Ֆեյսբուք 

Բարև, ես Տաթևիկն եմ ու ես դեռ չեմ ծնվել (ավարտ)

analitik.am

Պապայիս՝ բժշկի սենյակից դուրս գալուց հետո ես զգացի, որ մամաս սկսեց քայլել... Քայլել առաջ... Ես գիտեի, որ մայրս չուզենալով քայլում էր իմ մահվանն ընդառաջ, ամեն քայլն ինձ ավելի էր մոտեցնում իմ մահվանը, ամեն քայլն ինձ ավելի էր զրկում մամայի փորիկում մնալուց, բայց նա քայլում ու քայլում էր... Անկեղծ, չեմ կարող նկարագրել, թե ես ինչ էի զգում էդ պահին մամայիս փորիկում, միգուցե արդեն համակերպվել էի մահվանս մտքի հետ, միգուցե, հասկանալով, որ ես պապայիս ուզած երեխան չեմ, արդեն մեկ էր՝ ինչ կլիներ ինձ հետ, բայց մամայիս փորիկում ողջ մարմնովս զգում էի, թե մաման ինչ է զգում, զգում էի ամեն մի արցունք, զգում էի ամեն մի թուլություն, ամեեեն ինչ զգում էի, ու էդ ինձ ավելի ցավ էր պատճառում, քան էն, որ շուտով կմահանամ:
Հասանք մի լուսավոր սենյակ... Էլ ոչինչ չեմ հիշում...

Էս ի՞նչ ցուրտ է, մաամ, փորիկդ ո՞ւր ա, մամ, շոր հագի, էս ինչ է կատարվում... Մաաաաամ, ո՞ւր ես:
Թեքվեցի աջ՝ ամայություն, ձախ՝ ամայություն: Ամենուր ամայություն էր, բայց մամայի փորիկը չէր... Մի քիչ այն կողմ մայրս էր պառկած, մայրս, բայց նա չէր շոյում իր փորիկը, ինքը չէր լսում իմ ձայնը: Մի պահ որոշեցի ոտքով խփել մամայիս փորիկին, բայց չէ, ոտքով ուղղակի օդին եմ խփում:
Կողքս մայրս էր պառկած, անշարժ պառկած:.
Այդ ժամ ես հասկացա՝ մենք էլ չկանք... Բժիշկը չկարողացավ առանց մամայիս ցավացնելու ինձ հեռացնել: Ցավացրեց մամայիս, բայց հավերժ ցավացրեց:
«Մաաաաաաաաամ, խոսիի,- բարձր գոռացի ես,- մամ, խնդրում եմ, շոյիր ինձ, մամա, գոնե լացի՝ ձայնդ լսեմ, մաաամ, ասա՝ Տաթևիկս, խնդրում եմ, մաաաաամ»... Բայց, ափսոս, մամաս չարձագանքեց:

Մեկ շաբաթ անց լսեցի ոտնաձայներ: Պապան էր եկել մեզ «հյուր»… Սիրուն շորիկ էր առել իմ համար, փափուկ խաղալիք ու սիրուն կոշիկներ… Լացում էր...
Հենց նա հասավ մեզ, ես չթողեցի՝ նա մեր հետ «խոսի», մամային «բան ասի» ու միանգամից սկսեցի իմ այսքան «սպասված խոսակցությունը»:
Պապ, արդյո՞ք ուշ չի, որ դու ինձ շորիկ ես բերել: Ինչի՞ ես եկել, պապ: Ի՞նչ ես ուզում ասել: Փոշմանե՞լ ես, բայց ե՞րբ, պապ, բա մամա՞ն, պապ, հուսամ՝ ընկերներդ քեզ որպես իսկական տղամարդ են չէ՞ արդեն ընկալելու... Չէ՞ որ դու աղջիկ առաջնեկ չունեցար: Տատիկ-պապիկը ո՞նց են: Էլ նեղություն չե՞ն զգում իմ ու մամայի ներկայությունից: Մաման էլ քեզ չի խանգարում, չէ՞, ես՝ առավել ևս:
Պապ, ինչի՞ կամ ո՞ւմ ես խաղալիք բերել: Ի՞նձ... Կներես, էլ պետք չի: … Ազատ ես, պապ, գնա, առաջնեկ տղայի հայր դարձի, մենք էլ քեզ չենք խանգարի, ես իմ ու մամայի փոխարեն եմ ասում:
Եկել ես ներողություն հայցե՞ս, հա՞, պապ: Անկեղծ, մենք ներել ենք քեզ, բայց արդյո՞ք կգա էն օրը, որ դու քեզ ներես:
Պապ, կներես, բայց հիմա մենք չենք ուզում մեզ խանգարես, ես ու մամաս առանց քեզ ենք ուզում մնալ:
Գնա, պապ... Էլ չգաս. մենք քո օգնության կարիքը չունենք, դու ինչո՞վ կարողացար օգնեցիր:
Հեռացի... ՊԱՊ... Հեռացի ու ապրի... Ապրի, քանի որ մենք չկանք, մենք էլ չենք խանգարում քեզ:

ՎԵՐՋ:

Հ.Գ. Անկեղծ, ավարտը գրելուց ես էլ էի ինձ վատ զգում, բայց էն հույսը, որ մտացածին կերպարներին սպանելով՝ կարող են փրկվել իրական մարդիկ ու առաջնեկ աղջիկ երեխաների կյանքեր, ինձ ուժ էր տալիս պատմությունը նման կերպ ավարտելու համար։

Նույն շարքից