Մամուլի ակումբ 

Իրական ոսկու գինը չիմանալով՝ ընկնում ենք կլկլոցների հետևից. Գ. Գինոսյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Պարի միջազգային օր. ՀՀ-ում պարարվեստի հիմնախնդիրները, պետական աջակցությունը ոլորտին, զարգացման հեռանկարները: «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի անհրաժեշտությունը և կիրառությունը» թեմայով ասուլիսի հյուրերն էին «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և «Կաքավագիր» համակարգը մշակած «Ինստիգեյթ» կազմակերպության համահիմնադիր Վահագն Պողոսյանը: Գագիկ Գինոսյանը խոսելով ազգային պարի, հայկական մշակույթի պահպանման խնդրի մասին, ասաց. «Ազգագրական պարը, հայկական մշակույթը պետք է հայ մարդու հոգեկերտվածքի հիմնասյունը լինեն: Հնարավոր է, որ մի օր պարը ազգային շոու դառնա, ինչպես Վրաստանում: Սակայն վստահ եմ, որ մեր ազգային պարը մեր ազգային կերտվածքն է և կարծում եմ, որ շատ ավելի կարևոր է պարերը պրոպագանդելու համար դրանք վերածել կենցաղի՝ սերմանելով նոր սերունդի շրջանում»:


Հարցին արդյոք ազգագրական պարի զարգացումը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, բանախոսը նշեց. «Միգուցե որոշ խմբերի համար պարը բիզնես է, սակայն անարատ մշակույթը ավելի քան մրցունակ է: Սխալ տեսնակյունից ենք նայում, երբ որ պարը կդառնա ազգային կերտվածք, նոր կարելի է խոսել պարի տնտեսական բաղադրիչի մասին: Վահագն Պողոսյանը այն մարդկանցից է, ով զարգացնում է ՀՀ տնտեսությունը և ՀՀ-ից արտահանում, այլ ոչ թե միայն ներմուծում»: Հարցին, արդյոք կա պետական աջակցություն ազգագրական պարերի զարգացման համար, Գինոսյանը ասաց. «Պետական աջակցություն տրամադրվում է տարբեր տեսակի պարերի համար, սակայն չի հստակեցվում՝ դա ազգագրական պարերին է տրամադրվում, թե այլ: Այդ աջակցությունը պետք է նպատակային լինի: Մենք պետք է պատկերացում ունենանք թե ինչ է պետք մեր ազգին: Պարը պետք է մտնի դպրոց, արդեն որոշումը կա պարը դպրոց մտնելու և այժմ բանավեճ է գնում թե ինչ պար ուսուցանել դպրոցում: Հայ երիտասարդի մոտ ազգային հոգեկերտվածք ստեղծելու համար պետք է ազգագրական պար դրոցներում ուսուցանվի: Վտանգավոր է, եթե սխալ ուղղությամբ այս ամեն ինչը գնա և դպրոց մտնի այլ պար, այն կարող է կոմպլեքսավորել երիտասարդին: Եթե մենք քեֆի պարեր ենք սովորեցնելու դպրոցում, ապա ավելի լավ է այդ պարերը չմտնեն դպրոց: Պետք է գիտակցենք, որ ազգային պարը համաձույլ հոգեկերտվածք է ստեղծում և ազգային ոգով ներշնչում մեր երիտասարդներին: Բայց ամենից առաջ Հայ ազգագրությունը պետք է մտնի դպրոց, ոչ թե պարը, որը միայն շարժումների կույտ է, քանի որ եթե երեխան չի հասկանում թե ազգային պարն ինչ է, ապա դա նրա համար կարող է լինել միայն մարմնամարզություն: Աշխարհը, կյանքը մշտապես պայքարի մեջ է, եթե կորցնում եք ձեր ազգային կերպարը, ապա դա կործանում է երկիրը: Իրական ոսկու գինը չիմանալով՝ ընկնում ենք կլկլոցների հետևից: Փորձում ենք արաբներից ավելի լավ պորտապար պարել, Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել: Բոլոր տեսակի կոնքային պարերը հեշտանքի արտահայտումներ են, ասում էր Կոմիտասը, իսկ այսօր լուրջ գումարներ են ծախսվում, որպեսզի այդպիսի պարերը մեր երկիր գան: Հռոմում ասում էին, որ պետությունը կառուցում են երգիչներն ու կայսրերը, իսկ այսօր մեր երկիրը վերածվել է կլկլոցների երկրի » -, ասաց բանախոսը:


