Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանը վաղուց դարձել է ֆաշիստական, նացիստական երկիր. Դավիթ Բաբայան

analitik.am

Վերջին շրջանում լարվածությունն անընդհատ կա, Ադրբեջանը մշտապես փորձումէ թեժ պահել շփման գիծը, դրանով լուծելով արտաքին ու ներքին քաղաքական հարցեր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով, պատահական չէ, որ կրակոցները հնչում են Հայաստանի հետ սահմանին. «Սա ևս քաղաքականություն է, որովհետև նման պահերին շատ ավելի հեշտ է Թուրքիայի հետ նոր հարաբերություններ ստեղծել: Մենք տեսնում ենք, որ այս պահին Թուրքիան ու Ադրբեջանը ինտենսիվ զորավարժություններ են անցկացնում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է տարածաշրջանի շուրջ ստեղծել նոր մոտեցումներ»:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանն էլ ավելացրեց, որ որակական առումով որևէ նորություն չկա:

«Վերջին տարիներն սահմանում հաճախ է լարվածություն լինում, Ռուսաստանից զենք գնելն էլ նորություն չէ, նորություն չեն նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունները: Որպես նորություն կարելի է նշել թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ ռազմական համագործակցությունն ու կիրառվող զինատեսակները»,-ասաց նա:

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն էլ նկատեց, որ տարբեր բացատրություններ կան, թե ինչու է Բաքուն նման քաղաքականություն որդեգրել:

«Խնդիրն այն չէ, թե որ երկրից այն զենք ձեռք կբերի, այլ խնդիրն այն է, որ Ադրբեջանը վաղուց դարձել է ֆաշիստական, նացիստական երկիր, իսկ նման պետությունները միշտ ագրեսիվ են են թե արտաքին, թե ներքին ասպարեզում»,-ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է, և Արդբեջանը որևէ առավելության չի կարող հասնել:

«Սա հակառակորդի ակտիվացում է ընտրությունների ժամանակ: Ինչքան շատ զոհեր, այնքան ավելի լավ Ադրբեջանի իշխանությունների համար՝ ընտրարշավի մի աննորմալ ու անմարդկային ձև, այդպիսով նրանք փորձում են ապահովել շատ ձայներ»,-ասաց նա:

Բաբայանի խոսքով, Ադրբեջանն օգտվում է անպատժելիությունից, միջազգային հանրության ներկայացուցիչների լռությունից ու ոչ համարժեք պատասխանից.   «Անկախ ամեն ինչից, պետք է նշել, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է, և Արդբեջանը որևէ առավելության չի կարող հասնել: Ռազմավարական նախաձեռնությունը նրանք չեն կարողանում վերցնել իրենց ձեռքը, և համոզված եմ, չեն էլ կարողանալու»:

Նույն շարքից