերս տեղական շուկայում հայտնվել է կարագ անվանումով արտադրանք, որի բաղադրության մեջ առկա է նաև բուսական յուղ: Քանի որ այն ռուսական ծագման է, ապա Հանձնաժողովը դիմել է ՌԴ համապատասխան մարմիններին և ստացել  պատասխան, որտեղ  նշված է, որ բուսական յուղով պատրաստված կարագը հանդիսանում է դիետիկ արտադրանք: Ըստ ՀՀ Մրցակցային մարմնի, այստեղ առկա է ակնհայտ հակասություն. Մի կողմից  Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում նշված է, որ կարագ կարող է կոչվել բացառապես կենդանական ծագման սննդամթերքը, մյուս կողմից էլ «Роспотребнадзор»-ը հավաստում է, որ կարագը կարող է լինել նաև  բուսական ծագման և կոչվել դիետիկ սննդամթերք:  Ա. Շաբոյանը գործընկերներին առաջարկել է այս մասով փոփոխել տեխնիկական կանոնակարգը՝ հստակ նշելով, թե որոնք են դիետիկ նշանակությամբ ապրանքներին ներկայացվող պահանջները: « Մենք նման արտադրատեսակը հայտնաբերել ենք Հայաստանում, սակայն պարզել ենք, որ օրենսդրական բացի հետևանքով առաջացած այս խնդիրը առկա է նաև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»: ՏՄՊՊՀ նախագահի առաջարկը հավանության է արժանացել գործընկեր կառույցների ղեկավարների կողմից, ովքեր պատրաստակամություն են հայտնել առաջիկայում միջոցներ ձեռնարկել՝ խնդրի կարգավորման ուղղությամբ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն խնդրին, որ գործարարները հաճախ ճիշտ չեն մեկնաբանում մրցակցության պաշտպանության մասին ԵԱՏՄ օրենսդրությունը, ինչպես նաև պատրաստ չեն պաշտպանելու իրենց շահերը: ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մարատ Կուսաինովը նշել է, որ, ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցային միջավայրի պահպանման և ամրապնդման նպատակով ԵՏՀ-ն հանդես է գալիս գործարար միջավայրին կրթելու նախաձեռնությամբ՝ պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը, որոնք կարող են ոտնահարվել շուկաների առանձին մասնակիցների  գործունեության հետևանքով: Նշվել է  նաև, որ ԵԱՏՄ գործող օերենսդրությունը մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման մասով ներկայումս բնութագրվում է որպես չափազանց «խիստ», քանի որ պատասխանատվության միակ միջոց է հանդիսանում տուգանքը, բացակայում են նախազգուշական բնույթի միջոցները, ինչը   թույլ կտար իջեցնել վարչական բեռը գործարար շրջանակների վրա՝ մրցակցությունը վերականգնելու և դրա սահմանափակման հետևանքները վերացնելու նպատակով:   Խորհրդակցության մասնակիցները հավանություն տվեցին ԵԱՏՄ օրենքում նախազգուշացման ինստիտուտի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման պրոֆիլակտիկայի ներդրման վերաբերյալ ԵՏՀ նախաձեռնությանը:

Նույն շարքից