Տնտեսություն 

Հայաստանի համատարած ավտոմոբիլացումը նպաստում է ՃՏՊ-ների թվի աճին

analitik.am

Հայաստանում ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմեքենաների ոլորտում ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գործում էր 395 կազմակերպություն, որոնցից 55-ը աշխատողների թվով հանդիսանում են խոշորագույնները:

Վերջիններիս էր պատկանում  105 մլն ուղևորների փախադրումը հաշվետու ժամանակում, կամ դրանց ընդհանուր թվի 64,5 տոկոսը: Նույն ժամանակահատվածում տաքսիները փոխադրել են մոտ 12.2 մլն ուղևոր, ինչն ուղևորների փոխադրման ընդհանուր թվի 7,5 տոկոսն է կազմում: Այսինքն 100 ուղևորներից 7-8-ն օգտվում են տաքսիներից: Սա, իհարկե, բավականին հետաքրքիր փաստ է, ինչն անուղղակի վկայում է հասարակական տրանսպորտի աշխատանքի թերությունների մասին: Երկրի էլեկտրատրանսպորտ ներկայացնում են մայրաքաղաքի մետրոպոլիտենն ու  տրոլեյբուսները, ինչպես նաև ճոպանուղին: Հաշվետու ժամանակաշրջանում մետրոպոլիտենն իրականացրել է մոտ 11.2 մլն ուղևորի փոխադրում, իսկ տրոլեյբուսները՝ 3.6 միլիոն ուղևորի: Ճոպանուղիներից օգտվել է 0.3 միլիոնից քիչ  ուղևոր: Մետրոն օրական միջինը փոխադրել է 41,4 հազար ուղևոր, իսկ տրոլեյբուսները՝ 13.4 հազ:  

Ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող  մայրաքաղաքի համար (չհաշված մարզերի հյուրերը), այդ թվերը կարելի է համարել փոքր, հատկապես տրոլեյբուսների դեպքում: Երևանի քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ ամեն օր երթուղի է դուրս գալիս 50-52 տրոլեյբուս: Այդ կերպ, դրանցից յուրաքանչյուրը միջինը մոտ 260 ուղևոր է փոխադրում՝ օրվա ընթացքում մի քանի երթուղու դեպքում: Տրոլեյբուսը 110 ուղևոր կարող է փոխադրել, այնպես որ, կարելի է եզրակացնել դրանց ծանրաբեռնվածության մասին: Հասարակական տրանսպորտից օգտվողների թիվը տարեց տարի նվազում է, որի հետ մեկտեղ աճում է անհատական մեքենաների թիվը: Դրա հետ մեկտեղ սա հանգեցնում է ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճին: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին  գրանցվել է ավելի քան 2000 ՃՏՊ, որը 14.8 տոկոս ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պատահարների արդյունքում զոհվել է 235 մարդ, այսինքն գրեթե օրը մեկ մարդ:

Վիրավորների թիվը գերազանցել է 2900-ն ու աճել է 14.6 տոկոսով: Իհարկե, վթարի են ենթարկվում ոչ միայն մասնավոր ավտոմեքենաները, այլ նաև նույն տաքսիները, հասարակական տրանսպորտի միջոցները: Բայց սա արդեն համապատասխան պետական մարմինների խնդիրն է, պարզել վթարների պատճառները, դրանց թիվը կրճատելու համար: Ի դեպ, երկրում և նրա մայրաքաղաքում վթարների մանրամասները չեն հրապարակվում, և մեր ճանապարհային ոստիկանության կողմից պահվում են  փակի տակ:


news.am

Նույն շարքից