Մամուլի ակումբ 

Պրոֆեսիոնալ լրատվական ոլորտի խնդիր ունենք. Լ. Մութաֆյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ»  կենտրոնում տեղի ունեցավ  ասուլիս «Խոսքի ազատության աստիճանը ՀՀ-ում, որքանո՞վ են լրագրողները պաշտպանված բռնություններից և ճնշումներից» թեմայով:

 

Լևոն Մութաֆյանը խոսելով հայաստանյան մամուլի մասին ասաց. «Այսօր հայաստանյան մամուլը համարվում է որոշակիորեն ազատ, որոշակիորեն սեփական հայեցակարգեր ունեցող: Համեմատած սովետականի հետ, մասնագիտական պատրաստվածության, որակավորման խնդիր ունենք այսօր:  Անընդհատ հետևում եմ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին և, ցավոք, այսօր լրագրողների մակարդակն իջել է կրիզիսային մակարդակի: Բացի մասնագիտական անգրագիտությունից  լրագրողի մոտ կա նաև  տարրական գրագիտության խնդիր, շատ լրագրողներ չեն կարողանում անգամ ճիշտ շարադրել իրենց տեքստը: Այսօր ով ուզի ազատորեն կարող է մտնել լրատվական դաշտ, սրանք լրատվական դաշտում բերում են անհետաքրքրության, լրատվական ժանրերի դուրս մղման: Քաղաքական մամուլն իր վրա վերցրեց տնտեսական, գերատեսչական մամուլի գործունեությունները, ինչի արդյունքում ամեն ինչ խառնվեց: Սա ազատության բերած որակական անկումներից մեկն է»:

 

 Բանախոսը նաև նշեց, որ այսօր  ՀՀ-ն տարածաշրջանում համարվում է ամենաազատ երկիրը, որտեղ լրագրողի խոսքը, ազատ մտածողությունը մասնակի աղավաղումներով, բայց ամեն դեպքում,  տեղ է  գտնում: Սակայն անհնար է պատկերացնել լիարժեք ազատություն, և ինչպես միշտ, ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Եթե փորձենք տոկոսային սանդղակով չափել, մամուլն այսօր ազատ է մոտավորապես 55-60 %-ով:

 

 «Մեր լրատվամիջոցների գերակշիռ մեծամասնությունը կախված են այս  կամ այն պատվիրատուից, քանի որ կարիք ունեն  իրենց գոյությունը պահպանելու: Եթե պատվիրատուն չի բռնանում լրագրողի գաղափարական կոմնորոշումներին, ապա կարելի է մի քիչ հասկանալ: Քաղաքական գործչի  կամ ուժերի կողմից գլխավորվող լրատվական կառույցները երբեք չեն կարող ազատ լինել»:

 

Մութաֆյանը նաև  շատ կարևոր խնդիր համարեց  Հայաստանում տպագիր մամուլի տպաքանակի նվազումը. «Հայաստանում ապրում ենք տպագիր  մամուլի կործանման ժամանակաշրջան,  տպագիր թերթը շատ կարևոր և ուրույն տեղ ունի,  մարդու ուղեկիցն է, քանի որ   այն ձևավորում է որոշակի մշակույթ: Էլեկտրոնային մամուլը այսօր զարգանում է, սակայն պետք է նշեմ, որ այն նույնպես պահանջված չէ: Մեզ համար սկանդալ բառն է կարևոր,  եթե ուզում ես՝  կարդան նյութը, ապա պետք է սկանդալ լինի: Այսինքն  էժանագին ճանապարհով փորձում ենք ընթերցող գրավել, սակայն ընթերցողները փախչում են: Պետք է հրաժարվել էժանագին, անորակ նյութերից:   ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում չորրորդ իշխանությունն ուներ կարևորագույն դեր, սակայն այսօր դա այլևս այդպես չէ»:

 

Լևոն Մութաֆյանը խոսեց նաև  մամուլ-հասարակություն կապի մասին. «Այսօր կորցրել ենք մամուլ-հասարակություն կապը, որը  որակավորման անկումների պատճառով է  եղել:  Այսօր հայաստանյան իրականության առաջ ունենք մեկ խնդիր՝  լավատեսություն առաջացնել հասարակության շրջանում:  Այժմ լրագրողներից շատերը վաճառվում են՝ իրենց ազատությունը փոխարինելով փողով, կամ իշխանությունները դիտավորյալ հեղինակազրկում են լրագրողներին, լրատվամիջոցին,  որպեսզի ընթերցողի մոտ  վստահությունը կորցնի: Այսօր շատ լավ գիտենք, թե ինչ ճանապարհով են սննկացնում տպագիր թերթերին, հեռուստաընկեություններին, էլեկտրոնային կայքերին՝  տնտեսական, քաղաքական ճնշումներ կիրառելով: Պետք է պայքարենք և հասնենք նրան, որպեսզի Հայաստանում նույնպես լինի լրագրողական համերաշխություն: 

 

Խոսելով լրագրողական դաշտում գործող նոր սերնդի մասին, բանախոսը նշեց. «Այսօր լրատվական դաշտում ունենք նոր սերունդ՝ ավելի հզոր, ավելի խիզախ, խելացի,  և հույս ունեմ, որ լրատվության նկատմամբ վստահությունը նրանք կկարողանան վերականգնել»:  

Նույն շարքից