Միջազգային Ռազմական Քաղաքականություն Ֆեյսբուք 

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Իրաքին. «կամ մենք, կամ ռուսները»

analitik.am

Օրերս Իրաք էր այցելել ամերիկյան ԶՈւ գեներալ Ջոզեֆ Դենֆորդի գլխավորած պատվիրակությունը, որն իբր պետք է բանակցեր ռազմական համագործակցության ապագայի մասին, բայց գործնականում ամերիկյան պատվիրակը եկել էր, որպեսզի իրաքյան իշխանություններին ներկայացնի վերջնագիր, որն, ըստ էության, կայանում է նրանում, որ եթե Իրաքի իշխանությունները որոշեն համագործակցել ռուսների հետ ԻՊ-ի դեմ պայքարի հարցում, ապա կարող են մոռանալ ամերիկյան աջակցության մասին։

Իրաքի համար սա շատ բարդ ընտրություն է, որովհետև նվաճվելուց հետո Իրաքի բանակը, ինչպես նաև պետական համակարգը հսկայական ռեֆորմների միջով անցան, և արդյունքում այսօր ԱՄՆ-ի հետ կոնֆրոնտացումը ռեալ ռիսկեր է ստեղծում պետական մասշտաբի կոլապսի։ Եթե Ամերիկան դադարեցնի ռազմական համագործակցությունն Իրաքի հետ, ապա մոտ հեռանկարում Իրաքը պարզապես չի կարողանա շահագործել իր ռազմական տեխնիկայի պարկի զգալի մասը՝ անհրաժեշտ պահեստամասերի և զինամթերքի պակասի պատճառով, որոնք չի կարող լրացնել նույն Ռուսաստանի հաշվին։

Մյուս կողմից, եթե պաշտոնական Բաղդադը հրաժարվի ամերիկյան հեգեմոնիայից, անկասկած է, որ ամերիկացիները դա անպատիժ չեն թողնելու և առանց այն էլ վաղուց գաղտնիք չհանդիսացող անկախ Քուրդիստանի կոնցեպցիան կսկսեն ավելի ջանասիրաբար կյանքի կոչել, ինչը կբերի Իրաքի տրոհմանը։ Քրդերն առանց այն էլ դե ֆակտո գրեթե անկախ են մնացյալ Իրաքից, իսկ եթե սա ամրագրվի նաև դե յուրե, դա հղի է ծանրագույն հետևանքներով Իրաքի համար, քանզի բացի լուրջ տարածքային կրճատումից՝ Իրաքը կզրկվի Մոսուլի ու Քիրքուքի նավթահանքերից։ Պետք չէ մոռանալ նաև, որ ԻՊ-ի սիրտը ոչ թե Սիրիան է, այլ հենց Իրաքը, իսկ դրա գլխավոր ռեսուրսն Իրաքի սուննի բնակչությունն է, և ԱՄՆ-ն, անկասկած, չի վարանի առնվազն չխանգարել ԻՊ-ին՝ տիրանալու Իրաքի սուննիաբնակ նորանոր շրջանների։

Ռուսաստանի համար էլ սա բարդ դիլեմա է։ Ներկայումս Ռուսաստանն ավելի շատ կենտրոնացած է ան-Նուսրան, Սիրիական ազատ բանակը և այլ ահաբեկչական խմբավորումները ոչնչացնելու վրա, բայց առանց Իրաքի աջակցության ոչ ոք չի կարող հաղթել ԻՊ-ին, որովհետև եթե այն չոչնչացվի Իրաքում, ապա դրա մետաստազներն անդադար տարածվելու են դեպի Սիրիայի տարածք, իսկ որ ՆԱՏՕ-ն տրամադրված չէ ԻՊ-ն ոչնչացնելու՝ արդեն ակնհայտ է։

Այնպես որ, կարծես թե ստեղծվում է ռազմավարական պատային դրություն, որտեղ ամեն ինչ կախված է Իրաքի որոշումից և գերտերությունների վճռականությունից։

Նույն շարքից