Տնտեսություն 

Հայաստանը կանգնած է դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն վարելու կորստի առջև

analitik.am

Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ընդունած «Հայտարարություն Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին» փաստաթղթի մեջ նշված է, որ կողմերը խորացնելու են համագործակցությունը արժութային ոլորտում:

Ավելի ուշ ընդունված «Եվրասիական տնտեսական միության ձևավորման հայտարարություն» փաստաթղթում արդեն հստակեցված է, որ մտադրություն կա ստեղծել միասնական արժույթ: Ճիշտ է, այդ ձևակերպման կողքին գրված էր, որ առաջարկը Ռուսաստանինն է, Ղազախստանը դեմ է, սակայն, ի վերջո, Ղազախստանը ևս համաձայնեց միասնական արժույթի գաղափարին, երբ այդ երկրի Կենտրոնական բանկի նախագահ Գրիգորի Մարչենկոն 2012թ. հայտարարեց, թե 10 տարի հետո կարող է անցում կատարվել միասնական արժույթի:

Ավելին` նախատեսվում է ստեղծել արժութային հարցերի կարգավորմամբ զբաղվող վերպետական մարմին՝ комиссия по вводу расчетной денежной единицы (переводной рубль): Ռուսաստանը, այնուամենայնիվ, հայտարարում է, որ շահագրգռված է միասնական արժույթի ստեղծմամբ շատ ավելի շուտ՝  2015 թվականին:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը օրինաչափ է համարում այն, որ Ռուսաստանը ցանկանում է միասնական արժույթ ստեղծել: «Ինչո՞ւ պետք է Հայաստանն ու Ռուսաստանը հայտնվեն մի գոտում ու առևտուր անեն դոլարով: Հենց որ հայտնվենք Մաքսային  միությունում, այնտեղ իր կանոններով ենք շարժվելու: Այդ կանոններն ասում են՝ ինչու պետք է դոլարով կամ եվրոյով առևտուր անենք»,- ասաց Հ. Բագրատյանը: Նախկին վարչապետը դեռևս 1993-1994թթ. ունիվերսալ միասնական արժույթ ստեղծելու գաղափար է առաջ քաշել, սակայն հետո հայկական կողմն էլ հենց հրաժարվել է այդ մտքից, քանի որ այն մեզ ձեռնտու չէր: «Ընդունվեց բոլոր երկրների կողմից այն, որ ոչ թե լինի ռուբլի, այլ այդ ունիվերսալ արժույթի մեջ մենք մեր փայն ունենանք, որպեսզի մասնակցենք էմիսիային: Որպեսզի լինի տարբեր երկրների զամբյուղ»,- նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ իրենք Մաքսային միության հարցում ժամանակին «ոչ» են ասել Ռուսաստանին:

Ղազախական կողմը այսօր ևս առաջարկում է որպես միասնական արժույթ ընդունել ինչ-որ ունիվերսալ միջոց և ոչ թե ռուբլին: Սկզբում մենք մեզ պետք է ապացուցենք միասնական տնտեսական տարածքի օգտակարությունն ու մասնակիցների հավասար իրավունքները: Դրանից հետո անպայման միասնական արժույթի հարցը առաջ կգա: Բայց ես կարծում եմ, որ ոչ մի ազգային արժույթ, ներառյալ այնպիսի ուժեղ արժույթ, ինչպիսին ռուբլին է, նպատակահարմար չէ դրա համար: Պետք է լինի այլ անվանում, այլ արժույթ»,- ուղիղ 2 տարի առաջ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Թե ինչքանով Ղազախստանը կկարողանա այդ միտքն առաջ տանել, և թե ինչքանով այն կընդունի Ռուսաստանը` դեռևս պարզ չէ:

Այսպիսով, թեև մեր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը ոչ մի տեղ չէր կարդացել ու լսել, որ Եվրասիական միության շրջանակներում խոսք է գնում նաև միասնական արժույթի մասին, այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, այդ հեռանկարը չափազանց մոտ է: Իսկ թե ինչ կործանարար հետևանքներ կունենա այն Հայաստանի տնտեսության համար, ինչպես ասում են՝ մեկից մեկ է: Հայաստանը կզրկվի ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն իրականացնելու ու մեր թույլ տնտեսությունը գնողունակության համարժեքի  միջոցով գրավիչ դարձնելու հնարավորությունից:

Անգամ ԵՄ 28 երկրներից միայն 17-ն են մինչ այսօր ընդունել եվրոն որպես միասնական արժույթ: Ընդ որում՝ չընդունողները հիմնականում Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք զարգացածությամբ դեռևս զիջում են արևմտյաններին: Իսկ եվրոն ընդունածներից Հունաստանը ներդրումներ ներգրավելու լուրջ խնդրի առջև կանգնեց, քանի որ ինստիտուտների զարգացածության տեսակետից զիջում էր Գերմանիային ու Ֆրանսիային:

Հայաստանի դեպքում իրավիճակը էլ ավելի վատթար է, քանի որ անհամամասնությունները շատ ավելի մեծ են:

Մեր ինստիտուտների կայացվածությամբ մենք ինչ-որ տեղ գերազանցում ենք Ռուսաստանին, քանի որ ավելի մոտ ենք եվրոպական ստանդարտներին, քան Ռուսաստանն է: Սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ մակարդակով մի քանի անգամ զիջում ենք Ռուսաստանին: Այսպիսի անհամամասնությունների դեպքում միասնական արժույթի կիրառումը կործանարար հետևանքներ կունենա հենց փոքր տնտեսության (մեր տնտեսության) համար: Այնպես որ, Մաքսային միություն մտնելուց հետո մաքսատուրքերի ու գների բարձրացումը ընդամենը մանկական խաղ կթվան այն աղետների համեմատ, որին մենք կբախվենք մի քանի տարի հետո՝ միասնական արժույթի ներդրման պարագայում:

Նույն շարքից