Ռազմական 

Մենք փաստացի գտնվում ենք պատերազմական գործողությունների մեջ, իսկ պատերազմը, ինչքան ուզում ես լավ պլանավորի, բայց զոհեր է տալիս. Ա. Հովհաննիսյան

analitik.am

Նման պայմաններում, երբ Հայաստանը փաստացի գտնվում է  պատերազմական գործողությունների մեջ, դժվար է շատ լավ ֆինանսական պլանավորում իրականացնել:
 


Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած  «Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, երբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանը ասաց, որ շատ ափսոսում է, որ ՊՆ-ն չի կարողանում  հակառակորդի կողմի վիրավորված զինվորների՝ արտերկրում բուժման համար  ֆինանսական պլանավորումներ անել:
 


«Մենք փաստացի գտնվում ենք պատերազմական գործողությունների մեջ, իսկ պատերազմը, ինչքան ուզում ես լավ պլանավորի, բայց զոհեր է տալիս»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
 


Քննարկման թեման էր հայ-ադրբեջանական շփման գծում 4 տարի առաջ հակառակորդի գնդակից  ծանր վիրավորում ստացած 23-ամյա նախկին զինծառայող Գևորգ Եղիազարյանի դեպքը, ով մինչ օրս չի կարողանում բուժում ստանալ արտերկրում:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի ներկայացրած  տվյալներով՝ 2011-2014 թթ ընթացքում իրենց է դիմել  բանակում վնասվածքներ ու վիրավորումներ ստացած 41 անձ, որոնց մի մասի մոտ հենց այն առողջական խնդիրներ են եղել, որոնց դեպքում արտերկրյա բուժման կարիք կա։

 

Ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ համաձայն ՀՀ օրենսդրության՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավոր է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների համար բուժում անցկացնել միայն ՀՀ տարածքում, թեպետ տարեկան 1-2, իսկ երբեմն էլ`3-4 դեպքերի համար մասնակի գումարներ է հատկացնում Եվրոպայում կամ ՌԴ-ում բուժվելու համար: Բայց բոլորին օգնել չի կարող, քանի որ եվրոպական կենտրոններում բուժումը սկսվում է 30-40 հազար եվրոյից և հասնում 100-200 հազարի:
 


Իրավապաշտպանը համաձայնեց, որ շատ դեպքերում ՊՆ-ն օգնում է, տրամադրում այդ  գումարները և ավելացրեց, որ դրսում թանկ և երկարատև բուժումը չի վերացնում նախարարության վրայից պատասխանատվությունը:
 


«Ի վերջո, ծնողն ասում է՝ «ես բանակին առողջ երեխա եմ տվել, ինչպես ուզում եք, բուժեք»,-նկատեց իրավապաշտպանը:
 


Նա հավելեց, որ կա օրենսդրական բացի խնդիր և որ ՀՀ-ում շատ հիվանդություններ չեն կարողանում բուժել։ Ուստի, իրավապաշտպանն առաջարկել էր  նման նպատակների համար ավելի լավ  պլանավորում իրականացնել:

 

 

Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ փորձում են անել առավելագույնը և ավելացրեց, որ քիչ չեն դեպքերը, երբ զգացմունքային հողի վրա ծնողներին խաբում են դրսում, որ կփրկեն:
 


«Օրինակ, երբ զինվորին տարան Մոսկվա, գումարը նախնական  փոխանցել էինք, կլինիկան էլ  անկեղծ ասած, վատ բան էր  արել, լրացուցիչ գումար պահանջել, մենք դա էլ արեցինք, բայց մեր զինծառայողի կյանքը չկարողացանք փրկել»,-ասաց ՊՆ մամուլի քարտուղարը և ավելացրեց, որ լինում են դեպքեր էլ, երբ տվյալ հիվանդությունը հնարավոր է ՀՀ-ում բուժել, բայց զինվորի ծնողները պնդում են, որ նա բուժումը պետք է ստանա, օրինակ, Շվեյցարիայում:

Նույն շարքից