Առողջապահություն 

Դեղերի գները կնվազեն, եթե որոշ դեղամիջոցներ արտադրվեն Հայաստանում. Ռոբերտ Հարությունյան

analitik.am

Հայ-հնդկական համագործակցությունը դեղագործական ոլորտում Հայաստանում դեղերի ինքնարժեքի վրա կարող է անդրադառնալ այնքանով, որ եթե դրանք արտադրվեն Հայաստանում՝ գների նվազում կարելի է ակնկալել: Դեղագործական ոլորտում հայ-հնդկական գործարար համաժողովի բացման ժամանակ լրագրողներին այս մասին ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

 

Սա հայ-հնդկական երկրորդ համաժողովն է, առաջինը վերաբերում էր տեղեկատվական տեխնոլոգիաներին:

 

«Հնդկաստանը բավական հայտնի է դեղագործական ոլորտի արտադրությունով: Այն ընկերությունները, որոնք ներկայացված են համաժողովին, արտադրում են շատ խոշոր միջազգային ընկերությունների համար,-ասաց Ռոբերտ Հարությունյանը,–մեր հիմնական նպատակը ոչ այնքան հնդկական դեղամիջոցների ներմուծումն է Հայաստան, այլ տեսնել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորություն: Մեր հնդկացի գործընկերները փորձում են ուսումնասիրել Հայաստանի միջավայրը, շուկան, կարգավորող դաշտը՝ ինչ պայմաններում ենք դեղ արտադրում և ինչ հնարավորություն ունենք հետագա արտահանումն ապահովելու համար»:

 

Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենի խոսքով՝ ԱՊՀ երկրների հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, և Մաքսային միությանն անդամակցությունը հնարավորություն կտա հնդիկ գործարարներին այստեղ համատեղ ձեռնարկություն ստեղծելով՝ մուտք գործել այդ շուկաներ:

 

«Դեղերի ինքնարժեքի վրա սա կարող է անդրադառնալ այնքանով, որ եթե դրանք արտադրվեն Հայաստանում, ապա տրանսպորտային ծախսերը կրճատվելու են, այսինքն՝ դեղամիջոցների գների նվազում կարելի է ակնկալել: Սա կարող է աշխատատեղեր ապահովել, ինչպես նաև Հայաստանից արտահանման ավելացում կարող է լինել»,-ասաց Ռոբերտ Հարությունյանը:

 

Նշենք, որ ըստ Զարգացման հայկական գործակալության տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետությունների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 62,1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 193 հազար ԱՄՆ դոլար: 

Նույն շարքից