Մամուլի ակումբ 

Նիմֆոմանիայի պատճառներն առաջին հերթին կապված են հոգեկան խանգարումների հետ

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Նիմֆոմանիա, սեռական այլ խանգարումներ. մեր հասարակության սեռական առողջության աստիճանը» թեմայով ասուլիսի հյուրն էր բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Նա նախ անդրադարձավ նիմֆոմանիա բառի բացատրությանը և նշեց, որ նիմֆոմանիան լատիներենից թարգմանաբար նշանակում է «նիմֆո»-կին, «մանիա»- խանգարում, այնուհետև անդրադառնալով թեմային՝ բանախոսը նշեց, որ չնայած նիմֆոմանիայի մասին բուռն քննարկումներին, թեմայի մասին մասնագիտական վերլուծություն մինչև այսօր չկա: Պարզաբանելով թեման՝ բժիշկը նշեց,  որ նիմֆոմանիան կանանց մոտ գերբարձր սեռական ցանկություն է, սեռական խանգարման տեսակ, որը ախտաբանական երևույթ է, քանի որ այս դեպքում կնոջ համար ավելի կարևոր է իր սեռական ցանկության բավարարումը, քան այն, թե ինչպես, ում հետ կամ որտեղ է տեղի ունենում սեռական հարաբերությունը:  Բժշկի բնորոշմամբ նիմֆոմանիայի  պատճառներն առաջին հերթին կապված են հոգեկան տարաբնույթ խանգարումների, այդ թվում նաև շիզոֆրենիայի հետ, ինչպես  նաև կնոջ սեռական օրգանների ուռուցքաբանական նորագոյացությունների առաջացման հետ: Բժիշկ-սեքսապաթոլոգի պարզաբանմամբ՝ իր պրակտիկայում նա շատ քիչ, բայց նիմֆոնիայով տառապող կանանց դեպքեր ունեցել է:

 

Նա նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե յուրաքանչյուր տղամարդ երազում է այնպիսի կնոջ մասին, ով միշտ սեքս է ուզում, բայց սեռական անբավարարվածությունը բերում է նրան, որ կինը վեր է ածվում սկանդալների սիրահար հիսթերիկի, աղմկոտ տեսարանների խանդոտ սիրահարի: Նա զուգընկերոջ ներկայությամբ  սկսում է թատերական  դրամաներ խաղալ` փորձելով մանիպուլյացիայի ենթարկել նրան, երբեմն ստիպված է խաբել բոլորին, որպեսզի կարողանա բավարարել իր սեռական պահանջմունքները:

    Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու կանանց անզուսպ սեռական ցանկությունը  խանգարում է համարվում, իսկ տղամարդկանց համար դա  առավելություն է դիտվում, բժիշկ-սեքսապաթոլոգը նշեց, որ այս հիվանդությունը միայն կանանց է բնորոշ, տղամարդկանց մոտ նման ախտաբանական երևույթը կոչվում է սատիրիազիս: «Նիմֆոմանիայով տառապող կանայք չեն բավարարվում մեկ կամ երկու հարաբերությամբ,  նրանք անընդհատ կարիք ունեն սեռական հարաբերությունների, և դա է պատճառը, որ նրանք անընդհատ փոխում են իրենց զուգընկերներին»:

Անդրադառնալով «Նիմֆոմանիա» ֆիլմի ցուցադրման արգելքին՝ նա պատասխանեց, որ ֆիլմը դեռահասների և երիտասարդների մոտ կարող էր սխալ պատկերացում առաջացնել և՛ հիվանդության, և՛ առհասարակ սեռական առողջության մասին, բայց այդքան մեծ աղմուկ բարձրացնել ֆիլմի ցուցադրվելու կամ չցուցադրվելու կապակցությամբ, պետք չէր:

 

Խոսելով մեր հասարակության սեռական առողջության մասին՝ նա նշեց, որ հիմա մենք անցումային շրջանում ենք գտնվում, կա որոշակի առաջընթաց, մարդիկ խնդիր ունենալու դեպքում դիմում են բժշկին, իհարկե նա նշեց, որ նույնիսկ սեռական խանգարումների դեպքում սեքսապաթոլոգի «կանգառը» առաջին տեղում չի: «Մեր երկրում դեռ չի ձևավորվել սեքսապաթոլոգին դիմելու մշակույթը, իսկ մարզերում իրավիճակն ավելի ցավալի է, քանի որ, եթե Երևանում մարդիկ գոնե դիմում են բժշկի, ապա մարզերում մարդիկ ընդհանրապես չեն դիմում բժիշկի»: Բժիշկը նաև նշեց, որ գարնանը՝ պայմանավորված նյարդային խանգարումների սրացմամբ, սրվում են նաև սեռավարակային հիվանդությունները և տարաբնույթ սեռական խանգարումները:

Պատասխանելով այն հարցին, թե միգուցե մարդիկ խուսափում են դիմել սեքսապաթոլոգի՝ սոցիալական վիճակի պատճառով՝ նա պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում իրենք խորհրդատվությունն  անվճար են տրամադրում, բայց խնդիրը շատ դեպքերում կարող է կապված լինել թանկարժեք դեղերի հետ:

«Շատ դեպքերում հենց մեդիայում ներկայացվող թյուր ու երբեմն նաև գռեհիկ ինֆորմացիայի պատճառով մեր հասարակությունը խուսափում է սեռական խնդիրներին անդրադառնալ և, խնդիրները սրվելով, երբեմն ճակատագրական են դառնում: Մենք այսօր խնդիր ունենք, որ հասարակությունը սեռական առողջությանը վերաբերվի որպես ընդհանուր առողջության մաս»:

Բանախոսը եզրափակեց, որ այսօր և՛ հեռուսատեթերում,  և ՛ ռադիոեթերում այնպիսի հաղորդումների կարիք կա, որոնք ուսուցողական են, պատրաստվում են մասնագետների կողմից և ներկայացնում են խնդիրը և իրենք՝ բժիշկները, իրենց պատրատակամությունն են հայտնել անվճար խորհրդատվություն անցկացնել, ինչպես նաև գնալ մարզեր, անցկացնել բաց դռների օրեր:

 

Նույն շարքից