Գինոսյանը նաև զարմանք հայտնեց Կրթության նախարարության նկատմամբ, քանզի վերջինս հարցերը լուծում է ոչ թե խորքային ուսումնասիրություններ անելուց հետո, այլ ուղղակի խնդիրներ չունենալու համար. «Դպրոցներում տարբեր դասագրքերով են անցնում,որովհետև Կրթության նախարարությունի չի ուզում նեղացրած լինել որևէ մեկին, ուստիև ավելորդ գլխացավից խուսափելու համար մի քանի հեղինակներին էլ այսպես ասած վճարում է: Նույնն էլ պարի հետ կարող է լինել, սակայն սա դաստիարակության, ազգային արժեքների, երեխաների հոգեկերտվածքի հարց է, ուստի չի կարելի թեթև մոտենալ այս հարցին»: Գինոսյանը խոսելով «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի մասին, ասաց. «Կաքավագիրը» ստեղծվել է Սրբուհի Լիսիցյանի կողմից, որի վրա երկար տարիներ չարչարվել է, այն շարժումների գրառման համակարգ է: Առաջին անգամ այս համակարգի հետ 1996-1997 թվականներին եմ առնչվել, երբ ուզում էի ավելի լավ հասկանալ պարի էությունը: Մոտ հիսուն պար վերականգնել ենք՝ ցանկանալով դրանք մատչելի դարձնել բոլորի համար: Առաջին օրինակը այն է, որ ստեղծեցինք քանոն, այնուհետև պարոն Պողոսյանի շնորհիվ այս աշխատանքն ավելի լրջացավ:


Պարելը և կաքավելը հոմանիշներ են, քանի որ թռչունների հետ հայկական պարերի համեմատությունը անընդհատ եղել է: Շատ հաճախ գրաբարում օգտագործվել է «կաքավել» բառը: Խոսելով «Կաքավագրի» անհրաժեշտության մասին, բանախոսը նշեց. ««Կաքավագիրը» անհրաժեշտ է, քանի որ պետք է պահպանել ազգագրական պարը: Այն պարերը, որոնք ի սկզբանե հայկական իրականության մեջ եղել են, ստեղծվել են մեր երկրի հատուկ կետերում, շրջաններում»:


Վահագն Պողոսյանը խոսելով «Կաքավագիր» համակարգի մասին, ասաց. ««Կաքավագիր» համակարգի ֆունկցիոնալ նշանակությունը նույնն է, ինչ որ երաժշտության համար նոտաների նշանակությունը: «Կաքավագիր» համակարգը պարտադիր չէ, որ երեխաները սովորեն, բայց ուսուցիչների համար պարտադիր է, քանի որ նրանք պարտավոր են տիրապետել պարը ճիշտ ուսուցանելու տեխնիկային»:


Բանախոսը նաև հավելեց, որ Եվրոպայում պարի մասնագետը պետք է անպայման տիրապետի լապանին: Մեզ մոտ էլ եղել է «Կաքավագիրը», որն այսօր վերականգնել ենք: Ես ինչքան տեղյակ եմ սա պարերի գրառման առաջին համակարգչային ծրագիրն է»:


Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին, ժամը 7-ին տեղի կունենա «Կաքավագիր» պարերի գրառման համակարգի ծրագրային հավելման շնորհանդեսը՝ նվիրված Պարի միջազգային օրվան։ Ծրագրային հավելումը պատրաստվել է «Ինստիգեյթ» ընկերության կողմից։

Նույն շարքից