Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Առնվազն անհասկանալի է, թե ինչի վրա են հույս դրել ընդդիմադիրները. Կարեն Քոչարյան

analitik.am

Այսօր՝ մարտի 24-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով ներքաղաքական կյանքին, նշեց, որ արդեն բավականին բուռն սկսվել է նախընտրական շրջանը. «Թվում էր, թե սեպտեմբեր-հոկտեմբերին ակտիվությունը կսկսվի, սակայն այդպես չեղավ: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ չկա ընդգծված լիդեր, և ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը մտածում է, որ հենց ինքը կարող է այդ լիդերի դերակատարումն ունենալ: Սկսվել է դիրքավորում, բոլորը նետվել են մարտի` 2017 թվականի ընտրություններից առաջ լիդեր դառնալու համար»:

Քոչարյանի խոսքերով՝ նույն դիրքավորումը սկսվել է նաև իշխանության մեջ. «Պատահական չէր, որ ԲՀԿ-ի պատգամավորներն ԱԺ ամբիոնից հայտարարում էին, թե 30 հոգանոց խմբակցությունը թողած պորտֆելների առաջարկ արվում է 5 պատգամավոր ունեցող խմբակցությանը: Սա դեռ ԲՀԿ-ի ու Դաշնակցության մասով: Էլ չէմ խոսում այն մասին, թե ինչ է կատարվում ԲՀԿ-ի ներսում: Այստեղ կան տարբեր խմբեր՝ ավելի տարիքով մեծեր, երիտասարդներ, մեծամասնականներ, համամասնականներ, ավելի օլիգարխիկ դեմքեր և այլն: Պայքարը շատ պարզ է: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուրն արևի տակ տեղի համար է պայքարում: Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր հաջողության կհասնեն, ապա ասեմ, որ չեն տապալվի նրանք, ովքեր ավելի ճիշտ կդիրքավորվեն»:

Խոսելով առանձին ընդդիմադիր ուժերի մասին՝ բանախոսն ասաց, որ Փաշինյանը կրկին սկսել է ռադիկալ գործել, ավելի հանդարտ ընդդիմադիրներ են Ազատ դեպոկրատներն ու «Լուսավոր Հայաստանը». «Ինձ համար դեռ պարզ չէ Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության դիրքորոշումը: Կոմպլիմենտար է խաղում «Հայկական Վերածնունդը», սակայն ավելի ռուսական ուղղությամբ: Իսկ եթե «Հայկական վերածնունդի» մասով խաղի մեջ մտնի Արա Աբրահամյանը, պարզ է դառնում, որ կոմպլիմենտարությանը բանի տեղ չի դնի: Մնում է ՀԱԿ-ը, որը կփորձի գտնել նախկին եռյակ-քառյակի նման մի ֆորմատ»: Քոչարյանը վստահ է, որ ընդդիմությունը շատ մեծ խնդիրներ է ունենալու, եթե միավորում տեղի չունենա, որովհետև հասարակությունն արդեն ոչ մի բանի չի հավատում. «Բանն այն է, որ իշխանությունը գոնե ֆինանսական ու ադմինիստրատիվ ռեսուսրներ ունի, իսկ ընդդիմությունը դա էլ չունի: Առնվազն անհասկանալի է, թե ինչի վրա են հույս դրել ընդդիմադիրները»: Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ապա բանախոսն ասաց, որ վերջինս քաղաքական միավոր չէ, նրա խաղաքարտը խաղացնելու են Հրազդանում ու վերջ:

Նույն շարքից