Հոգեբանի անկյուն 

Նպատակաուղղված քաղաքականությու՞ն, թե պատահականություն

analitik.am

Հաճախ են  հարցնում՝ ի՞նչ տարբերություն կա նախկին ու այսօրվա լրատվության մեջ: Չխորանալով մանրամասների մեջ, մի պարզ բան ասեմ. նախկինում բացառիկ լրատվություն էր համարվում ճանաչված մեկի հետ  հարցազրույց ունենալը, նրա միջոցով մշակութային անգին գոհարների էջերի բացումը: 

Բացառիկ էր հողը սիրող, երկիրը սիրող, մարդուն սիրող թեմաները: Այսօր բացառիկության այլ թեմաներ են շոշափվում. բացառիկ մանրամասնություններ ավտովթարներից, բացառիկ կադրեր սպանության ու բռնաբարության մանրամասնություններից, բացառիկ մանրամասներ որևէ մեկի թաղումից: Բացառիկ կադրեր․ տղամարդը կտրել է կնոջ սիրեկանի գլուխը, հայրը բռնաբարել է աղջկան, եղբայրը՝ քրոջը, տղան՝ մորը: Սառնարանում կտրտված դիակ է հայտնաբերվել, մարդ մորթելու, թալանելու, հաշմելու տարբեր դրվագներ, միաժամանակ չանտեսվելով պոռնոգրաֆիական մանրամասները: Սա կործանում, բարոյական կործանում տանող քաղաքականություն է: Մրցակցություն է սկսվել՝ ով կարող է ավելի սահմռկեցուցիչ բան առաջինն ինքը ասել, երբեմն տեղադրած նյութերը պաշտպանական շերտի մեջ են առնում, որ հանկարծ մի ուրիշ կայք չկարողանա գողանալ ասենք ամուսնու առնանդամի կտրման դաստիարակչական դրվագը: Ա՜յ մարդ, ձեզ լինի այդ բացառիկ անդամը, անդամի տերը, անդամը կտրողը… Այս ֆոնի վրա ինչքա՜ն անմեղ է թվում մեր իշխանությունը, որ խոսելու համար լեզուներս չի կտրում կամ մաս-մաս մեզ չի անում, այլ ընդամենն ասենք սովամահ է անում: Արժեքները խառնվել են: Այսօր մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե ում կարելի է թաղել Պանթեոնում, որովհետև ծանրերն իջել են մոռացության հատակը, իսկ թեթևներն ամեն օր խոթվում են աչքներս: Ո՞ւմ կարելի է դնել Կոմիտասի կողքին, մարդիկ կան, որ եթե կենդանի լինեին, կամաչեին, կհրաժարվեին որոշ մեծությունների կողքին ննջել: Սրանք պատահական կատարվող քայլե՞ր են, թե՞ նպատակաուղղված քաղաքականություն: Ինքներդ որոշեք:

Նոր էի խմբագրություն մտել՝ աշխատելու և ուզում էի ինձ ցույց տալ: Ո՞ր մի տասնութ տարեկանը չի ուզում իրեն ցույց տալ: Որդին զառամյալ մորը ձմռանը փողոց էր նետել ու տիրություն չէր անում: Մի հուզիչ պատմություն գրեցի՝ մայրը հին տարազով հագնված կին էր, ավելի հուզելու  համար այդ նկարն էլ ներկայացրի: Բաժնի վարիչս հոկտեմբերի 27-ին սպանված Յուրի Բախշյանի հայրն էր՝ Գուրգեն Բախշյանը: Տաղանդավոր լրագրող, մոտ 55 տարեկան: Կանչեց ինձ՝ աղջիկս, ի՞նչ ես քարոզում: Երբ բացատրեցի պատանեկան հոգիս վրդովվեցրած այդ փաստը, մեղմ ժպտաց՝ հիմա ու՞ր է այդ տատիկը:

-Բերել եմ մեր տուն,- ասացի հպարտությամբ:

