Գլխավոր Վերլուծական 

Կարո՞ղ է Ադրբեջանը խանգարել ՀՀ-Իրան ծրագրերի իրագործմանը

analitik.am

Իրանի իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո, երկիրը սկսեց ակտիվ քաղաքականություն վարել հատկապես տարածաշրջանում հեգեմոն դիրք գրավելու համար: Այս ֆոնի վրա բազմաթիվ հանդիպումները ցույց են, տալիս, որ վերջապես երկար տարիներ տնտեսական ուղղությամբ այսպես ասած կալանքի մեջ գտնվող երկիրը այժմ մեծ ցանկություն ունի լրացնել այն բացը, որն այդքան տարի նրան հետ էր մղել բազմաթիվ շուկաներից:

Տարածաշրջանում ու նաև աշխարհում հանդիսանալով խոշոր խաղացող Իրանը ցանկալի դաշնակից է հատկապես հարևան պետությունների համար և այս ֆոնին առավել քան մրցակցություն է առաջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջինս ամեն գնով իր մեծ եղբայր Թուրքիայի հետ ցանկանալով Հայաստանը պահել տնտեսական շրջափակման մեջ, փորձում է Հայաստանին դուրս մղել բոլոր ծրագրերից, որոնց մասնակցելը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի:

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին հայտարարությւոններից այն կողմ չգնացող մեր կառավարության համար կարծես թե մեծ հարված է Իրան-Ադրբեջան երկաթուղու կառուցումը, որը կավարտվի տարեվերջին: Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի այցն Իրան և նախագահ Հասան Ռուհանիի հետ ջերմ զրույցն ու ստորագրված տասնյակ փաստաթղթերը Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո վկայում են երկրների ակտիվ համագործակցության փուլի սկսվելու մասին: Հատկանշական էր, որ այդ հանդիպումը կայացավ Թուրքիայի վարչապետի Ադրբեջան այցելելու մասին հաղորդագրությունից 5 օր անց, չնայած որ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների պատճառով այդ այցը չիրականացավ:

Ադրբեջանը փորձում է հավասարակշիռ քաղաքականություն իրականացնել Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև, հաշվի առնելով այն նուրբ հարցերը, որոնք այդ հարաբերություններում բավականին խրթին պատկեր են ստեղծում կապված ԼՂՀ հարցի շուրջ թուրք-ադրբեջանական տեսակետի, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հակասող տեսակետերը Սիրիայի հարցով: Երեք կողմերին էլ սիրաշահելով Ադրբեջանը ցանկանում է ստանձնել նաև նրանց կապող օղակի դերը՝ օգտագործելով Հայաստանի հակասությունները Թուրքիայի հետ:

Այս հարաբերություններում հատկապես դեր ունեն Իրանում բնակվող ադրբեջանցիները և ԱՄՆ-ի, Արևմուտքի ու Իսրայելի պահվածքը: Օրինակ 2012 թվականին աղմուկ հանած լրտեսական սկանդալները Իրանի և Ադրբեջանի միջև: Վերջին ուղղվածությունում, սակայն բավականին լայն փոփոխություններ են իրականացել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո: ԱՄՆ-ն այժմ պակաս հետաքրքրություն կցուցաբերի Ադրբեջանի նկատմամբ Իրանի դեմ նրան օգտագործելու համար, և այդ ենթատեքստում կարելի է նկատել, որ բավականին կոշտացավ ԱՄՆ դիրքորոշումը Ադրբեջանի քաղաքական կարգավիճակի նկատմամբ: Մամուլում հրապարակումներ եղան, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ:

Այսպիսով Իրան Ադրբեջան հարաբերությունները թերևս գնում են դեպի տնտեսական համագործակցային դաշտ, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ունեն անհամաձայնություններ և այդ առումով Հայաստանը պետք է բացարձակ ակտիվություն ցուցաբերի ու խաղա հենց այն վերոնշյալ արգելքների վրա, որը գոյություն ունի Իրան –Ադրբեջան հարաբերություններում, հատկապես հաշվի առնելով, որ Իրանն Ադրբեջանի հետ ունի սեփական հարցերը, որոնք դժվար թե արագ լուծում ստանան, այդ պարագայում Հայաստանն ավելի նախընտրելի է Իրանի համար, ինչքան էլ նա իր սեփական խաղն առաջ տանի, միևնույնն է Ադրբեջանը երբեք չի դառան Իրանի վստահելի գործընկերը:

Նույն շարքից