Գլխավոր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Քաղաքական համակարգի փնտրտուքներում.Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը

analitik.am

2008 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնն ամենևին էլ ոչ վարդագույն իրականության մեջ: Այս առումով Սարգսյանը չափազանց ծանր ժառանգություն էր ստացել, անգամ ավելի ծանր, քան Տեր-Պետրոսյանը կամ Քոչարյանը: Տեր-Պետրոյանը 1991 թվականին նախագահ դարձավ համընդհանուր ոգևորության և էյֆորիայի ալիքի գագաթնակետի ժամանակ: 1998 թվականին Քոչարյանը նախագահ դարձավ ՀՀՇ-ական իշխանություններից զզված, սակայն, այնուամենայնիվ, որոշակի վերափոխումների հույսեր և սպասումներ ունեցող հասարակական տրամադրությունների առկայության պարմաններում: Սարգսյանի իրավիճակն այլ էր: Տեղի էր ունեցել մարտի 1-ը, տասնյակ զոհեր, արտակարգ դրություն, զինվորական ստորաբաժանումներ մայրաքաղաքում: Այս օրերի մասին, թերևս, շատ երկար կարելի է գրել: Միևնույն ժամանակ, խորանում էր համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը, բնականաբար, չէր շրջանցում Հայաստանը: Ներկայումս դժվար է ասել, թե անձամբ Սարգսյանն ինչ դերակատարություն է ունեցել մարտի 1-ի և հետագա իրադարձություններում, սակայն, ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն ուղղակի ժառանգել էր նաև մարտի մեկի բեռը:

Բացի այս, Սարգսյանին բաժին էր հասել քարուքանդ եղած քաղաքական համակարգ, որտեղ չկար ոչ ծանրության կենտրոն, ոչ առանցք և ոչ էլ հստակ տեսլական: Նման պայմաններում Սարգսյանը սկսեց սեփական համակարգի ստեղծումը: Հրապարակային քաղաքականությունից և ընդհանրապես հրապարակային գործունեությունից խուսափող, կուլիսային մանևրների ու գործելակերպի վարպետ Սարգսյանը լավագույնս տեսնում էր լարվածությունը և՛ հասարակական, և՛ քաղաքական իրականության մեջ: Այս լարվածության թուլացման առաջին քայլերից մեկը Տիգրան Սարգսյանի նշանակումն էր վարչապետի պաշտոնում: Տիգրան Սարգսյանը, այսպես կոչված, ինտելիգենտ խմբի գործիչ էր, որը գալիս էր հակադրվելու «կռված տղերքի» ու «բռունցքը սեղանին խփող» գործիչների տեսակին:

Միևնույն ժամանակ, Սարգսյանը որոշակիորեն լուծեց խոսքի ու մամուլի ազատության հարցը, որը չափազանց սուր էր դրված նախորդող ժամանակաշրջանում: Սակայն, այս խնդիրը լուծեց սեփական ձևով: Թերթեր փակելու ու լրագրողներ ծեծելու փոխարեն իշխանության տարբեր օղակների հովանավորությամբ լրատվական ու թափ հավաքող սոցցանցային դաշտերում սնկի նման բազմացան էլեկտրոնային լրատվական ու ոչ այնքան լրատվական կայքերը, բլոգներն ու բլոգերները: Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ մեկ, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցին բաժին էր հասնում տասնյակ ու ավելի լոյալ լրատվամիջոց:
Այս քայլերով Սարգսյանն ապահովեց իր հետագա գործունեության քարոզչական թիկունքը: Հաջորդիվ Սարգսյանն սկսեց «ազատվել» քոչարյանական կադրերից: Թերևս, մեկ այլ առիթով առավել մանրամասն կանդրադառնանք, թե ինչ հաջորդականությամբ էր իրականացվում ապագա քաղաքական համակարգի քոչարյանազերծումը, այժմ միայն փաստենք, որ Սարգսյանը մինչ 2011 թվականը կարողացավ կայուն դիրք ստանալ և իր ձեռքում կենտրոնացնել փաստացի իշխանությունը: Սարգսյանի իշխանությունը, սակայն, բովանդակային տարբերվում էր Քոչարյանի իշխանությունից: Անշուշտ, ներկայումս էլ բազմաթիվ են տեսակետներն առ այն, որ Սարգսյանը Քոչարյանի գծի ուղղակի շարունակողն է, սակայն, թերևս առավել սթափ հայացքն այլ բան է վկայում:

Սերժ Սարգսյանն իր գործելաոճին հատուկ մանևրներով, երբեմն կոմպրոմատներով, երբեմն վարչական լծակներով, երբեմն էլ պարզապես անհասկանալի քայլերով ստեղծեց իր անձով պայմանավորված քաղաքական համակարգ, որը արտաքուստ նմանվում էր կուսակցական իշխանության: Պարզ է, որ այդպես չի լինում, քանի որ փաստացի իշխանության կուսակցություն Հանրապետականը չափազանց բազմաշերտ միավորում էր, որտեղ գտնվող անհատներն ու խմբերը մշտական ակնհայտ կամ թաքնված հակասություններ ունեին միմյանց հետ: Հենց այս առկա, իսկ երբեմն էլ հենց իր կողմից ստեղծված հակասություններն էլ դարձան Սարգսյանի անվերապահ լիդերության առաջնային երաշխիքը:

