Առողջապահություն 

2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել

analitik.am

Յուրաքանչյուր տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 25-ին նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև աշխարհում մալարիայով հիվանդացությունը 2000 թվականից զգալիորեն նվազել է, սակայն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից:

2016 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը դարձել է աշխարհում առաջին մալարիայից լիովին ազատ տարածաշրջան: Եվ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում սա մեծ ձեռքբերում է Եվրոպայի և համաշխարհային հանրության համար: Սակայն հիվանդության վերադարձի վտանգը տարածաշրջան դեռևս մնում է, քանի որ մեծ է բերովի դեպքերի թիվը: Ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է ինչպես քաղաքական հանձնառություն, այնպես էլ արդյունավետ համաճարակաբանական հսկողություն։

Նշենք, որ 2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը նպատակներ է սահմանել 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայով հիվանդացությունը և մահացությունը, վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, և կանխել մալարիայի կրկին արմատավորումը այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից:

2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Այսօր մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կկանխվի մալարիայի կրկին արմատավորումը Հայաստանում:

Նույն շարքից