Մամուլի ակումբ 

Միջինք. Մեծ Պահքի կես, ավանդույթներ և ժողովրդական սովորույթներ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբում տեղի ունեցած «Միջինք. Մեծ Պահքի կես, ավանդույթներ և ժողովրդական սովորույթներ» թեմայով ասուլիսի հյուրերն էին  Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Սուրբ Հակոբ եկեղեցու երիտասարդական միության անդամ Հասմիկ Միրզոյանը:

Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը  խոսելով Միջինքի մասին, ասաց. «Մեր եկեղեցեկան տոնացույցի մեջ կարճ բնութագրում ունի «Միջինքը», այն Մեծ Պահքի չորրոդ շաբաթվա չորեքշաբթի օրն է  նշվում: Մեր ժողովուրդը «Միջինքը» շատ մեծ տոնակատարությամբ է նշել, այսօր էլ գոյություն ունի ժողովրդական տոնակատարություն, և այդ ազգային տոնակատարությունները պետք է մեր ժողովուրդը պահպանի և միշտ տոնի, քանի որ մեր արմատներն այդտեղից են գալիս: Ճաշատեսակները, որոնք պատրաստվում են այդ տոնակատարության ընթացքում եղել են մեր ազգային ճաշատեսակները և կիրառվել են Պահքի ընթացքում:

 

Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդները միշտ նշում են այդ տոնակատարությունները և մեր եկեղեցասեր երիտասարդները մեծ սիրով ուսումնասիրում են եկեղեցական տոները և միշտ  նշում են: Վաղը «Միջինքն» է և մեծ միջոցառում ենք կազմակերպելու: Մենք նշեցինք Ս. Սարգիս,  Բարեկենդան տոները, որոնք անցան մեծ շուքով,  հենց դա վառ ապացույց էր, որ մեր ժողովուրդը ազգային տոները վերջնականապես չի մոռացել և դեռ   նշում է մեծ շուքով: Արարատյան Հայրապետական Թեմի երիտասարդները կազմակերպել էին նաև Ֆլեշմոբ Բարեկենդանի տոնի առիթով, ձիարշավարանում ժողովրդական մեծ տոնակատարություն տեղի ունեցավ: Ունենք մեծ ծրագրեր տարվա ամբողջ կտրվածքով, բարեգործություններ ենք անելու և տոնակատարություններն ենք տոնելու: Մեզ հաջողվեց 150 տարի հետո վերհանել Բարեկենդանն ու ժողովրդական տոն դարձնել: «Միջինքի» ընթացքում Պահքը չի ընդհատվում,այլ այդ օրը Պահքը կիսվում է: Ինչպես գիտենք ամբողջ պահքի ընթացքում կենդանական ոչինչ չենք օգտագործում, բացառություններ չկան օրերի վերաբերյալ»:

 

Ավանի Սուրբ Հակոբ եկեղեցու երիտասարդական միության անդամ Հասմիկ Միրզոյանը ասաց.  «Վաղը Առաջնորդարանի դահլիճում մեր առաքելական ընտանիքով նշելու ենք «Միջինքը»: Մոտ 14 կերակուր ենք ունենալու, որոնք  այնպիսի կերակուրներ են, որոնք երբևէ չենք տեսել և համտեսել,  պետք է նաև  դհոլ զուռնայով նշենք, որը առաջներում են նշել: Նպատական է՝ կարողանալ թեմի երիասարդական շրջանում այս սովորույթը վերականգնել և կամաց-կամաց  տարածել  ժողովրդի շրջանում: Մենք ունենք պահքային կերակրատեսակների մեծ ցանկ և կարելի է վերհանել այդ կերակրատեսակներն ու պահքի ընթացքում կիրառել:

 

  Սովորություն կա, որ մեծ պասի 23-րդ օրը եկեղեցում նշում  են լիճքը, այն է ՝ տաշտի մեջ ջուր են լցնում ու ձեթ և խաչի մեջ պատրույգը լիճքում վառում են մինչև լույս: Առավոտյան լիճքի ջուրը խառնում են բաղարջի խմորի հետ:

 Մենք արդեն 9 տարի շարունակ նշում ենք Ս. Սարգիսը և այն արդեն տարածում է գտել, այս տարի մեծ շուքով նշվեց նաև Բարեկենդանը և կամաց-կամաց «Միջինքն» էլ ենք ուզում նշել և տարածել ժողովրդի շրջանում»:

 

Կան ժողովրդական գեղեցիկ սովորություններ օր.՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում և ուղարկվում փոխադարձաբար հարսնացուին կամ փեսացուին: Այդ երեկոն կոչվում էր «Քառասուն մանկունք» և ժողովրդական մի շարք սովորություններ նվիրված էին այդ գաղափարին: Այդ երեկո չափահաս աղջիկները գաթա, հալվա էին պատրաստում  և գնում իրենց նշանված ընկերուհու տուն: Այստեղ նրանք «քառասուն անգամ քառասուն» ծնրադրում էին «Քառասուն մանուկ, քառասուն կույս, քառասուն մանկանց բարեխոս» խոսքերով:

     Ողջ գիշեր քառասուն մանկանց հիշատակին ծնրադրելով, ժամանակ առ ժամանակ իրենց հետ բերած մթերքով ուժերը վերականգնելով, աղջիկները առավոտյան լվանում էին մեկը մյուսի գլուխը և տանտերից մի-մի գուլպա նվեր ստանալով՝ ցրվում:

Նույն շարքից