Մյուս կողմից՝ իշխանության ընդդիմադիր ճակատում, որոշ դեպքերում Սարգսյանի անուղղակի միջամտությամբ, իսկ երբեմն էլ իրերի սովորական ընթացքով պայմանավորված, տեղի ունեցավ ընդդիմության կազմաքանդում: Ըստ էության, 2008-ի նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորված շատ, թե քիչ ամբողջական ընդդիմությունից ընդամենը երկու տարվա ընթացքում մնացին բեկորներ: Այս բեկորներն այդպես էլ չկարողացան ո՛չ ռեալ քաղաքական գործոն դառնալ, ո՛չ էլ հրաժարվել պոպուլիստական մարտավարությունից: Պոպուլիզմը, սակայն, կուլիսային ու պալատական ինտրիգների վարպետ Սարգսյանի համար սպառնալիք չէր կարող լինել, բացի այդ, Սարգսյանը կամ իշխանության տարբեր օղակները հարկադրված չէին պայքարել այս երևույթի դեմ այն պարզ պատճառով, որ այդ գործառույթն իրականացնում էին տասնյակ լրատվական կայքերն ու առանձին բլոգերները:
Սակայն, վերադառնանք սարգսյանական համակարգին:

Անշուշտ, Սարգսյանը չէր կարող մեկ հարվածով ազատվել քոչարյանական շրջանում ձևավորված բդեշխներից, որոնց վրա հենված էր կենտրոնական իշխանությունը, ի դեպ, այստեղ Սարգսյանի անձը կամ ցանկությունը էական չէր, քանի որ քաղաքական գործընթացներում իրողություններն ունեն իրենց տրամաբանական ընթացքը, որը, որպես կանոն, հնարավոր չէ կտրուկ փոփոխությունների ենթարկել: Սարգսյանը քաղաքական համակարգի հիմքում գոնե արտաքուստ դրեց կուսակցականությունը, իսկ երբեմն էլ քաղաքական կոնսոլիդացիան: Այս մասին է վկայում Սարգսյանի և Դաշնակցության, կարելի է ասել, ջերմ հարաբերակցությունը: Ինչ խոսք, քոչարյանական շրջանում նույնպես Դաշնակցությունը կոալիցիոն կառավարության մաս էր, բայց Սերժ Սարգսյանի պարագայում իրավիճակն այլ էր: Ըստ էության, որոշ դեպքերում Դաշնակցությունը մինչ օրս էլ շատ ավելի հավատարիմ է մնում Սարգսյանի հետ պայմանավորվածություններին, քան նույնիսկ Հանրապետականի որոշակի օղակներ:

Նման գործելաոճի արդյունքում Սարգսյանը կարողացավ նաև ունենալ պահուստային տարբերակի օգտագործման հնարավորություն: Անշուշտ, այստեղ էլ կարող է կարծիք հնչել, թե Դաշնակցությունը երկակի ընկալում և ցածր վարկանիշ ունեցող կուսակցություն է, սակայն, այս հարցի շուրջ կարող ենք ենթադրել, որ, այնուամենայնիվ, Դաշնակցությունը պոտենցիալ ունեցող ուժ է և, թերևս, միակ ավարտուն տեսքով քաղաքական կուսակցությունը:

Այս, կարելի է ասել, համալիր գործողությունների արդյունքում 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի շատ թե քիչ ռեալ մրցակիցը դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Թե ինչ եղավ 2013 թվականին, թողնենք ընթերցողի կարծիքին՝ նշելով միայն, որ 2013-ի իրադարձությունները դուրս էին և՛ քաղաքականության, և՛ սթափ տրամաբանության տիրույթից:

Սարգսյանի ստեղծած քաղաքական համակարգում իշխանության և անգամ ընդդիմության բոլոր օղակներից ձգվող թելերի վերջնակետը դարձավ հենց Սարգսյանը: Այստեղ, թերևս, պետք է նշել, որ սկսվում է այս համակարգի թուլությունը, ընդ որում, բավական վտանգավոր թուլությունը: Խնդիրն այն է, որ ասպարեզից հեռացնելով բոլոր հնարավոր մրցակիցներին, Սարգսյանը ստացավ հեշտորեն խաղարկվող իշխանության թևեր և՛ քաղաքական համակարգում, և՛ կուսակցության ներսում: Նման իրավիճակը լուրջ վտանգ կարող է դառնալ ընդհանարապես Հայաստանի քաղաքական համակարգի հետագա զարգացման համար, քանի որ, այնուամենայնիվ, այն մնում է անձնակենտրոն:

Սարգսյանական համակարգի վտանգների, թուլության և բացերի մասին հաջորդիվ:

Մաս 1

Մաս 2

Շարունակելի

Աղասի Մարգարյան

Նույն շարքից