Մամուլի ակումբ 

ՍԴ-ն չի բավարարի միջնորդությունը. Մանվել Բադեյան

analitik.am

Այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած  «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ. բարեփոխո՞ւմ, թե ռիսկային քայլ» թեմայով ասուլիսի հյուրն էր  ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: Բանախոսն ասաց, որ  յուրաքանչյուր ոք պետք է վաստակի իր կենսաթոշակը իր աշխատանքային պրակտիկայի  ընթացքում և իր կենսաթոշակը պետք է փոխկապակցի  աշխատանքի հետ:

Նրա խոսքով` այս օրենքի հետ կապված  քննադատությունը վերաբերում է դետալներին, մասնավորապես` ծայրահեղականների բողոքը վերաբերում է  այս օրենքի սահմանադրականությանը. նրանք պարտադիր բառին են դեմ: Սակայն մենք ունենք նաև պարտադիր ԱՊՊԱ, պարտադիր միջնակարգ կրթություն, պարտադիր զինծառայություն: Ինչպես կրթությունը, այնպես էլ կենսաթոշակները կարող են լինել պարտադիր,  սա նորմալ է: «Այստեղ ավելի շատ կան հոգեբանական խնդիրներ, մարդիկ հակված չեն հեռատես լինելու և ապահով ծերության համար գումարներ կուտակելու: Սակայն քննադատությունը, որը վերաբերվում է օրենքի սահմանադրականությանը,  հիմքեր չունի»:

Պատասխանելով օրենքի ռիսկայնության վերաբերյալ դիտարկմանը` ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ ֆինանասկան միջոցների կառավարման ընթացքում ռիսկեր միշտ էլ կան, և պատգամավորը վստահ է, որ եթե ռիսկերը կառավարելու խնդիրը տրված լիներ ՀՀ կենտրոնական բանկին, ապա նույն կերպ բողոքներ կլինեին:  ՀՀ կառավարությունը, ԱԺ-ն դրել են  սահմնափակումներ այն ֆոնդերի վրա, որտեղ գումարը կուտակվում է,  քանի որ չի կարելի և' կառավարել և' վերահսկել, պետք է կառավարի մեկը, իսկ  մյուսը` վերահսկի: ԿԲ-ն պետք է վերահսկողի դերում լինի, իսկ մասնագետը`  կառավարի»: Մանվել Բադեյանը նաև գտնում է, որ  այստեղ կա վստահության հարց` մեր ժողովուրդը չի վստահում մեր կառավարությանը, սակայն դա  չի կարող պատճառ հանդիսանալ այս օրենքին չվստահելու համար, քանի որ  երաշխիք չկա, որ  քսան տարի հետո կունենանք վստահելի կառավարություն:

 «Այս բարեփոխումը անհրաժեշտ է, այս օրենքի մեջ ես տեսնում եմ խոցելի մասեր, տեսնում եմ բարելավման անհրաժեշտություն, սակայն օրենքը պետք է ընդունվի, զարգանա ու ապահովի  արդարություն ու վստահություն: Հիմնական քննադատությունը  սպեկուլյատիվ է, իբրև թե ցածր աշխատավարձի պայմաններում հնարավոր չէ տալ այդ 5%-ը: Պետք է հասկանանք, որ այս օրենքը կենսաթոշակի մասին է, այլո ոչ թե աշխատավարձի: Աշխատավարձը պետք է պայմանավորվի մեր տնտեսության աճով, և բացի այդ, եթե մարդ ստանում է 50 000 ՀՀ դրամ, ապա 2500 դրամն այդքան էլ մեծ գումար չէ կենսապայմանների բարելավման համար, բայց այդ գումարով մարդը կարող է իր համար ապահով ծերություն երաշխավորել:

Իրականում բողոքում են  նրանք, ում աշխատավարձը բարձր է, ինչի պատճառով էլ նրանք  ավելի շատ են տուժում: Սակայն չպետք է մոռանալ, որ կառավարությունը պետք է համաֆինանսավորի՝ չնայած այստեղ մենք թերություն ունենք, քանզի օրենքով կառավարությունը ֆինանսավորում է մինչև 25 000 ՀՀ դրամ: Օրենքի այս հատվածը  միանշանակ բարելավվելու և փոփոխվելու դեռ շատ տեղեր ունի: Խոցելի են  նաև հղիության պատճառով չաշխատող կանայք, որոնք  զրկվում են համաֆինանսավորումից, սա նույնպես պետք է փոխել: Սակայն այս օրենքը սոցիալական մեծ խնդիր լուծող օրենք է, որը հետագայում մարդուն հնարավորություն է տալիս ունենալ բարձր կենսաթոշակ»:

Հարցին արդյոք ընդդիմությունն այս օրենքի քննարկման ժամանակ ներկայացրել է իր տեսակետներն ու դեմ է եղել այս օրենքի ընդունմանը, պարոն Բադեյանը պատասխանեց, որ ԱԺ-ում քննարկումներ եղել են երեք տարի շարունակ, ըննդիմության կողմից որևէ առաջարկ չի եղել այս օրենքի կապակցությամբ:  Բուռն արձագանքներ եղան միայն այն ժամանակ, երբ օրենքն արդեն պետք է կիրառվեր: Հարցին, թե արդյոք համապատասխանում է լուրը իրականությանը, որ  Ֆոնդերից մեկը գրանցված է օֆշորում, բանախոսն ասաց, որ ինքը տեղյակ չէ, բայց սա պատճառ չի կարող լինել, որպեսզի անվստահության համար: Հարցին`  ՍԴ-ն պետք է որոշումը կայացնի օրենքը կասեցնելու կամ հակառակը և արդյոք հնարավոր է, որ օրենքը կասեցվի, բանախոսը պատասխանեց, որ օրենքում հակասահմանադրական  որևէ բան չկա, և ՍԴ-ն  չի բավարարի միջնորդությունը: 

Նույն շարքից