Մամուլի ակումբ 

Մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները

analitik.am

Այսօր Անալիտիկ կենտրոնում տեղի ունեցած  «Կնոջ դերը. մուսուլման և քրիստոնյա կանանց առանձնահատկությունները, կրոնական սահմանափակումների ազդեցությունը կնոջ հասարակական և սոցիալական դիրքի վրա» թեմայով ասուլիսի հյուրերն էին  ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:


Խոսելով թեմայի մասին` Վարդան Խաչատրյանը ասաց, որ ծայրահեղական մոտեցում գոյություն ունի` միջնադարում կարծիք կար, որ կինը հոգի չունի և իր կողմից բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել պարզելու նման մոտեցման պատճառը: 

«Քրիստոնեության մեջ երկրորդայնացման խնդիր չկար, բավական է միայն նշել, որ մեր թվարկության առաջին դարում Հռոմը ուներ մի քանի հազար կին և մոտավորապես 400 տղամարդ: Նույնիսկ պատրիարխալ ընտանիքների հիմքը կինն է, դրա մասին խոսել է նաև Էքզյուպերին` համարելով որ եվրոպացիները հայերից պիտի սովորեն ընտանիքի աստիճանական կառուցվածքը»:

Տեր Շահեն հավելեց, որ եկեղեցի մտնելուց մենք տեսնում ենք Մարիամ Աստվածածնին, ով բոլոր կանանց ելակետն է: «Աստվածաշնչում մենք գրաբարով ունենք հետևյալը` «զհետս կնոջ», որը աշխարհաբարում հաճախ սխալ թարգմանություն ունի` «կնոջ հետևից»,  իրականում այն նշանակում է «կնոջ հետ»: Նա նաև ասաց, որ միգուցե իր ասածը ծայրահեղական հնչի, բայց հաճախ հայ գենի պահողը կինն է, ով զոհաբերելով իրեն, շարունակական է դարձնում հայ գենը:


 Պատասխանելով այն հարցին` թե պաշտպանված է արդյոք կինը քրիստոնեության մեջ և մեծարվում է, բանախոսները միանշանակ միակարծիք են, որ հայ կինը, քրիստոնյա կինը պաշտպանված և մեծարվում է, չնայած հասարակության մեջ առկա կանանց բռնության դեպքերին:


Պարոն Խաչատրյանը ընդգծեց, որ մեր հասարակության մեջ կանանց իրավունքների առումով լուրջ փոփոխություններ կան` աշխատաշուկայում ձևավորված աշխատանքների մեծ մասը նախատաեսված են միայն կանանց համար, մինչդեռ արդյունաբերության քայքայման պայմաններում տղամարդկանց համար ավելի քիչ հնարավորություններ կան: Կանանց միակ խնդիրը քաղաքականության մեջ նրանց փոքր ներգրավվածությունն է, չնայած դա էլ կարգավորված է օրենքով և պառլամենտում պատգամավորների 1/3-ը պետք է լինեն կանայք:


Անդրադառնալով այն խնդրին, որ բացի քրիստոնեական ավանդույթներից մենք ունենք նաև հայկական մենթալիտետ, որը ավելի ծանր իրավիճակի մեջ է դնում կանանց և արդյոք համատեղելի են կանանց իրավունքներն ու հայկական մենթալիտետը, Տեր Շահեն պատասխանեց, որ խնդրի հիմքում պատմական ակնարկն է` քրդական, օսմանյան լուծը և ոչ հայկական մենթալիտետը:


Վարդան Խաչատրյանն հավելեց, որ հնում շատ քիչ իրավունքներով ընտանիք մտնող կինը հետագայում ավելի մեծ իրավունքներ ուներ, նույնիսկ գավառներից մեկում դատավորները կանայք էին, և բոլոր տղամարդիկ լսում և կատարում էին այդ դատավորների վճիռները:


Բանախոսները միակարծիք էին այն հարցում, որ հայ կնոջ մերժված լինելը արտահայտվում է այն ասպեկտում, որ նա ընտանիքի ամբողջ ծանրությունը իր վրա է կրում, մինչդեռ նա պետք է լինի էտալոն:

Վարդան Խաչատրյանը մեջբերեց Լորենսո Արաբացիի խոսքերը. «Արևմուտքի կանայք բռնապետներ են, Արևելքի կանայք` ստրուկ, իսկ Հայ կինը գենի պահպանման հիմքն է, դրա համար հայ ազգը պիտի վերացվի»:

