Մամուլի ակումբ 

Ապրիլի 2-ը՝ աուտիզմի իրազեկման օր ամբողջ աշխարհում

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Աուտիզմի իրազեկման միջազգային օր. Իրականացվող միջոցառումներն ու գրանցված ձեռքբերումները» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» հիմնադիր, հոգեբանական գիտությունների դոկտոր Այրա Պաուլ Հեյլվեյլը, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Նարինե Վարդանյանը, Աուտիզմ ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը, «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ նախագահ Հասմիկ Մարգարյանը, «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ անդամ Սոնա Պետրոսյանը:


Խոսելով թեմայի  մասին Այրա Պաուլ Հեյլվեյլը նախ անդրադարձավ Հայաստանում «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրերին և նշեց, որ առաջին անգամ ինքը Հայաստան եկել է տաս տարի առաջ՝ երկու քաջ մայրերի նախաձեռնության շնորհիվ: Այդ ծնողների և մի շարք այլ ծնողների երեխաների հետ աշխատանքի արդյունքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ է ունենալ կենտրոն, որը կմիավորի այդ երեխաներին և դուրս կբերի մեկուսացումից:


Խոսելով աշխարհում աուտիզմի վիճակագրության մասին՝ Այրա Պաուլ Հեյլվեյլը նշեց, որ ամբողջ աշխարհում աուտիզմ ախտորոշում ունեցողների համար տարբերություն չկա պետությունների և ռեգիոնների միջև, չկա մի պետություն կամ ռեգիոն, որտեղ աուտիզմ ախտորոշում ունեցողների թիվը արտահայտված շատ լինի, և եթե որոշակի տարբերություններ են առաջանում հաշվարկելիս, դա կապված է միայն հաշվարկման մեթոդների հետ: «Աշխարհում հստակ ցուցանիշ չկա աուտիզմ ախտորոշում ունեցող մարդկանց թվի վերաբերյալ, բայց եթե աուտիզմը լայն սահմանենք, ապա ԱՄՆ-ում ամեն 68-րդ երեխան տառապում է աուտիզմով»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ծնողները կարող են նախապես իմանալ և կանխարգելել հիվանդությունը, մասնագետը ցավով նշեց, որ դա հնարավոր չէ, չնայած մասնագետներն անում են նույնիսկ անհնարինը՝ առավել վաղ ախտորոշելու համար:


Ասուլիսին ներկա Աուտիզմ ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը խոսեց կենտրոնի ստեղծման մասին և նշեց, որ այն ստեղծվել է 2012թ.-ին՝ կառավարության որոշմամբ և ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ: «Երևանի քաղաքապետարանը 168-րդ դպրոցում տարածք հատկացրեց և իրականացրեց տարածքի վերանորոգում՝ երեխաների կարիքներին համապատասխան: Հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 20 երեխայի հետ, այսօր երեխաների թիվը եռապատկվել է: Դպորցը միակն է տարածաշրջանում, որը շաբաթական 48 ժամ թերապիա է իրականացնում և դա շնորհիվ ԱՄՆ-ից եկած հրաշալի մասնագետ Այրա Պաուլ Հեյլվեյլի: Երեխաները հաճախում են 9:30-ից 16:30-ը և ինտենսիվ թերապիա ստանում:»

Անդրադառնալով ապրիլի 2-ին իրականացվող միջոցառումների շարքին` նա նշեց, որ ապրիլի 2-ին քաղաքապետարանից կմեկնարկի քայլարշավ դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի կունենան մի շարք միջոցառումներ և նաև աուտիզմի իրազեկմանը նվիրված երգի շնորհանդես:


«Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ Նախագահ Հասմիկ Մարգարյանն էլ ավելացրեց, որ շատ կարևոր էր կառավարության աջակցությունը, ինչի շնորհիվ ստեղծվեց հիմնադրամը, քանի որ երբ 2006թ.-ին ստեղծվեց «Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ-ն,  ամեն ինչ մասնավոր ներդրումների հիման վրա էր իրականացվում:


Հասմիկ Մարգարյանը նաև անդրադարձավ մի շատ կարևոր խնդրի՝ այսօր աշխարհում կա աուտիզմով տառապող 67 մլն մարդ, որից 33 մլն-ն մեծահասակներ են, և եթե աշխարհում ծրագրեր իրականացվում են երեխաների համար, մեծահասակների համար ծրագրեր ընդհանրապես չկան:


«Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ անդամ Սոնա Պետրոսյանը, պարզաբանելով “ Light it Up Blue” նախաձեռնության իմաստը, նշեց, որ նախաձեռնությունն իրականացվում է “Autism speaks” կազմակերպության կողմից և կապույտ գույնի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աուտիզմով ավելի շատ հիվանդանում են տղաները, իսկ քաղաքում կարևոր շինությունները կապույտ գույնով լուսավորելը նպատակ ունի ցույց տալու, որ ինչպես այդ խոշոր շենքերն են առանձնանում քաղաքում, այնպես էլ աուտիզմի ախտանիշ ունեցող երեխաները՝ հասարակության մեջ:


Լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ավելի շատ տղաներ են հիվանդանում աուտիզմով, Այրա Պաուլ Հեյլվեյլը պատասխանեց, որ պատճառը մինչ օրս դեռ հայտնի չի. «Մենք գիտենք, որ նրանց ուղեղը ուրիշ կերպ է գործում, բայց դեռ պատճառը հայտնի չի և մինչ այսօր պարզ չի՝ այն գենետիկական ծագում ունի, թե ոչ»:  Նա նաև հավելեց, որ ընտանիքները, որոնք նախկինում ունեցել են աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաներ, առավել մեծ է հավանականությունը, որ կարող են նորից նման ախտորոշում ունեցող երեխա ունենալ:


Պատասխանելով լրագրողների այն հարցին, որ կարծիք կա, թե աուտիզմը կապված է վաղ տարիքում երեխաների վակցինացիայի հետ, նա պատասխանեց, որ դա շատ հակասական հարց է. «18 ամսական հասակում աուտիզմն արդեն կարող ենք հայտնաբերել երեխայի մոտ, որը վակցինացիայի ժամանակաշրջանի հետ է համընկնում, և ենթադրությունը կապված է դրա հետ: Պատճառը կայանում է նրանում, որ վակցինացման համար անհրաժեշտ բակտերիաները պահպանվում են «Տիմերասոլ» կոչվող կոնսերվանտի մեջ, որը մեծ քանակությամբ ծանր մետաղներ, այդ թվում սնդիկ է պարունակում, իսկ սնդիկի և այլ ծանր մետաղների մեծ քանակություն հանդիպում է նաև աուտիզմի ախտանիշ ունեցող երեխաների օրգանիզմում, դա է միակ պատճառը, որ նման կարծիք գոյություն ունի, բայց դա ապացուցված չէ»: Նա համոզված է, որ վակցինացիան երեխաների համար շատ անհրաժեշտ է, և վախից, որ վակցինացման դեպքում կարող է աուտիզմ ի հայտ գալ ու չպատվաստել երեխաներին, շատ վտանգավոր է: «Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծանր մետաղները, վակցինացիայից հետո  հանդիպում են առողջ երեխաների օրգանիզմում, բայց աուտիզմ չեն առաջացնում: Բայց այս տեսությունը հաշվի չառնել էլ չի կարելի, քանի որ սխալ վակցինացիայի համադրումն այլ պատճառի հետ հնարավոր է աուտիզմի առաջացման պատճառ դառնա»:

«Աուտիզմ. Հաղթահարում» ՀԿ անդամ-ծնողներն իրենց կարծիքը հայտնեցին նաև ներառական կրթության մասին և նշեցին, որ սկզբնական շրջանում երեխաները պետք է ստանան հատուկ կրթություն, որից հետո միայն ներառական դպրոց գնան, միաժամանակ շատ կարևոր է, որ ներառական դպրոցը պատրաստ լինի դրան:


Հեյլվեյլը ավելացրեց, որ քանի որ աուտիզմով երեխաները շատ տարբեր են, նրանք նաև տարբեր մոտեցումներ են պահանջում:


Վերջում բանախոսները նշեցին, որ ապրիլի 2-ին քայլարշավից հետո տեղի կունենա աուտիզմ ախտորոշմամբ տառապող երեխաներին նվիրված երգի շնորհանդես, այնուհետև կներկայացվեն աուտիզմով հիվանդ երեխաների նկարները, որից հետո ժամը 20:00-ին օպերայի շենքը կլուսավորվի կապույտ գույնի լույսով: 




Analitik.am

Նույն շարքից