Մամուլի ակումբ 

«ՀՀ-ում մայիսի 1-ը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր». Գագիկ Մակարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Աշխատաշուկան ՀՀ-ում. Գործատու-աշխատող հարաբերություններ, օրենսդրական բացթողումներ և խնդիրների լուծման ուղիներ» թեմայով ասուլիսի հյուրն էր Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:


Խոսելով թեմայի մասին՝ հյուրն անդրադարձավ օրվա խորհրդին և ասաց, որ օրը շատ կարևոր է, և անհրաժեշտ է գիտակցել այս տոնի արժեքը: Նախկինում տոնի խորհուրդը ավելի մեծ էր, մարդիկ աշխատում էին, բավարարված էին իրենց աշխատանքից, հետևաբար հաճույքով  նշում էին, իսկ այսօր Հայաստանում կարծես օրը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր:


Անդրադառնալով մեր երկրում աշխատաշուկայի խնդիրներին՝ նա պարզաբանեց, որ ընդհանրապես ՀՀ աշխատաշուկան իր կառուցվածքով բավականին տարբերվում է և իր առանձնահատկություններն ունի: Առաջին հերթին չկա այն շունչը, որ կար ԽՍՀՄ տարիներին և դրա հիմնական պատճառը կայանում է նրանում, որ աշխատաշուկայի հիմք արդյունաբերական ձեռնարկությունները մեզ մոտ շատ քիչ են, իսկ եղածներն էլ  կենտրոնացած են հեռավոր մարզերում: Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում։


ՀՀ-ում գործազրկությունը պաշտոնական տվյալներով 17% է, չնայած իրականում դա ավելի բարձր է:


Մեր երկրում խոշոր բիզնեսը, որը պիտի ապահովեր աշխատաշուկայի մեծ մասը, դա չի անում՝ ապահովելով զբաղվածության շատ փոքր տոկոսը:  Զբաղվածության տեսանկյունից ամենամեծ բաժինը փոքր ձեռնարկություններին է, որոնք, սակայն, բյուջեում շատ փոքր ներդրում են ապահովում: Փոքր բիզնեսը երկու կարևոր խնդիր ունի՝ այն աշխատավորություն է ապահովում՝ այսօր մեր հանրապետությունում փոքր բիզնեսը ապահովում է 220  000 աշխատողի զբաղվածություն, իսկ 150 000-ն էլ աշխատում է պետական ոլորտում:


 Երկրորդ խնդիրը գործատու-աշխատող հարաբերություններն են. Այսօր  մենք չունենք հավասար մրցունակություն  և երբեմն, որպեսզի փոքր բիզնեսը գոյատևի, գործատուները դիմում են այլ ճանապարհների՝ ստվերային աշխատուժ, հարկերից խուսափում: Միաժամանակ, նա ավելացրեց, որ վերջին միջազգային վերլուծությունների համաձայն՝ ստվերային և իրական աշխատավարձերի տարբերությունը  ընդամենը 20% է, այսինքն այս ոլորտը այնքան էլ անբարեխիղճ չէ:


Մեր աշխատաշուկայի հաջորդ խնդիրը աշխատանքային պայմանագիր կնքելուց խուսափումն է, և դա երկկողմանի է, այսինքն աշխատանքային պայմանագիր կնքելուց խուսափում են և՛ գործատուները, և՛ աշխատողները: Գործատուները խուսափում են պայմանագիր կնքել՝ հարկերից խուսափելու համար, իսկ աշխատողներն էլ՝ աշխատավարձից հարկային պահումներ չունենալու համար և շատ դեպքերում չեն գիտակցում, որ աշխատանքային պայմանագիրը սոցիալական շատ խնդիրներ է լուծում՝ սոցիալական ապահովություն, աշխատանքային պայմաններ և այլն:


Աշխատաշուկային մյուս խնդիրը կուտակային կենսաթոշակների հետ է կապված. Գործատուների միության նախագահի կարծիքով՝ ՀՀ-ն դեռ պատրաստ չի կուտակային բարեփոխումներին, և ինքը հույս ունի, որ նոր կառավարությունը կկասեցնի կուտակային վճարների իրականացումը:


Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր գործատուները խուսափում են գրանցել աշխատողներին կամ գրանցում են ցածր աշխատավարձերով, նա պատասխանեց, որ դա ժամանակի խնդիր է և միանգամից հնարավոր չի լուծել և, միաժամանակ դա միայն գործատուի խնդիրը չի, աշխատողները իրենք պետք է պատրաստ լինեն կնքելու աշխատանքային պայմանագիր:


