Առողջապահություն Իրավական 

Բժշկական սխալի կարգավորման օրենսդրական բացը

analitik.am

Բժշկությունը բարդ գիտություն է, որը պահանջում է յուրահատուկ գիտելիքներ, հմտություններ և մարդկային հատկանիշներ: Սակայն բժշկությունը մաթեմատիկա չի, և բժիշկներն էլ կարող են սխալվել:


«Բժշկական սխալը» մասնագիտական գործունեության սխալն է`  ներառյալ անփութությունը, անզգուշությունը, սխալ ախտորոշումը և բուժումը, գործունեության անընդունակությունը, պրակտիկայի բացակայությունը:

Միջազգային գիտաբժշկական պրակտիկայում տարբերում են նաև «медицинская ошибка»  և «врачебная ошибка»  հասկացությունները, մինչդեռ մեր երկրում նման տարանջատում չկա:

Համաշխարհային պրակտիկայում միատեսակ մոտեցում գոյություն չունի բժշկական սխալի կարգավորման առումով: Երկրների մի մասում (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) գործում է բժշկի մասնագիտական սխալի ապահովագրության համակարգը, որը ենթադրում է փոխհատուցում  տուժածին:

Զարգացած երկրների մեծ մասը` Շվեդիա, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, կիրառում են բժշկական սխալի կարգավորման համակարգային մոդելը, որի դեպքում մեղքը միայն բժշկի վրա բարդելու փոխարեն վեր են հանվում բոլոր պատճառները, վերլուծվում բոլոր գործոնները՝ հետագայում նման սխալները բացառելու համար: Չէ որ շատ հաճախ սխալը պայմանավորված է անհրաժեշտ բժշկական սարքավորումների կամ դեղամիջոցների  բացակայությամբ, ոչ պատշաճ աշխատանքային պայմաններով, որն արդեն պայմանավորված չի բժշկի մասնագիտական պրոֆեսսիոնալիզմով:

ՀՀ-ում բժշկական սխալի կարգավորմանն  օրենսդրությունը անդրադառնում է միայն Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ առանց տարանջատելու սխալը և հանցանքը, մինչդեռ  միջազգային փորձը՝ մասնավորապես Գերմանիայի «Բժշկական սխալի կարգավորման մասին» օրենքը հստակ սահմանում է բժշկական հանցանք համարվող դեպքերը:

Միջազգային դատաբժշկական փորձաքննության ինստիտուտը և գիտնական Իսրայիլ Վերմելը ներկայացնում են 3 պայման, որոնց միաժամանակյա առկայությունը միայն «բժշկական սխալի» համար կարող են նախատեսել քրեական պատասխանատվություն: Դրանք են՝

 

1.Բուժաշխատողի գործողությունները կոնկրետ դեպքի կապակցությամբ սխալ են և հակասում են բժշկության համընդհանուր ընդունված և ճանաչված կանոններին,

 

2. Բուժաշխատողը՝ իր ստացած գիտելիքների շրջանակներում պարտավոր էր իմանալ և գիտակցել, որ իր գործողությունները սխալ են և կարող են վնասել հիվանդին,

 

3. Այդ՝ օբյեկտիվորեն սխալ գործողությունները նպաստել են ոչ բարենպաստ հետևանքների առաջացմանը՝ հանգեցրել են հիվանդի մահվան կամ նրա առողջությանը զգալի վնաս են պատճառել:

 

Սակայն օրենքի տեսանկյունից՝ քրեական պատասխանատվության համար միակ հիմքը հանցանքի առկայությունն է (Հանցանք է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր  արարքը, որը սահմանվում է Քրեական օրնսգրքով [ՀՀ քրեական օրենսգիրք հոդ. 18]):  Հետևաբար յուրաքանչյուր դեպք՝ բժշկական սխալի հետ կապված, քրեական պատասխանատվության ենթակա է  միայն հանցանքի նշանների առկայության դեպքում:

Քննարկելով «բժշկի սխալվելու իրավունքի» խնդիրը, տեղին է նշել, որ սխալվել և շարունակելու են սխալվել ինչպես փորձառու, այնպես էլ բժշկական պրակտիկայով նոր զբաղվող բժիշկները և չընդունել դա, նշանակում է չընդունել օբյեկտիվ իրականությունը և գերադասել սուբյեկտիվ իդեալիզմը, քանի որ անսխալ մարդ չկա և չի կարող լինել: Մարդու օրգանիզմի ինդիվիդուալիզմի բարձր աստիճանը խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր մարդու մոտ նույն հիվանդությունն էլ ունենում է իր կոնկրետ դրսևորումները, որոնց ճանաչումը յուրաքանչյուր բժշկի համար նոր և բավականին բարդ խնդիր է:

Բժշկին զրկել սխալի իրավունքից և ենթարկել նրան քրեական պատասխանատվության ամեն անգամ, երբ նա չի կարողացել անսխալ ախտորոշել հիվանդությունը և նույնքան անսխալ բուժել  հիվանդությունը, նշանակում է բարձր մասնագիտական ստեղծագործական գործունեությունը վերածել սովորական մեխանիկական աշխատանքի, կոտրել նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ հասնել լավագույն արդյունքի յուրաքանչյուր ոչ սովորական ու բարդ հիվանդության դեպքում:

 

 

 

Մերի Կատվալյան


Նույն շարքից