Ռազմական 

Բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը

analitik.am

«Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացման արարողությանը հոկտեմբերի 16-ին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀայաստանումԼեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր: Շնորհավորելով հայ-լեհական առաջին համատեղ ձեռնարկության բացման կապակցությամբ` լեհ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը հույս են հայտնել, որ «Լյուբավա-Արմենիայի» հաջողությանը կհետևեն նաև ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը:

 

Ի շահ երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման` նորաստեղծ ընկերությանն անխափան և արդյունավետ գործունեություն է մաղթել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում: Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և միջազգային այլ շուկաներ:

 

Շնորհակալություն հայտնելով այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրել, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմական համագործակցության մեդալով և արժեքավոր նվերով է պարգևատրել մի շարք լեհ պաշտոնյաների և ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչների:

 

Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո բարձրաստիճան հյուրերն ու զինվորականները ձեռնարկության ղեկավար կազմի և Լեհաստանի ռազմաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են ձեռնարկության տարածքում` մանրամասն ծանոթանալով արտադրական կարողություններին և առաջիկա ծրագրերին:

 

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները, սաղավարտները, զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն:

Նույն շարքից