Հասարակություն 

Այսօր երեխաների միջազգային օրն է

analitik.am

Նոյեմբերի 20-ին նշվում է Երեխաների համաշխարհային օրը: Տոնը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1954 թվականին՝ որպես համաշխարհային եղբայրության և երեխաների փոխըմբռնման օր և նվիրված է ողջ աշխարհում երեխաների բարեկեցության ապահովմանը ուղղված գործունեությանը (բանաձև 836, IX):Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Նոյեմբերի 20-ը նշանավորում է այն օրը, երբ ասամբլեան 1959-ին ընդունեց Երեխայի իրավունքների մասին հռչակագիրը, իսկ 1989-ին՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան:

Երեխաներն ու դեռահասները ցանկացած հասարակության ամենախոցելի անդամներն են: Ժամանակակից աշխարհում նրանց շահերն ու իրավունքները ինչպես աղքատ, այնպես էլ զարգացած երկրներում հաճախ խախտվում են: Կյանքի բավարար պայմաններ չապահովելը երեխաների իրավունքների ամենատարածված խախտումներից է:

Համաձայն մանկական մահացության մակարդակի գնահատման ՄԱԿ-ի միջգերատեսչական խմբի տվյալների՝ 2012-ին աշխարհում մինչև 5 տարեկան շուրջ 6.6 միլիոն երեխա է մահացել: 17 %-ը մահացել է թոքաբորբից, 15%-ը՝ վաղաժամ ծննդաբերությունից հետո բարդացումների հետևանքով, 9 %-ը՝ փորլուծությունից, 7 %-ը՝ մալարիայից: Մահացության դեպքերի 45 %-ի պատճառը եղել է թերսնումը:

Մանկական մահացության ամենաբարձր մակարդակը պահպանվում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, և Հարավային Ասիայի երկրներում: Խոսքը, մասնավորապես, Նիգերիայի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի, Պակիստանի և Չինաստանի մասին է:

Կյանքի անհամապատասխան պայմանների պատճառով մինչև 5 տարեկան ավելի քան 200 միլիոն երեխաներ զարգացող երկրներում չեն կարողանում ամբողջովին բացահայտել իրենց ներուժը:

Ամեն տարի ավելի քան 120 հազար երեխա ենթարկվում է բռնության, այդ թվում՝ սեփական ընտանիքներում:

2013 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը կազմել են թոքաբորբի և փորլուծության դեմ պայքարի գործողությունների նոր, գլոբալ ծրագիր, որը կոչված է մինչ 2025 թվականը վերացնել այդ երկու հիմնական պատճառներից երեխաների մահացության՝ կանխարգելման ենթակա դեպքերը:

Նույն շարքից