Մամուլի ակումբ 

«Փոքր ազգերի համար լեզուն ստրատեգիական զենք է». Ս. Սրապիոնյան

analitik.am

«Ես շատ եմ  ափսոսում, որ ստիպված ենք եղել ստեղծել մայրենիի օր, որովհետետև հայ մարդը մայրենին իր մեջ պիտի կրի, արյան մեջ, երակների մեջ: Այսօրվա համատարած «պակա»-ները և օգտագործվող այլ օտար բառերը որոշակիորեն ստիպում են լեզվին նահանջել: Եվ պետական այրերը, և շահագրգիռ անձինք գնացել են այն քայլին, որ տոնը մեկ անգամ ևս արթնացնի մարդու մեջ սեփական լեզվով ապրելու, գոյատևելու խնդիրը, որովհետև լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ»,- «Անալիտիկ» կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը մայրենիի մասին մտահոգություն  հայտնեց Սփյուռքի փոխնախարար, գրականագետ Սերժիկ Սրապիոնյանը: Ըստ նրա՝ այդ հաղորկադցման միջոցը կարելի է և ընտրել, կարելի է հաղորդակցվել այլ լեզվով, կարելի է նույնիսկ նշանային համակարգ մշակել և հաղորդակցվել, հաղորդակցումը չի տուժի:


 

«Լեզուն մտածողություն է, իսկ մտածողությունը նաև ազգային ինքնություն է: Մասնավորապես փոքր ազգերի համար լեզուն ստրատեգիական զենք է: Կորցրիր լեզուդ ՝ կորցրիր ինքդ քեզ: Ազգային ինքնությունը դիմագիծ է»,- ասաց Սփյուռքի փոխնախարարը:

 

Հ. Աճառյանի անվան լեզվի ինստուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը նշեց, որ Մայրենի լեզվի տոնը հետաքրքիր է այն առումով, որ ազգային տոն է, և համամարդկային: Ազգային տոն է, որովհետև յուրաքանչյուր ազգ ունի իր մայրենի լեզուն և տոնում է այդ օրը: Համամարդկային է, որովհետև մարդկությունը բաղկացած է ազգերից, բոլորի համար է: Ըստ նրա՝ սա այնպիսի տոն է, որ ոչ մեկի շահերը չեն ոտնահարվում:

 

«Հայերեն ասվածը  միայն գրական արևելահայերենը չէ, պետք է հասկանանք` և գրական արևելահայերենը, և արևմտահայերենը, և բարբառները, և խոսակցական լեզուն, և, անշուշտ, երբ անդրադառնում ենք հայերենի որևէ դրսևորման, անդրադառնում ենք ամբողջ հայերենին: Ինչ վերաբերում է գրական արևելահայերենին, ապա օրենքների անկատարություն կա, ըստ օրենսդրության՝ պաշտոնական լեզուն գրական հայերենն է, ինչը նշանակում է, որ պաշտոնական իրադրություններում, հանդիսավոր իրադարձությունների ժամանակ՝ կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում պետք է գործի միայն գրական արևելահայերենը: Ընդ որում՝ անաղարտ վիճակով: Ցավոք, պետությունը չի հետևում, ինչպես հարկն է, օրենքի կատարմանը: Մյուս կողմից հասարակությունը շատ անփույթ է լեզուն գործածելու իմաստով»,- ասաց Վիկտոր Կատվալյանը:

 

Սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական բաժնի պետ Սիրվարդ Համբարյանն էլ ներկայացրեց Մայրենի լեզվի միջազգային օրվա միջոցառումներն ու ծրագրերը:

 

«Մայրենի լեզվի օրն արդեն ավանդաբար սկսում ենք Օշական այցելությամբ, Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ դնելով, Դպրեվանքում գրական-երաժշտական համույթ է կազմակերպվում տեղի դպրոցի սաների, ինչպես նաև  սփյուռքահայ ուսանողների մասնակցությամբ: Այս տարի այնտեղ ելույթ կունենան նաև արաբախոս սիրիահայ երեխաները, ովքեր ընդհանրապես լեզուն չեն իմացել, բայց արևելահայերենի ուսուցման դասընթացից հետո արդեն տիրապետում են, խոսում են, բանաստեղծություններ են ընթերցում, երգում են: Այնուհետև կվերադառնանք ՀՀ. ԳԱԱ կլոր սեղան հանդիպում-քննարկման: Մինչ այդ երթ կկազմակերպենք Մատենադարանից մինչև ԳԱԱ շենք: Եվ երեկոյան  18:00-ին Առնո Բաբաջանյանի համերգասրահում մեծ համերգային ծրագիր կա ձոնված մայրենիին»,- տեղեկացրեց Սիրվարդ Համբարյանը:


Նրա խոսքով՝ Սփյուռքի նախարարության ստեղծման առաջին իսկ օրվանից մայրենի լեզվի պահպանման, արևմտահայերենի պահպանման, լեզվի իմացության խնդիրներն առաջնային են եղել և հայապահպանական ծրագրերում՝ գերակա ուղղություն:

 

Սերժիկ Սրապիոնյանը անդրադառնալով լեզվի հիմնախնդիրներին՝ տեղեկացրեց, որ դիմել են ԿԳՆ առաջարկով՝  արևմտահայերենը ներառել դասավանդվող հիմնական առարկաների ցանկում:

 

«Մենք չենք ճանաչում այն լեզուն, որով հսկայական գրական ժառանգություն ունենք: Շրջանավարտներին մի երկու հարց ենք տալիս, լավագույն դեպքում ասում են՝ գրաբար է: Դպրոցն ավարտելով՝ շրջանավարտը պետք է տիրապետի արևմտահայերենին»,- նշեց Սփյուռքի փոխնախարարը: Առաջարկը քննարկման փուլում է:  

Նույն շարքից