Գործատուն այսօր չունի հնարավորություն ավել հարկեր վճարելու, և դա պետության խնդիրն է, պետությունը պետք է  ստեղծի  հավասար պայմաններ, արդար մրցակցային դաշտ:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք աշխատաշուկայում խնդիրների պատճառը մասնագիտությունների ոչ ճիշտ բաշխվածությունն է, նա պատասխանեց, որ այդպիսի խնդիր կա, կադրը ինքը այնպիսին պիտի լինի, որ աշխատաշուկայում իր պահանջարկն ունենա: «Չնայած կրթության ոլորտում անընդհատ բարեփոխումներին՝ մենք այդ ոլորտում մեծ խնդիր ունենք՝ կրթական հաստատություններն են շարունակում առաջարկ ձևավորել շուկայում, մինչդեռ աշխատաշուկան պետք է պահանջարկ սահմաներ, որից ելնելով ԲՈՒՀ-երը պատրաստեին մասնագետներ:


Անդրադառնալով վերջերս Նախագահի՝ Եվրասիական տնտեսական միության համաժողովին չմասնակցելու խնդրին, որը ըստ որոշ վարկածների, պայմանավորված է մեր երկրում գործազրկության մեծ մակարդակի հետ և անդամ երկրները չեն ցանկանում ՀՀ-ին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, նա չհամաձայնեց՝ մեկնաբանելով, որ այստեղ մեծ դերակատարում ունի Ռուսաստանը և անհրաժեշտության դեպքում նա կարող է ճնշել անդամ մյուս երկրներին: «Հիմնականում խնդիր կարող են առաջացնել Բելառուսը և Ղազախստանը, որտեղ գործազրկության մակարդակը  1% է: Այս պայմաններում մեր երկրի քաղաքականությունը պետք է այնպիսին լինի, որ խթանվի համագործակցությունը Բելառուսի հետ՝ նպաստելով նրան, որ Բելառուսը իր ձայնի իրավունքն օգտագործի ի օգուտ Հայաստանի»:


Անդրադառնալով ՀՀ-ի ՄՄ մտնելու վերաբերյալ  գործատուների կարծիքին, նա նշեց, որ պետք է տարանջատել այս դեպքում խոշոր, միջին և փոքր բիզնես ունեցող գործատուների կարծիքը: «Քանի որ փոքր բիզնեսը մեզ մոտ  այսօր դերակատարում չունի այդ հարցում, նրանց կարծիքը կարծիք  էլ կմնա:


Խոսշոր և միջին բիզնեսի դեպքում պետք է տարանջատել գրագետ և ոչ ոչ գրագետ բիզնեսմեններին. Նրանք, ովքեր գրագետ չեն և իրենց արտասահմանյան շփումները սահմանափակվում են միայն Ռուսաստանով, միանշանակ կողմ են  ՄՄ-ին, իսկ գրագետ և հեռատես բիզնեսը նախընտրում է ԵՄ-ն»:


Գագիկ Մակարյանը նաև նշեց, որ Ռուսաստանում ևս այն  մտավախությունը  կա, որ եթե ՀՀ-ն ճիշտ ու գրագետ քաղաքականություն չիրականացնի, ապա ՄՄ մտնելով՝ խոշոր հաշվով մենք կարող ենք տանուլ տալ:


Անդրադառնալով ՊԵԿ-ի Ֆիննախին միացմանը, նա կատակեց, որ դա հետաքրքիր է գնահատում, իսկ այնուհետև ասաց. «Այսօր Ֆինանսների նախարարությունը երկու տարբեր գործառույթ է իրականացնում. այն և՛ ստանում, և՛ ծախսում է բյուջեն, ինչը անթույլատրելի է: ՊԵԿ-ը միանալով Ֆիննախին՝ կապահովի մուտքերի ավելացումը, իսկ ֆիննախը կծախսի, այդ առոմով փակ շղթա է ստացվում, որը դրական չի, բայց այս միացումը կարող է կանոնակարգել ծախսերը, այսինքն մի ձեռքը միշտ կիմանա թե ինչ է անում մյուսը, այս առումով դրական է»:

 

Նոր կառավարության վերաբերյալ  նա ասաց, որ մեծ հույսեր է կապում վարչապետի փորձառության հետ, ով պիտի կարողանա կոնսոլիդացնել բոլոր ուժերին, հանել առկա լարվածությունը, մեծացնել վստահության մակարդակը կառավարության նկատմամբ և լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ:

 

Նույն շարքից