- Ուրեմն այդ մասին գրիր, քո լավ քայլի մասին, որ մի քանիսն էլ այդ լավ բանը տեսնեն ու սովորեն: Տղային հանգիստ թող, ժամանակ տուր նրան:

Այդպես էլ արեցի: Մի քանի օր հետո, մարդիկ իմանալով այդ մասին, լավ-լավ բաներ էին բերում տատիկի համար՝ նոր շորեր, գլխաշորեր, բրդյա չուլկիներ (այն ժամանակ նման բաներ դժվարությամբ էին ճարվում): Հետո եկան տղան ու հարսը՝ մամ, կներես, ամոթ է, արի տուն գնանք, խայտառակ եղանք: Մայրը նոր-նոր շորերը երեխայի նման ուրախ-ուրախ հավաքեց ու յալլա՜, ճիշտ են ասում՝ մայրը զավակի հանդեպ ինքնասիրություն չի ունենում: Իսկ հիմա ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք քարոզում: Ժամանակները փոխվել են ու հաճախ ինձ բռնեցնում եմ այն բանում, որ ինքս էլ սուր վերնագրերի, սուր լրատվության ետևից եմ շատ հաճախ իներցիայով վազում: Փորձառու մարդը, որը չի դիմանում այդ գայթակղությանը, ինչպե՞ս կարող է անփորձ սերնդին նման փորձության ենթարկել: Այնքան է չափաբաժինը բարձրացվել, որ մինչև մի սահմռկեցուցիչ տեսարան չենք նայում, այդ օրը քուններս փախչում է: Ինչու՞ ենք այդպիսին դարձել: Լրագրողներն ու ողջ հանրությունը: Վերջերս բարեկամիս հետ էի զրուցում, որը Մոսկվայում է ապրում, այսպիսի մի բան ասաց. «Յութուբում մի տեսաերիզ էր հայտնվել, որտեղ երիտասարդ լրագրողուհին փորձում էր խցկվել օլիգարխներից մեկի զավակի հարսանեկան արարողությանը, անընդհատ հարցեր էր տալիս՝ ունեցվածքի, կարողության ու նման հարսանիք կազմակերպելու մասին: Այնպես էր կպռշկվել,- իր բառերն է,- որ ինձ էլ էր քրտինքը վրա տվել: Ասես ցանկանում էր տոնի գլխավոր մասնակցին հունից հանի, որ մի երկու տաք բառ ասի»: Այսպես ու՞ր ենք գնում, ի՞նչ ենք ուզում: Սա նպատակաուղղված քաղաքականությու՞ն է, թե՞ պատահականություն: Հոշոտված մարդուն մանրամասնորեն ներկայացնելը, ավտովթարներից հետո արնաթաթախ ու ջնջխված դեմքեր ու մարմիներ ի ցույց դնելը, շտապ օգնության մեքենաների աղեկտուր սուլոցներն ի՞նչ են հետապնդում: Մարդկանց հոգեբանորեն ճնշել, ցույց տալ, որ ամեն պահ նույնը կարող է լինել իր հետ՝ ձայնդ կտրիր ու փառք տուր Աստծուն, որ այսօր այս վթարված-խեղանդամների մեջ չես: Փառք տուր Աստծուն, որ այսօր սպանվողը դու չես, փառք տուր ու խելքդ գլուխդ հավաքիր. ինչ ասում է զոռբան, պիտի արվի: Եթե այդպես չի, ինչու՞ են մարդասպաններն ազատ շրջում ու վախ սփռում շուրջը: Սա նպատակաուղղված քաղաքականությու՞ն է, թե՞ պատահականություն… Պատահական լինելու համար ասեմ, որ համընդհանուր դեպքերի մեջ պատահականություն չի լինում: Նպատակաուղղված քաղաքականության մասին կարող եմ ասել, որ մենք բոլորս կամա թե ակամա օգնում ենք այդ քաղաքականության իրագործմանը: Խորհել պետք չի՞… 

Hraparak.am

Նույն շարքից