Հասարակություն 

Օպտիկական ակնոցի «թանկից էժանը չկա»

analitik.am

«Օպտիկական ակնոցս գնել եմ սովորական, ոչ օպտիկական ակնոցների հատուկ  խանութից` 2 ամիս առաջ, բայց զգում եմ, որ այն կրելուց հետո տեսողությունս ավելի է վատացել»,- 43-ամյա Սիրանուշի համար տարօրինակ է, թե ինչու է տեսողությունը վատացել այն դեպքում, երբ 2 ամիս առաջ կրելով նույնպիսի օպտիկական ակնոց՝ անհարմարություն չէր զգում: Մինչդեռ, ակնաբույժ Սամվել Ասատրյանի խոսքով, սա բնական է, քանի որ տիկին Սիրանուշի` սովորական խանութից գնած ակնոցը անորակ է եղել և թուլացրել  է տեսողությունը:


 «Ակնոցը սովորական արտադրանք չէ  և պետք է վաճառվի օպտիկայի հատուկ մասնագիտացված խանութներում, որոնք երաշխավորում են դրա որակը: Այլապես սովորական խանութներից գնված ակնոցների անորակությունը կարող է հիվանդության  պատճառ դառնալ, մինչդեռ որակյալ օպտիկական ակնոցը  ծառայում է տեսողության սրության բարձրացմանը», - նշում է ակնաբույժը:



Ներկայում  Հայաստանում  օպտիկական ակնոցներ վաճառվում են ամենուրեք` չհաշված օպտիկայի մասնագիտացված խանութները, զարդերի, տնտեսական ապրանքների  խանութներում և նույնիսկ՝ գետնանացումներում: Ակնաբույժը  հավաստիացնում է, որ ոչ մասնագիտացված խանութների օպտիկական ակնոցները հաճախ պատրաստված են լինում  վատ որակի ոսպնյակներից: Շատերը տիկին Սիրանուշի նման գնում են այդ ակնոցները` չմտածելով, որ անորակ են: Եվ խնդիրը բոլորովին էլ այն չէ, որ դրանք կարող են շուտ կոտրվել ու փչանալ: Այլ այն է, որ  դրանք խթանում են տեսողության վատթացմանը և գլխացավերի, գլխապտույտների, հոգնածության պատճառ դառնում: Հետագայում այդ երևույթները անընդհատ կրկնվում են: «Աչքերի կոնտակտներին ոչ համապատասխան ակնոց կրելու ժամանակ աչքերի մկանները միշտ լարվում են, որովհետև աչքը ձգտում է դեպի ոսպնյակի օպտիկական կենտրոն: Դա նման է այն բանին, որ եթե Դուք ձեր մատը  պահեք փոքր հեռավորության վրա և փորձեք երկար նայել, կհասկանաք, որ չէք կարողանում` լարվում եք»,- բացատրեց Ս. Ասատրյանը:


Ըստ նրա, միայն հատուկ սարքավորումների օգնությամբ  կարելի է հասկանալ օպտիկական  ակնոցը որակյալ է, թե ոչ: Իսկ գնորդը ինքնուրույն դա որոշել չի կարող: Այնպես որ, օպտիկական ակնոցը պետք է գնել միայն ակնաբույժի զննումից հետո: Սպառողը կարող է  գնել ակնոցը, և եթե բժշկի զննումից հետո պարզվի, որ դա անորակ է, նա իրավունք ունի 14 օրվա ընթացքում այն վերադարձնել ու իր գումարը հետ ստանալ: Խանութում գնելիս պետք է ուշադրություն դարձնել, որ  ոսպնյակի պարամետներն ամենայն մանրամասնությամբ  համապատասխանեն ակնաբույժի բաղադրատոմսին:


Օպտիկական ակնոց գնելիս պետք չէ սևեռվել միայն շրջանակների գեղեցկության և նորաձև լինելու վրա: Ակնաբույժի խոսքով,  դա նույնպես կարևոր է, բայց առաջնայինը  ոչ թե շրջանակներն են, այլ՝  ոսպնյակները: Կարևոր է հիշել, որ ոսպնյակները տարբեր քաշերի են լինում: Ապակե լինզաներով ծանր ակնոցները քթի վրա ներս ընկած հետքեր են թողնում, որոնք ևս կարող են գլխացավի կամ հոգնածության պատճառ դառնալ:


Բժիշկը նշեց, որ, որպես կանոն, ոչ մասնագիտացված խանութներում վաճառվող օպտիկական ակնոցները  մատչելի են լինում,  սակայն այդ դեպքում տուժում են դրանց որակները: Իսկ անորակ օպտիկական ակնոցը, ինչպես տեսանք,  վնաս է  տեսողությանն ու առողջությանը: Տիկին Սիրանուշին և  մարդկանց, ովքեր գնահատում են իրենց տեսողությունն ու առողջությունը, բժիշկը խորհուրդ է տալիս չափսոսալ  ու մի փոքր թանկ, բայց որակյալ օպտիկական  ակնոց գնել, որը պետք է լինի օպտիկայի մասնագիտացված խանութից:


Երևանյան խանութներից մեկում, որը ոչ մասնագիտացված էր, հետաքրքրվեցինք, թե գնորդներից քանիսն է ակնոցը գնում այն պայմանով, որ պետք է ակնաբույժին ցույց տա և անորակ լինելու դեպքում վերադարձնի: Բացի այն, որ վաճառողուհին չհիշեց նման դեպք, նա նաև պնդեց, որ գնված ապրանքը «չեն վերադարձնում, աղջիկ ջան, նման բան որտե՞ղ ես տեսել»:   Պատասխանեցինք, որ համենայնդեպս մասնագիտացված խանութներում վերադարձնում են: Օրենքն էլ այս դեպքում գնորդին է պաշտպանում,. սպառողն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել: Այդ դեպքում սպառողը պետք է ՀԴՄ կտրոն ներկայացնի, դրանք առաջին հերթին գնված ապրանքի ապացույցն են: Դա ամրագրված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

 

Նույն շարքից