Վերլուծական 

Կայցելի՞ Էրդողանը Ծիծեռնակաբերդ 2015 թվականին, ի՞նչը կդրդի Էրդողանին այցելել Հայաստան. Մաս առաջին

analitik.am

2015 թվականը կարևորագույն տարեթիվ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար։ Այս ֆոնին հետաքրքրական է ցանկացած զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև, իսկ առավել ուշագրավ է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ 2015-ի ապրիլի 24-ին այցելել Երևան ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ամենատարբեր օղակներում՝ հասարակ քաղաքացիներից մինչ պետական այրերը, տրամաբանական հարց է ծնվում՝ արդյո՞ք կայցելի Էրդողանը Հայաստան, թե ոչ։ Եվ եթե, այնուամենայնիվ, այցելի, ապա խիստ կարևոր է, թե ԻՆՉՊԵՍ։

Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչը կարող է ստիպել կամ դրդել  Թուրքիայի նախագահին այցելել Ծիծեռնակաբերդ, և բնականաբար, թե ինչ վտանգներ ու հետևանքներ կան հայկական կողմի համար թուրքական պետության և նրա ղեկավարի՝ ապրիլքսանչորսյան արարողություններին մասնակցելու հարցում։


Սկսենք ավելի քիչ հավանական տարբերակից, այն է՝ Էրդողանը ցանկություն է հայտնում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ի՞նչն է դրդում նրան անել դա և ինչպես կարող է թուրքական պետության ղեկավարն օգտագործել հնարավոր այցը։


Իհարկե, նախևառաջ Էրդողանին՝ Հայաստան գալու հարցում գլխավոր դրդողը թուրքական պետության շահերն են։ Էրդողանի այցը Հայաստան կարող է ոչ միայն դրական անդրադարձ ունենալ Թուրքիայի միջազգային իմիջի վրա, այլ նաև հող ծառայել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողական քաղաքականության և թուրք-ադրբեջանական քարոզչական խնդիրները լուծելու համար։ Այս ամենը՝ ավելի հանգամանորեն։


Թուրքիան մի շարք հարթակներում, միջազգային շրջանակներում, հասարակական ոլորտում հաճախ ընկալվում է որպես ցեղասպանությունը ժխտող պետություն, որն ունակ չէ ազնվորեն առերեսվել իր պատմությանը, զբաղվում է իր հասարակության խաբեությամբ և խիստ հակահայ կեցվածք ունի, որը պահպանվում է նաև 21-րդ դարում։ Ինչպես նախկին փորձից տեսնում ենք, անգամ Թուրքիայի ոչ այնքան խորքային, կարելի է ասել կոսմետիկ քայլերը հայերի ցեղասպանության հարցում դրական արձագանք են գտնում տարբեր շրջանակներում՝ հասարակական ոլորտից մինչ միջազգային կառույցներ, և Էրդողանի՝ Երևան այցը կդիտվի որպես լրջագույն քայլ «փոփոխվող» Թուրքիայի կողմից։ Օրինակ, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ Էրդողանը, ով այն ժամանակ վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում, որպես «ցավակցություն» որակված ուղերձ հղեց, այդ թվում՝ արևմտահայերենով ու արևելահայերենով։ Սա ոգևորությամբ ընդունվեց միջազգային հարթակներում, որտեղ ողջունեցին Էրդողանի այս քայլը, այսինքն՝ միջազգային իմիջի առումով քայլը թուրքական կողմի համար հաջողված կարելի է համարել։ Կարելի է պատկերացնել, թե որքան ավելի մեծ ազդեցություն կունենա Թուրքիայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ ու միջազգային հանրության համար, մեծ հաշվով, կապ չունի, թե նա այնտեղ ինչ կխոսի, ինչպես կխոսի։ Միայն այցը բավարար կլինի խոսել «փոփոխվող» Թուրքիայի մասին։


Եվ հետո մեզ համար խիստ նուրբ ու կարևոր թեմա է, թե Էրդողանն ինչ կանի Երևանում և ինչ կխոսի։ Կասկած չի հարուցում այն (ինչպես և նրա ապրիլքսանչորսյան ուղերձում էր), որ էրդողանը խոսելու է «ընդհանուր ցավի» մասին, այն է՝ Օսմանյան կայսրությունում հայերն անմարդկային տեղահանության են ենթարկվել (այս արտահայտությունը, ի դեպ, ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուի բնութագրումն է), բայց և նույն այդ ժամանակ կոտորվել են միլիոնավոր թուրքեր ու այլ մուսուլմաններ ևս, ու սա բոլորի ցավն է, բոլորն են ՄԻԱՆՄԱՆ տուժել, պետք է հարգել նաև թուրքերի ցավն ու կորուստները։


Այսպիսով, Էրդողանի այցը նմանատիպ հայտարարություններով կլինի ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ Անկարայի ժխտողական քաղաքականության հերթական մոդիֆիկացիան, որն այս դեպքում ոչ թե իսպառ ժխտում է հայերի կոտորածները, ինչպես անում էր Թուրքիան մի քանի տասնամյակ առաջ, այլ այն տեղավորում է Առաջին աշխարհամարտի արհավիրքների թվում, հավասարեցնում պատերազմական վիճակում բոլոր կողմերի վնասներին և առաջ բերում նաև թուրքերի կոտորվելու թեզը։ Ինչևէ, «ընդհանուր ցավի» թեզն ակտիվորեն շրջանառվում է արդի Թուրքիայի իշխող շրջանակների կողմից, և պետք է հստակ հասկանալ դրա ենթակետերն ու նպատակը, որքան էլ որ թվա, թե Անկարայի քաղաքականության փոփոխությունն է այն։  


Եվ հետո մեկ այլ թուրքական (թուրք-ադրբեջանական) քարոզչական գրոհ էլ պետք չէ բացառել։ «Ընդհանուր ցավի» կողքին Երևանում Էրդողանի թեթև ձեռքով կարող է հայտնվել նաև Խոջալուի դեպքերի հիշատակումը որպես «ցեղասպանություն՝ իրականացված հայերի կողմից»։


Այսպիսով, Էրդողանը կարող է օգտագործել այցը Հայաստան, որպեսզի բարելավի Թուրքիայի միջազգային իմիջը, ինչպես նաև ուշադրություն գրավող այս ամբիոնից առաջ քաշի «ընդհանուր ցավի» և Խոջալուի դեպքերի թեզերը, որոնք միանշանակ հակահայ հենք ունեն։


Ուստի պետք է հաշվի առնել բոլոր, անգամ ամենաչնչին մանրունքները՝ պատրաստ լինելով էրդողանի հնարավոր այցին, որը թեև այնքան էլ հավանական չէ, բայց և պետք չէ բացառել։ Չէ՞ որ վերը թվարկած դրդապատճառներին գումարվում է նաև այն, որ Էրդողանը պատմության մեջ հետք թողնել ցանկացող, փառասեր գործիչ է, իսկ լինել Թուրքիայի պատմության առաջին նախագահը, որն այցելում է Ծիծեռնակաբերդ, միգուցե հետագայում կընկալվի որպես բեկումնային քայլ։


Իսկ հաջորդ հոդվածում արդեն կխոսենք այն մասին, թե ինչն է խանգարում Էրդողանի երևանյան այցելությանը, և ինչու է հենց այս սցենարն առավել սպասելի։


Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից