Մամուլի ակումբ 

«Վերջ տվե՛ք Թուրքիայի տնտեսությունը զարգացնելուն. տուրիստական ընկերություններ

analitik.am

Հայաստանից արտագնա տուրիզմի ամենամեծ մասը բաժին է հասնում Թուրքիային ու Վրաստանին: Այսօր  «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Կոչ տուրիստական ընկերություններին. վերջ տվեք Թուրքիայի տնտեսությունը զարգացնելուն» թեմայով ասուլիսի հյուրերն էին տուրիզմի ոլորտում առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ Մարսել Եղիազարյանը, Անի Մանեսյանը և Գուրգենյան Գրետան:


10-ից ավել տուրիստական ընկերություններ նախաձեռնություն են ներկայացրել, որի նպատակն է կոչ անել բոլոր տուրիստական ընկերություններին չիրականացնել դեպի Թուրքիա տուրեր, փոխարենը փորձել զարգացնել ներգնա տուրիզմը: Նախաձեռնությունը շարունակական է լինելու, տեղեկացվելու են նաև մյուս բոլոր տուրիստական ընկերությունները:


Խոսելով թեմայի մասին՝ Մարսել Եղիազարյանը նշեց, որ այս կոչը վաղուց պետք է լիներ, որովհետև տարիներ շարունակ՝ Թուրքիա տուրիստներ ուղարկելով, նրանք մեր իսկ գումարով պատրաստում են փամփուշտներ և սպանում մեզ: «Մենք՝մի շարք տուրիստական ընկերություններ համատեղ կոչով ենք հանդես գալիս և ունենք նպատակ՝ չուղարկել Թուրքիա տուրիստներ»:


Ասուլիսին ներկա Անի Ասլանյանը ավելացրեց, որ Քեսաբի վերջին դեպքերից հետո  «Կան» տուրը պաշտոնապես խզել է իր հարաբերությունը թուրքական հանգստավայրերի հետ և այլևս չի իրականացնելու դեպի Թուրքիա տուրեր, դրա փոխարեն «Կան»-տուրը իրականացնելու է ներգնա զբոսաշրջության խթանման ծրագրեր:


Անդրադառնալով այն խնդրին, որ Արևմտյան Հայաստանը ևս Թուրքիայի մաս է և է և Արևմտյան Հայաստան գնալու համար ևս պետք է անցնել Թուրքիայի սահմանը, նա պատասխանեց, որ ոչ մի տարբերություն չկա և այդ դեպքում էլ մենք կրկին հարստացնում ենք թուրքական բյուջեն:


Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքան կկազմի տուրիստական ընկերությունների կրած վնասը, տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ կոնկրետ թիվ նշել հնարավոր չի, չնայած որ դա բավականին մեծ գումար է, այնուամենայնիվ,  իրենց համար շատ ավելի կարևոր են ազգային արժեքները, քան շահավետ բիզնեսը:


«Մարսել»-տուր տուրիստական ընկերության ներկայացուցիչ Մարսել Եղիազարյանը նշեց, որ դեպի Թուրքիա տուրերի փոխարեն կփորձեն այլ տուրեր պատրաստել կրկին մատչելի գներով:

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք հնարավոր չի համագործակցել հայաստանյան հանգստավայրերի հետ և ճկուն գնային համակարգ սահմանել՝ մեր զբոսաշրջիկների հանգիստը Հայաստանում կազմակերպելու համար, Մարսել Եղիազարյանը նշեց, որ մեր խնդիրը կայանում է ոչ թե հանգստավայրերի թանկ լինելու մեջ, այլ նրանում, որ մեր հյուրանոցները զբոսաշրջիկներին չի ապահովում ամեն ինչով, և մեր զբոսաշրջիկները շատ ավելի մեծ գումարներ են ծախսում հենց դրա վրա, մինչդեռ Թուրքիայում հյուրանոցը ապահովում է տուրիստների ամեն ինչով և լրացուցիչ գումարներ չեն ծախսվում:


Անդրադառնալով լրագրողների այն մտավախությանը, որ տարիներ առաջ նման նախաձեռնությամբ հանդես էին եկել նաև ՀԿ-ները, բայց նախաձեռնությունը կյանքի չկոչվեց,  Մարսել Եղիազարյանը նշեց, որ  այստեղ խնդիրը միայն տուրիստական ընկերություններինը չի, մեծ նշանակություն ունեն նաև ԶԼՄ-ները, որովհետև տուրստական սեզոնի բացման օրվանից ամեն օր գովազդվում են դեպի Անթալիա տուրերը:


Որպես այլընտրանք առաջարկվող տուրերի մասին խոսելիս՝ «Կան»-տուր տուրիստական ընկերությունից Անի Ասլանյանը նշեց, որ Թուրքիա գնալու առաջին պայմանը ծովն է, արևայրուքը. «Ճիշտ է մենք չունենք ծով, բայց մենք ունենք նաև Սևան, մենք ունենք Ջերմուկ, Ծաղկաձոր, հրաշք անտառներ, վանքեր, եկեղեցիներ, որոնց մասին մենք ընդհանրապես ոչինչ չգիտենք»:


Խոսելով ոլորտում պետական քաղաքականության մասին Անի Ասլանյանը նշեց, որ պետական քաղաքականություն որպես այդպիսին չկա, բայց ուրախալի է, որ շատ ընկերություններ իրենց գործունեությամբ անդրադառնում են մեր պատմամշակության արժեքներին, օրինակ Վիվասել-ՄՏՍ-ը գովազդային վահանակների միջոցով փորձում է ներկայացնել եկեղեցիները:


Խոսելով մեր երկրում տուրիզմի մասին՝ տուրիստական ընկերությունները նշեցին, որ մեր երկիր  զբոսաշրջիներ գալիս են հիմնականում սլավոնական երկրներից, որոշ չափով Եվրոպայից:Եվրոպացի զբոսաշրջիկներին ավելի շատ մեր երկրում հետաքրքրում են պատմամշակութային արժեքները, սլավոնացիներին՝ ռեգրեացիոն հանգիստը:


Մարսել Եղիազարյանը վերջում հավելեց, որ իրենք ունեն և՛ ռեգրեացիոն տուրեր, և՛ էկո-տուրեր և կարող են կազմակերպել մեր տուրիստների հանգիստը այստեղ:

 

Նույն շարքից