Հասարակություն Վերլուծական 

Թվերը՝ երեխաների մասին

analitik.am

 Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար՝ ինչ-որ չափով երեխա: Հունիսի 1-ը գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերի այս խոսքերը հիշելու լավագույն օրերից մեկն է: Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Սա տարվա այն օրերից մեկն է, երբ յուրաքանչյուրս պարտավոր ենք հիշել երեխաների իրավունքների մասին, պաշտպանել նրանց, հարգել ու ջերմացնել:

 

Թե ամբողջ աշխարհում և թե Հայաստանում կան երեխաներ, որոնք առանձնապես զգում են այդ ամենի կարիքը: Աշխարհն այսօր պայքարում է անձանց, հատկապես՝ կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու ուղղությամբ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2013 թվականին Հայաստանում 23 թրաֆիքինգի զոհերից 8-ն անչափահաս են եղել. 14-17 տարեկան, 3-ը` տղա, 5-ը` աղջիկ, մեկը` դպրոցական, 7-ը` թերի միջնակարգ կրթությամբ: Հինգ երեխա հատուկ դպրոցի սաներ են: Չորս երեխա ենթարկվել են սեռական շահագործման, 4-ը ներգրավվել են մուրացկանության մեջ: Շահագործման վայրը` Հայաստան, Շրի Լանկա, ՄԱԷ, Ռուսաստան: Նաև արձանագրվել է ԱՄՆ տեղափոխելու երկու փորձ:

 

 Երեխաների պաշտպանության ուղղությամբ աշխատող համաշխարհային կազմակերպությունները պարբերաբար վիճակագրություններ են հրապարակում նրանց մասին, զգուշացնում և հիշեցնում, որ երեխաների նկատմամբ բնությունները խիստ պատժելի են, որ մտահոգիչ է աշխարհում երեխաների մահացության վիճակագրությունը և այլն:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Առողջապահության համաշխարհային վիճակագրություն 2014»-ում շեշտադրել է հետևյալ տվյալները.

 

• Աշխարհում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացությունների մեծ մասը տեղի է ունենում վաղաժամ նորածինների շրջանում (17,3%), երկրորդ գլխավոր պատճառը թոքերի բորբոքումն է (15,2%):

 

• 2012 թվականին աշխարհում մինչև 5 տարեկան մոտ 44 մլն (6,7%) երեխա տառապում է ավելորդ քաշով: Նրանցից 10 մլն ապրում են Աֆրիկայում, որտեղ երեխաների շրջանում ճարպակալման մակարդակը արագորեն աճում է:

 

• Ամեն տարի հղիության եւ ծննդաբերության ժամանակմահանում են 350 000 կին: Նրանցից գրեթե բոլորը (99 %) ապրում են աղքատ զարգացող երկրներում եւ նրանցից շատերի կյանքըհնարավոր էր փրկել:

 

 Երեխաների պաշտպանության հարցում կարևորվում է մանկատների և խնամքի կենտրոնների դերը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում գործում է երեխաների շուրջօրյա խնամքի թվով 6 հաստատություն, որից 3-ը՝ ընդհանուր տիպի մանկատուն և 3-ը՝ մասնագիտացված մանկատուն: Այս հաստատություններում խնամվում է 731 երեխա, որից 506-ը` մասնագիտացված մանկատներում:

 

Նախարարության համակարգում գործում է երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ 8 հաստատություն, խնամվում են սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 750 երեխա:

 

Նախարարության համակարգում գործում է սոցիալական հոգածության երկու կենտրոն. «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ իրականացվում են ռիսկի ենթակա երեխաների խնամք և սոցիալական հոգածություն, ինչպես նաև կրթադաստիարակչական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական ծառայությունների և խորհրդատվությունների տրամադրման միջոցով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ:

 

Նախարարության համակարգում գործող "Երևանի "Զատիկ" երեխաներին աջակցության կենտրոն" ՊՈԱԿ-ը ներկայում իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների անդամների սոցիալհոգե-բանական վերականգնողական աշխատանքներ, երեխայի նյութական ու կենցաղային պահանջների բավարարում, կրթությանն ու դաստիարակությանն օժանդակություն, ինչպես նաև առաջին բժշկական օգնության ծառայության տրամադրում: 2013թ. ընթացքում ցերեկային խնամք է տրամադրվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան100 երեխայի և առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 20 երեխայի:

 

Կարևոր գործոն է նաև որդեգրումը:

 

 2013 թվականի ընթացքում իրականացված կենտրոնացված հաշվառման տվյալներ (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության "Նորք" տեղեկատվավերլուծական կենտրոն).

Որդեգրել ցանկացող անձանց թիվը՝ 245

Որդեգրման ենթակա երեխաների թիվը՝ 109

Որդեգրված երեխաների թիվը՝ 47

 

 

Նույն շարքից