Մամուլի ակումբ 

Մեր ազգը հումորով ժողովուրդ է , ուստի շատ դժվար է ծիծաղեցնելը. Վահագն Գրիգորյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբում տեղի ունեցած «Հումորի միջազգային օր. Հումորի սահմանները, եթերային հումորի առանձնահատկությունները» թեմայով ասուլիսի հյուրն էր  «32 ատամ» հումորային նախագծի համահիմնադիր Վահագն Գրիգորյանը:

 

 

 

Վահագն Գրիգորյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում հեռուստատեսությամբ ցուցադրվող հումորային ծրագրերը գտնվում են շատ վատ վիճակում, քանի որ այդպիսի հաղորդումներում սկսել են նկարահանվել այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն այդ ոլորտի հետ. «Եթերային հումորն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցից ամենակարևորը եթերային հումորի սահմաններն են: Այսօր կան  հումորային շատ հաղորդումներ, որոնք եթերային հումորի սահամանները չեն պահպանում: Հումորի մի տեսակ կա, որը  արվում է  զուտ հանդիսատեսին, հեռուստադիտողին խնդացնելու համար և կա գրագետ հումոր, որը ունի սուր միտք և  կարողանում է  ծիծաղ առաջացնել»:

 

 

Բանախոսը խոսելով հայերի հումորային առանձնահատկությունների մասին, շեշտեց. « Մեր ազգը հումորով ժողովուրդ է և դժվար է հումորով ժողովրդի հետ աշխատել, նրանց ծիծաղեցնել: Մեր ֆորմատի հումորի նպատակն է կատակով անդրադառնալ  այն երևույթների ու անձանց թերություններին, որոնք  կարելի է հումորով ներկայացնել հասարակությանն ու այդ ճանապարհով փորձել դրանց ինչ-որ լուծում տալ»: Վահագն Գրիգորյանը նաև նշեց, որ  կան թեմաներ, որոնք շատ արդիական են,սակայն  չի  կարելի  անդրադառնալ դրանց, որոնցից է օրինակ քաղաքականությունը. «Մեր ասպարեզում նույնպես չի կարելիների շարք կա, որոնց անհրաժեշտ ենք համարում չանդրադառնալ: Մեր երկիրը 21 տարեկան է և այստեղ ամեն մի երևույթ նոր է ստեղծվում, ամեն մի քայլ դժվար է առաջ գնում և, եթե մի հատ էլ դրան հումոր ես գումարում, թվում է՝ այդ երևութը քարկոծում ես, ոչ թե ուղղակի հումոր անում: Հայկական մենտալիտետի բարդույթ կա նաև, եթե ինչ-որ մեկին հումորով ես անդրդառնում, ճիշտ  չեն հասկանում դա, մտածում են իրենց «կպանք» կամ անցանք իրենց վրայով: Հումորով անդրադառնալ անձանց  գործունեության վրա կարելի է  և ինչ-որ տեղ անհրաժեշտ է, բայց չի կարելի նրանց   ֆիզիկական թերությունները ծաղրել»: Հարցին՝ արդյոք Վահագն Գրիգորյանը պայքարում է պարտադիր կուտակային կենասաթոշակային համակարգի դեմ, պտասխանեց. «Կուզենայի այնքան ապրել, որ կենսաթոշակային վերջին կոպեկը կարողանայի վայելել: Այժմ ես չեմ կարող ասել դա ճիշտ,  թե սխալ քայլ է: «Դ!եմ եմ»-ին չեմ միանում, քանի որ  ես եթե բողոքել ցանկանամ, ունեմ արտահայտվելու  տեղ, միջոցներ.  կաարող եմ դեմ արտահայտվել թե՛ հումորային եթերային հաղորդման միջոցով և թե՛ թատրոնի բեմից, պարտադիր չէ, որ գնամ փողոցում պայքարեմ»: Սակայն բանախոսը նշեց, որ նա ուրախ է, որ այսօր Հայաստանում ձևավովել է քաղաքացիական պայքար և   անտարբերությունը հետ է նահանջել:

 

Հարցին՝ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում ինտելեկտուալ, գրագետ հումոր չի ձևավորվում, պատասխանեց.«Հեռուստատեսային տարբերակով եթե հումոր է արվում և դրա համար կա ընդամենը 30 րոպե ժամանակ ու այդ հումորը նախատեսված է տարբեր մակարդակի հեռուստադիտողի համար, ապա շատ ինտելեկտուալ հումոր անելը սխալ է , քանի որ ցածր մակարդակ ունեցող հեռուստադիտողի համար դա անհասկանալի հումոր կլինի:   Շատ ինտելեկտուալ հումոր հեռուստատեսությամբ տալը հասանելի չէ բոլորի համար»: Վահագն Գրիգորյանը կարծում է, որ  պարտադիր չէ, որ հեռուստադիտողը հումորային ծրագրեր նայի շաբաթվա բոլոր օրերին, այն կարող է լինել ամիսը մեկ կամ երկու անգամ՝ մեկ կամ երկու ժամ տևողությամբ, բայց լինի շատ  գրագետ հումորային հեռուստահաղորդում: 

Նույն շարքից