Առողջապահություն 

Կյանքի երաժշտությունը

analitik.am

Պարտիտուրան (իտալերեն partitura` բառացի նշանակում է բաժանել, տեղաբաշխել), բազմաձայն (նվագախմբային, երգչախմբային) երաժշտական ստեղծագործության նոտաների գրառումն է, որտեղ մեկը մյուսի վրա գրված են համաժամանակյա, որոշակի կարգուկանոնով կատարվող բոլոր ձայների պարտիաները: Պարտիտուրան մի քանի էական բնութագրումներ ունի: Այն ինֆորմացիա է պարունակում երաժշտական ստեղծագործության սկզբի և վերջի մասին, ինչպես նաև, թե յուրաքանչյուր երաժշտական գործիք որը և ինչպես պետք է կատարի ժամանակի որոշակի հատվածում ստեղծագործության ողջ ընթացքում:

 

Բջիջը նույնպես պարունակում է իր կյանքի ալգորիթմը, որը հնարել ու ներդրել է բնությունը ԴՆԹ-ի շղթայում, որն էլ իր հերթին գտնվում է բջջի միջուկի մեջ: Այս կատարյալ ալգորիթմը տեղեկություններ է պարունակում բջջի բոլոր կառուցվածքների «պարտիաների» մասին (դրանցից յուրաքանչյուրը ինչ պետք է անի իր կյանքի ամեն մի պահին):

 

Մենք գիտենք, որ իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ տարբեր բջիջներում գործընթացներն ընթանում են տարբեր ռիթմերով, նման այն բանին, թե ինչպես են տարբեր երաժշտական գործիքներ ստեղծագործությունը կատարում տարբեր ռիթմերով: Ինչպես մեկ երաժշտական ստեղծագործության մեջ բոլոր գործիքները պետք է ներդաշնակ նվագեն, միանման տեմպով և ռիթմով, այդպես էլ միանման բջիջների  քիմիական գործընթացները  ընթանում են  որոշակի տեմպով և ռիթմով: Մեկ բջջի ներսում կենսաքիմիական պրոցեսները, որոնք կատարվում են  ցիտոպլազմայում և միջուկում, մեկ ռիթմի տակ են ընթանում: Մենք միտումնավոր այդպես ենք նկարագրում  երաժշտական գործիքները, ասես, դրանք ինքնուրույն կարող են վերարտադրել իրենց երաժշտական պարտիան: Այդպես կարելի է խոսել նաև բջջի տարրերի մասին (միտոխոնդրիա, լիզոսոմ և այլն), որովհետև դրանց նյութական մարմինները կարող են գործել պարտիաներին համապատասխան, որոնք դրանց համար գրել է բնությունը: Իրականում, երաժշտի դերը միայն մեղեդու ճիշտ վերարտադրումը չէ, նրա բանականությունը, զգացումները գործիքի նվագի մեջ կյանք են մտցնում, հեռանալով ստեղծագործության իմաստից, որը դրել է կոմպոզիտորը և պետք է վերարտադրի երաժիշտը: Նույն բանն է տեղի ունենում բջջի հետ:  Օրինակ, բնության կողմից միտոխոնդրիայի մեջ ներդրված ալգորիթմը դրան տեղեկություն է տալիս ջերմության քանակի վերաբերյալ, որն այն պետք է փոխանցի բջջին, որպեսզի բջջի մեջ պահպանվի կարգուկանոնը և կյանքը չոչնչանա: 

 

Երաժիշտը որոշակի աստիճանով կարող է մեղեդու վերարտադրության գործընթացը պաշտպանել չնախատեսված խանգարումների առաջացման դեպքում: Անբավարար լուսավորության դեպքում նա ակնոց է հագնում, լարում է գործիքն անհրաժեշտության դեպքում, և նորից սկսում է նվագել մյուս գործիքների հետ համընթաց, առանց էապես ազդելու մեղեդու վրա:

 

Նման ձևով է կատարվում արտաքին ազդեցությունների վերամշակումը բջջի միտոխոնդրիայում: Արտաքին ազդեցության պատճառով բջջի էներգետիկ հավասարակշռության փոփոխությունը հանգեցնում է միտոխոնդրիայի ակտիվացմանը, որն այդ հավասարակշռությունը պահպանում է առավելագույն մակարդակով: Իհարկե, պետք է հիշել, որ  արտաքին բացասական գործոններին դիմակայելու բջջի հնարավորությունները սահմանափակվում են դրա դիմացկունության համապատասխան գոտիներով: 

 

Բացի վերոհիշյալից, երաժիշտը նաև հետևում է դիրիժորին, ավելի ճիշտ, նրա տված ռիթմին, որով դիրիժորը ղեկավարում է նվագախումբը: 

 

Նման ձևով, բջջի գլխավոր ռիթմի օգնությամբ, որը դրված է գենոմի ալգորիթմի մեջ, իրականացվում է բջջի բոլոր կառուցվածքների ռիթմերի համաժամանակությունը:

 

Այդպես վերարտադրվում է բջջի «կյանքի երաժշտությունը»:   


 

Սկզբնաղբյուրը` Առողջապահության լրատու 8-9.2012

Հեղինակ` Մարո Գաբրիելյան

Նույն շարքից