Անդրադառնալով մուսուլման կանանց իրավունքներին ու դերին` Խաչատրյանը նշեց, որ իսլամում կանաց իրավունքները շատ ավելի սահմանափակված են, և այդ քրիստոնեության հետ տարբերությունների  պատճառը կայանում է նրանում, որ քրիստոնեությունը ձևավորվել է Հռոմեկան կայսրությունում, մուսուլմաններն իրենք են ստեղծել իրենց կրոնը` հաճախ դրա համար ստիպված լինելով բռնությունների դիմել:


«Տան պատերից ներս մուսուլման կանանց իրավունքերն ու դերը շատ մեծ են, նույնիսկ եթե տղամարդը ունի բռնության իրավունք, կինը ևս ունի բռնության իրավունք` դավաճանության դեպքում նա կարող է ծեծել ամուսնուն: Միաժամանակ վայրագություն է հիշեցնում կանանց թլպատությունները, որը կիրառվում է այն դեպքում, երբ կինը շատ կրքոտ է», ավելացրեց Վարդան Խաչատրյանը:

Շատ վտանգավոր է քրիստոնեից Արևմուտքի կրոնափոխության խնդիրը: Դարեր շարունակ այս 2 կրոնները պայքարել են` համաշխարհային տիրապետության համար և քրիստոնեից բանակները կարողացել են հաղթել, մինչդեռ այսօր քրիստոնեությունը ընկրկում է, իսկ իսլամը բավականին ուժեղացել է:

Խոսելով այն մասին, որ այսօր վտանգված է հայ կնոջ հավաքական կերպարը, Վարդան Խաչատրյանը նշեց, որ համացանցի պայմաններում քարոզվում են արժեքներ, որոնք էլ փոխում են դեռահասների պատկերացումները հայ կնոջ կերպարի մասին, մինչդեռ յուրաքանչյուրս մեր մեղքի բաժինն ունենք, որ և' համացանցում, և' մեդիայում չեն ներկայացվում հայ կնոջ կերպարի իրական արժեքները և սա ազգային անվտանգության խնդիր է: «Մենք այսօր ցանկանում ենք նմանվել Եվրոպային, բայց չենք հասկանում, որ նման կերպ մենք աշխարհին պետք չենք գալու: Աշխարհում գոյատևելու համար սեփական գույնն է պետք ունենալ: Մենք ասում ենք, որ Եվրոպայից արժեքներ ենք ստանում, բայց Եվրոպայի արժեքները Շեքսպիրն է, Դանթեն, բայց մենք դա չենք ստանում Եվրոպայից, մենք ստանում ենք միայն ֆասթ- ֆուդ, որով անկարող ենք պահել մեր ազգային դիմագիծը»:


Տեր Շահեն ցավով հայտնեց, որ այսօր դեռահասները, երեխաները խռովված են հասարակությունից. նրանք, տեսնելով հասարակության, իրենց շրջապատի բարքերը, կորցնում են արժեքները: Երեխան, դաստիարակվելով ընտանիքում հայկական արժեքներով, բայց դրսում տեսնելով միանգամայն այլ բան, կորցնում է  իր  աշխարհայացքը և հեշտությամբ ընկնում օտար արժեքների ազդեցության տակ:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով է փոխվել կնոջ դերը հասարակության մեջ տարիների ընթացքում, Տեր Շահեն պատասխանեց, որ մեր հասարակության մեջ բեկումնային եղան 90-ականները, երբ կանայք ամբողջ բեռը իրենց վրա կրելով` ընտանիքում դերերի փոփոխություն եղավ:

Վարդան Խաչատրյանը անդրադարձավ իսլամում կնոջ դերի փոփոխությանը և ասաց, որ իսլամում չնայած որ պահպանվել են սահմանափակումները, այնուամենայնիվ որոշակի առաջընթաց` կանանց իրավունքների առումով արդեն  կան:


Միաժամանակ անընդհատ բարձրաձայնվող իրավունքների և ազատության մասին Վարդան Խաչատրյանը նշեց, որ իրավունքը անսահման ազատությունը չի, այլ բարու և չարի միջև ընտրությունն է, իրավունքը նաև պատասխանատվություն է ենթադրում:


Բանախոսները թեման ավարտեցին այն մտքով, որ այնուամենայնիվ հասարակության մեջ առավել շահեկան է քրիստոնյա կնոջ դերը: Քրիստոնեությունը ունիվերսալ համակարգ է, այն մարդուն տալիս է ազատ մտածողության ժամանակ, միաժամանակ, անհամեմատելի է քրիստոնեության մեջ Աստծո և մահկանացուի փոխհարաբերությունները: 

Նույն շարքից