Հասարակություն 

Մայքլ Քոհլեր. «Մենք բոլորս կարող ենք դառնալ կլիմայի փոփոխության զոհ»

analitik.am

«Մտածել գլոբալ, բայց գործել լոկալ»,- այս կարգախոսով է փորձում առաջնորդվել Եվրամիության «Քաղաքապետների դաշնագիր. Արևելք» ծրագիրը: Նախաձեռնության նպատակն է միավորել տեղական, տարածաշրջանային և ազգային իշխանություններին` պայքարելու CO2-ի (ածխաթթու գազ կամ ածխածնի երկօքսիդ) քանակի նվազման դեմ: Ծրագիրը, որը մեկնարկել է 2008 թ.-ին, նախատեսում է մինչև 2020 թ.-ը 20%-ով կրճատել արտադրովող  CO2-ի քանակը. այժմ նախաձեռնությանը միացել են ավելի քան 5200 քաղաքներ շուրջ 50 երկրներից: Հայաստանի քաղաքներից ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել երեքը` Հրազդանը, Ծաղկաձորը (Կոտայքի մարզ) և Ապարանը (Արագածոտնի մարզ):

«Քաղաքապետների համաձայնագիր. Արևելք» ծրագրի շրջանակներում բացվել են համապատասխան կենտրոններ Ուկրաինայում և Վրաստանում, որոնք վարչական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցույց տալիս Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելոռուսին, Ուկրաինային, Ղազախստանին, Ղրղստանին, Մոլդովային, Տաջիկստանին, Թուրքմենստանին և Ուզեբկստանին: 

Սակայն քանի որ հայկական համայնքների հետ աշխատող կենտրոնը գործել է ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում, տեղի քաղաքների մոտ մեծ բաց է արձանագրվել`  կապված մասնավորապես տեղեկատվության մատչելիության և ծրագրի իրականացման հետ:

Նոյեմբերի 14-15-ը Ստամբուլում տեղի ունեցած «Քաղաքապետների դաշնագիր. Արևելք» ֆորումին մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը: Սակայն հայկական կողմը, որը նոր է ներգրավվում ծրագրում, հանդես չեկավ առանձին զեկուցումներով:

«Հայաստանի համայնքների միության» գործադիր տնօրեն Նատալյա Լափաուրին նույնպես մասնակցում էր ֆորումին: Նա կարևորեց Հայաստանի մասնակցությունը ֆորումին, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում տարբեր երկրների համայնքների միջև, նաև ստեղծվում է հնարավորություն հանդիպել «եվրոպական մակարդակով խոշոր խաղացողների հետ», ովքեր ֆինանսական օժանդակություն են ցույց տալիս համայնքներին: Նա համոզված է, որ հայկական համայնքների հետաքրքրությունը մեծ կլինի այս ծրագրի նկատմամբ, սակայն խնդիրն այն է, որ համայնքների շրջանում իրազեկման պակաս կա:

«Մենք բոլորս կարող ենք դառնալ կլիմայի փոփոխության զոհ»,- ասում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության տնօրեն Մայքլ Քոհլերը (Michael A. Köhler, Director for the Neighbourhood, European Commission): Նրա կարծիքով` պետք է ձգտել նվազեցնել թափոնների քանակը` օգտագործելով քիչ էներգիա: Բնական ռեսուրսների չարաշահումն ազդում է կլիմայի փոփոխության վրա, իսկ Միջերկրածովյան երկրներում և Ռուսաստանում գնալով նվազում են բնական պաշարները` նշեց Մայքլ Քոհլերը:

Էներգախնայողության հարցը լուծելու համար Եվրոպական ներդրումային բանկի (EIB-European Investment Bank) Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հեյնս Օլբերսն առաջարկում է շատացնել հեծանիվների թիվը: Նրա խոսքով` ջերմոցային գազերի 10%-ը բաց է թողնում ԵՄ-ը: Եվրոպական ներդրումային բանկը, Հեյնս Օլբերսի խոսքով, կարևորելով էներգաարդյունավետության հարցը, բարենպաստ պայմաններով տրամադրում է խոշոր վարկեր և աշխատում է համագործակցել նաև տարածաշրջանային բանկերի հետ: «Այս ոլորտում մեզ կօգնի կանաչ էկոնոմիկան»,- ասում է Հ. Օլբերսը:

ԵՄ տարածաշրջանների կոմիտեի նախկին նախագահ Լյուկ վան դեն Բրանդեի կարծիքով` (Luc van den Brande, Committee of the Regions) էներգախնայողության հարցում թիրախային կետում են հատկապես Միջերկրածովային երկրները: Ըստ նրա` եթե իրավիճակը շուտ չկանխվի, ջերմաստիճանը կբարձրանա, բացի այդ` կնվազեն ջրային ռեսուրսները:

Կարևորելով «Քաղաքապետների համաձայնագրի» ընդլայնումը` Լ. վան դեն Բրանդեն նշեց, որ Եվրոպայի բնակչության 80%-ը 2020 թ.-ին կդառնա քաղաքային բնակչություն: Եվ քանի որ էներգիայի 80%-ը ծախսում են քաղաքներում, ապա հենց քաղաքներում է հիմնականում արտադրվում CO2-ը:

Ն. Լափաուրին, նշելով, որ Էներգախնայողության խնդիրը շատ արդիական է նաև Հայաստանի համար, հույս հայտնեց, որ առաջիկա ամիսների ընթացքում համաձայնագրին կմիանան հայկական այլ քաղաքներ ևս: 

Մանրամասները՝ hetq.am

Նույն շարքից