Մամուլի ակումբ 

Բրեյքդանսի աշխարհի չեմպիոնը Հայաստանում

analitik.am

Մարտի 14-15-ին Հայաստանի բի-բոյների էլիտան կհանդիպի Red Bull BC One 2014` բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: Հայաստանի լավագույն 24 պարողները կպայքարեն ապրիլի 13-ին Թբիլիսիում կայանալիք հերթական կովկասյան նախընտրական փուլում մասնակցելու համար:

Այդ առիթով այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Բրեյքդանսի ամենամյա առաջնության Կովկասի նախընտրական փուլ.Ի՞նչ միջոցառումներ են սպասվում, ի՞նչ հեռանկարներ կան Հայաստանի համար բրեյք դանսի ոլորտում» թեմայով մամուլի ասուլիսի հյուրն էր Բրեյք դանսի աշխարհի շեմպիոն, աշխարհահռչակ պարող (բի բոյ) Ռոքս Ռայթը (Օմար Դելգադո):

 

Անդրադառնալով թեմային Ռոքս Ռայթը նշեց,  որ Հայաստանում բրեյքդանսը զարգացման տարբեր մակարդակների վրա է, Հայաստանում կան և՛ պրոֆեսիոնալներ, և՛ սկսնակ պարողներ, և նա հուսով է, որ մեր պարողները ժամանակ կգտնեն բրեյքդանսի զարգացման համար: Համեմատելով Հարավային Կովկասի 3 երկրներում բրեյքդանսի զարգացման մակարդակը, Ռոքս Ռայթը նշեց, որ մեր պարողների մոտ հսկայական առաջխաղացում կա, բայց մենք հետ ենք մնում մեր հարևաններից:

Խոսելով Հայաստանում բրեյքդանսի զարգացման և երիտասարդության շրջանում հետաքրքրության մասին Հայաստանում բրեյքդանսի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Անդրեասյանը նշեց, որ բրեյքդանսը բարդ է՝ իր յուրահատուկ շարժումներով և հետաքրքրությունը այն երիտասարդների մոտ է, ովքեր ֆանատիզմով են վերաբերում պարին և հավատում են, որ իրենց մոտ ամեն ինչ կստացվի: Սարգիս Անդրեասյանը նաև նշեց, որ ՀՀ-ում բրեյքդանսը փոքր պատմություն ունի, իսկ մրցույթների սկսել են մասնակցել 2011թ-ից: Այսօր արդեն 8-9 ակումբ կա, որը շատ ուրախալի է:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ արդեն 10 տարի է, ինչ Հայաստանում պարը կա, բայց որևէ լուրջ հաղթանակ չունեն, Սարգիս Անդրեասյանը պատասխանեց, որ միջազգային մրցաշարերի մասնակցելու հնարավորություններ շատեն լինում, բայց ֆինանսական ռեսուրսներ չկան և Վրսատանը դեռևս միակ հասանելի երկիրն է:

 

 Ռոքս Ռայթը անդրադարձավ նաև իր կյանքում բրեյքդանսի դերին և ասաց, որ  սկսել է պարել 90 ականներին` որպես հոբբի, ապա 3 տարի պարելուց հետո սկսել է ավելի լուրջ զբաղվել և մասնակցել մրցույթների: Այսօր նա արդեն 85 մրցանակ ունի և հույս ունի այս տարվա ընթացքում իրագործել երազանքը և մրցանակների թիվը հասցնել 100-ի:

Խոսելով Հայաստանում բրեյքդանսի հեռանկարների մասին, բրեյքդանսի աշխարհի չեմպիոնը ասաց, որ զարմացած և շատ ուրախ է տեսնել փոքրիկների, ովքեր այդքան խանդավառված փորձում են մասնագիտանալ բրեյքդանսում: Նա նաև խոստացավ համագործակցել Հայաստանի բրեյքդանսի ֆեդերացիայի հետ և նպաստել մեր երկրում բրեյքդանսի զարգացմանը:

Լրագրողների այն հարցին, որ ժամանակակից պարերի նպատակը շատ դեպքերում շահույթ ստանալն է, և արդյոք բրեյքդանսում որևէ շահույթ ստանալու հնարավորություն կա, Անդրեասյանը պատասխանեց, որ նպատակը միայն բրեյքդանսում իսկական վարպետ լինելն է:

Խոսելով այն մասին, թե արդյոք կարելի է բրեյքդանսը համարել մշակույթի տարր, Ռոքս Ռայթը պատասխանեց, որ բրեյքդանսը ձևավորվել է որպես փողոցային պար, որովհետև պարում էին աղքատները և փողոցում, բայց այսօր այն մշակույթի մի մաս է:

«Բի-բոյ» անվանման ծագման մասին խոսելով Ռոքս Ռայթը բացատրեց, որ անվանումը առաջացել է «բրեյք-բոյ»` «պարող տղա» արտահայտության ձևափոխությունից

Պատասխանելով այն հարցին, թե որքան գումար են վաստակում բրեյքդանսիստները ԱՄՆ-ում և Եվրոպայում, Ռոքս Ռայթը պատասխանեց, որ Եվրոպայում շատ ավելի հեշտ է աշխատելը` գումարի առումով, որովհետև երբ դու հաղթում ես մրցաշարում, տարբեր երկրներից հրավերներ են լինում:

Լրագրողների այն հարցին, որ բրեյք-դանսում վնասվածքներ ստանալը շատ հեշտ է, և եղել է արդյոք մի պահ, երբ նա մտածի բրեյք-դանսը ամբողջությամբ թողնելու մասին, չեմպիոնը պատասխանեց, որ վնասվածքներ շատ-շատ են լինում, բայց դա չի նշանակում, որ դրանց պատճառով պետք է պարը թողնի, ուղղակի յուրաքանչյուր վնասվածքից հետո հանգտսացնում է մարմինը և շարունակում առաջ գնալ:

 

Նույն շարքից