Առողջապահություն 

Բնական ջրի բաղադրիչները

analitik.am
Բնական ջրերի հիմնական քիմիական բաղադրիչներն են հանդիսանում Na-ը, Ca-ը, Mg-ը, K-ը և Fe-ը: Քաղցրահամ ջրերում այս կարևոր իոնների պարունակությունը կազմում է ընդհանուր աղերի պարունակության շուրջ 95%-ը։
 
Հետևապես, ջուրը հանդիսանում է սննդի բաղադրիչներից մեկը և մտնում է միներալային ծագում ունեցող սննդանյութերի կազմի մեջ, որոնց կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ նրանք հանդես են գալիս որպես փոխանակության պրոցեսների կարգավորիչներ։
 
Ինչքան ավելի քիչ է ջրում աղերի քանակությունը, այնքան ավելի է բարձրանում ջրի ունակությունը` նոսրացնել օրգանիզմում գտնվող նյութերը։ Այդ իսկ պատճառով խմելու համար օգտագործվում են քաղցրահամ ջրերը, որոնց մեջ աղերի պարունակությունն այնքան քիչ է, որ դա չի անդրադառնում նրա համային հատկությունների վրա և չի զգացվում ջուրը խմելու ժամանակ։
 
Ջրի քանակությունը, որն անհրաժեշտ է ծարավի հագեցման համար կախված է ջրի միներալիզացիայի աստիճանից՝ ընդ որում ինչքան քիչ է ջրի միներալիզացիան, այնքան ավելի հաճելի է նրա համը և ավելի շատ է ընդունված ջրի քանակը։ Ջրի նման հատկությանը մարդը հարմարվել է էվոլյուցիոն պրոցեսի ընթացքում, այսինքն աղի համի առկայությունն օրգանիզմին բերում է այն մտքին, որ ջուրը պարունակում է զգալի քանակությամբ աղեր և հետևապես զերծ է մնում իր գլխավոր ունակությունից, այսինքն նոսրացման հատկությունից։
 
Երկար ժամանակ գերիշխում էր այն կարծիքը, համաձայն որի ջրի աղային կազմի ֆիզիոլոգիական նշանակությունը մեծ չէ։ Իրոք, ջրի հետ օրգանիզմ կարող է ներմուծվել աղերի ընդհանուր քանակության միջինում 5%-ը։ Սակայն, եթե աղերի ընդհանուր քանակությունը, որն օրգանիզմը ստանում է ջրի միջոցով զգալի չէ, ապա կալցիումի և մագնիումի (որոնց իոնների գումարով պայմանավորված է ջրի կոշտությունը), հարցը լրիվ այլ է: Հասուն մարդու օրական պահանջը կալցիումի նկատմամբ կազմում է 800 մգ, իսկ մագնեզիումի նկատմամբ՝ 400մգ։ Այս էլեմենտները, մասնավորապես կալցիումը մի շարք սննդամթերքներում գտնվում են դժվար յուրացվող ձևով և օրգանիզմ ներմուծվում են ավելի քիչ քանակությամբ, քան օրգանիզմի օրական պահանջն է։
 
Խմելու ջրի միջոցով օրգանիզմ ներմուծվում է կալցիումի օրական պահանջի 10-25%-ը։ Կալցիումը և մագնեզիումը ջրում գտնվում են բիկարբոնատների, կարբոնատների, քլորիդների, և սուլֆատների տեսքով, սակայն աղերի հիմնական մասը կազմում են բիկարբոնատները, որոնք ջրի եռացման ժամանակ վերածվում են դժվարալույծ կարբոնատների։ Հետևապես, օրգանիզմ բավականաչափ կալցիումի և մագնեզիումի ներմուծման համար, խմելու նպատակներով ցանկալի է օգտագործել բնական չեռացված ջուր։

Նույն շարքից