Առողջապահություն 

Տեսակը՝ տեսակի համար. կամավոր արյան դոնորություն

analitik.am

Կամավոր արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք: Ըստ Առողջապահության համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ)` առավել անվտանգ արյունը հավաքագրվում է անհատույց կամավոր դոնորներից: Արյան դոնորության սկզբունքը ինչպես դոնորին, այնպես էլ հիվանդին վնաս չհասցնելն է: 2005թ. Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է Արյան դոնորի համաշխարհային օր:

Արյուն առաջին անգամ փոխներարկվել է մարդուց մարդուն 1819թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանք:

Հայաստանում տարեցտարի ավելանում է հավաքագրվող արյան քանակը: Այսպես, եթե 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, ապա 2010թ. կատարվել է մոտ 15 000 արյունատվություն: Սակայն մենք ունենք հավաքագրվող արյան քանակի ավելացման խնդիր: Ըստ ՀԱԿ-ի երաշխավորագրերի` արյան բաղադրամասերով և պատրաստուկներով երկրի պահանջարկն ապահովելու համար Հայաստանում, ելնելով բնակչության քանակից, անհրաժեշտ է իրականացնել 60000 արյունատվություն:

Արյան տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր: Շատ հաճախ տվյալ հիվանդների հարազատները ի վիճակի չեն լինում արյուն հանձնել, սակայն դա չի նշանակում, որ այս հիվանդները չեն ստանում անհրաժեշտ բուժօգնություն: Նման դեպքերում նրանց փոխներարկվում են կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան բաղադրամասերը:

Հայաստանում ներկայումս արյան դոնորների կազմում գերակշռում են կադրային դոնորները` 43.8%, մինչդեռ առավել անվտանգ խումբ են կազմում անվարձահատույց կամավոր դոնորները, որոնք Հայաստանում կազմում են 3.4 %: Այս խնդրի լուծումն անհատույց կամավոր դոնորության քարոզչությունն է հասարակության լայն շրջաններում, հատկապես երիտասարդության մեջ: Արյուն ունենալու համար անհրաժեշտ է, որ բոլորս գիտակցենք` միայն մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի մեր հասարակության մեջ հնարավորինս վաղ հասակից: Պետք է ձգտենք, որ Հայաստանում, ինչպես զարգացած երկրներում, արյան դոնորությունը լինի կամավոր և անհատույց:

Ներկայումս «Նաիրի Աշխարհ» Բարեգործական ՀԿ-ի կողմից իրականացվում է «Դարձի՛ր հերոս, նվիրի՛ր արյուն» ծրագիրը, որը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկումը արյան դոնորության վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են մարզային հանդիպումներ՝ Գյումրի, Վանաձոր և Գորիս քաղաքներում, ինչպես նաև Երևանյան հանդիպումներ: Հանդիպումները կրել են տեղեկատվական բնույթ՝ նպատակ ունենալով երիտասարդության շրջանում բարձրացնել արյան դոնորության վերաբերյալ իրազեկվածությունը: Հանդիպումների ընթացքում խոսվել է արյան դոնորության վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում արյան դոնորների թվի պակասի հետ կապված խնդիրները: Նմանատիպ հանդիպումներ առաջիկայում կիրականացվեն Երևանում և Արմավիրում: Ծրագիրը իրականացվում է Counterpart International Armenia-ի  և USAID-ի կամավորության զարգացման ծրագրերի շրջանակներում:

Նույն շարքից