Հիշում եմ և պահանջում 

Գերմանացի ռեժիսորը Հայաստանի և Ցեղասպանության մասին ֆիլմ է նկարում

analitik.am

Գերմանացի ռեժիսոր դրամատուրգ, Քրիստիան Պապկենը Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է նկարահանում, որը ցուցադրվելու է ապրիլի 21-ին՝ Գերմանիայի առաջին ալիքով:

 

 

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նա նշեց, որ ֆիլմը, որը կոչվում է «Հայաստան. ստվերների երկար ճանապարհ», դասվում է երկրների ներկայացման ֆիլմերի շարքին և լինելու է որպես այցեքարտ:
 


«Ես փորձում եմ ձեր երկիրը ներկայացնել և մատնանշել երկրի առանձնահատկությունները»,- ասաց նա և նշեց, որ իր գնահատմամբ՝ Հայաստանը չափահասության շեմին հասած պատանի է:
 


«Ցեղասպանությունն առանցքային տեղ է զբաղեցնում այդ ֆիլմում»,- ասաց նա և նշեց, որ ֆիլմը տևում է 45 րոպե:
 


Նա նաև անդրադարձավ «Մուսա լեռան 40 օրը» վեպին և նշեց, որ այն հայ ժողովրդի ողբերգությունը բավական հստակ կերպով ներկայացնում է:

 


«Մենք ծրագրել ենք 40 ժամվա ընթացքում 200 դերասանների կողմից շարունակական ընթերցում կազմակերպել այդ վեպի: Լավ է, որ աշխարհը այս 100-րդ տարելիցի առումով դարձյալ զարթնում է»,- ասաց նա և նշեց, որ երբ այդ վեպն արդեն ընթերցված կլինի, իրենք հասարակայնությանը կներկայացնեն, որ այն ոչ միայն վիպական պատում է, այլ փաստացի իրականությունն է ընդգրկում:
 


«Այս տարի ամբողջ Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հարգման առնչությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվելու»,- ասաց նա և նշեց, որ միջոցառման վերջին օրը ցեղասպանագետների են հրավիրել, որոնք կտան պարզաբանումներ Հայոց ցեղասպանության մասին, իսկ միջոցառումը եզրափակելու է հայ օպերային հայտնի երգչուհիներից մեկը:
 


Նրա գնահատմամբ՝ հասարակությունը դեռևս բավարար տեղեկացված չէ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի ուղղությամբ աշխատանքներ են պետք իրականացնել: 
 


Ռեժիսորն ասաց, որ ուսումնասիրելով տարբեր արխիվային  փաստաթղթեր՝ իր համար պարզ դարձավ Գերմանիայի որոշ պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում, ինչն ավելի մեծ ուժ ու թափ է հաղորդել Հայաստանին վերաբերող միջոցառումների իրականացման հարցում:
 


Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը հատկանշական համարեց, որ միջոցառումները հատկապես  Նյուրնբերգում են տեղ ունենալու:

 


«Մենք հրավիրել ենք պառլամենտականներին, սակայն մեր կարևորագույն խնդիրը համառում ենք հասարակությանը տեղեկացնելը»,- ասաց նա  նշեց, որ հետագայում այդ պառլամենտները պետք է առերեսվեն տեղեկացված հասարակության ընտրության հետ:
 


Նա նաև հայտնեց, որ չեն հրավիրել նաև թուրքական պաշտոնատար անձանց, կրկին նույն պատճառով, որ թիրախը հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելն է:

Նույն շարքից