Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Հայ որբերի գորգը. քաղաքականացված արվեստի նմուշ ու ցեղասպանության խորհրդանիշ

analitik.am

Հայոց ցեղասպանությունը վերապրած հարյուրավոր որբ աղջիկներ 1920 թվականին 10 ամիս շարունակ գործում էին մի գորգ, որը որպես երախտիքի նշան փոխանցվելու էր Միացյալ Նահանգների նախագահին: 9 տասնամյակ անց հայ որբերի գորգը հայկական, թուրքական ու ամերիկյան կողմերի միջև վերածվել է դիվանագիտական, քարոզչական և քաղաքական պայքարի խորհրդանիշի:


Հայ որբերի գորգի ցուցադրման թեման վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների, քաղաքական գործիչների օրակարգում: Պատճառը նրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում, ինչը ցավագին է ընկալվում ինչպես հայ հասարակության, այնպես էլ Թուրքիայի կողմից: Այս հարցում յուրաքանչյուր կողմ իր պատկերացումներն ունի այս հարցի շուրջ, յուրաքանչյուրն ունի իր մոտեցումներն ու խնդիրները:


Ինչպես վերը նշեցինք, գորգը գործել են հայ որբերը, որոնք փրկվել են թուրքական կոտորածից և ապաստան գտել մանկատներում: ԱՄՆ Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության  հովանու ներքո 400 որբ աղջիկներ Բեյրութից ոչ հեռու Ղազիրի որբանոցում 10 ամիս (որոշ աղբյուրներում` նաև 18 ամիս) շարունակ գործել են 4 մլն հանգույցով գեղեցիկ գորգը, որն առանձնանում է ոչ միայն իր ուղերձով, այլ նաև յուրահատուկ արվեստի գործ է, պատկերում է Եդեմը: 1925 թվականին` Սուրբ ծննդյան տոներից առաջ, հայերը գորգը նվիրում են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին` որպես շնորհակալություն ԱՄՆ-ի կողմից հայ որբերին ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Նախագահի պաշտոնից հեռանալուց (1929 թվական) Քուլիջն իր հետ տանում է գորգը` որպես անձնական նվեր, սակայն 80-ականներին այն վերադարձնում են Սպիտակ տուն, որից հետո գորգը միայն երկու անգամ է հրապարակայնորեն ցուցադրվել:


Տասնամյակներ անց գորգը չի կորցնում իր նշանակությունը, ընդհակառակը, ավելի մեծ կարևորություն ու խորություն է ստանում: Վերջին 20 տարիրներին գորգը պահում են ԱՄՆ Սպիտակ տան պահեստում: Վաշինգթոնում խուսափում են Ղազիրի գորգը, ինչպես այն կոչում են ամերիկան պաշտոնական շրջանակներում, հանրությանը ներկայացնելուց` փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում Հայոց ցեղասպանությունը մարմնացնող այս մասունքի հանրայնացումը` տուրք տալով ցեղասպանության ժխտման քաղաքականությանը և ցավագին են ընդունում գորգը ցուցադրելու ցանկացած փորձ: ԱՄՆ-ն էլ չի ցանկանում հայ որբերի գորգի պատճառով վատթարացնել հարաբերություններն իր կարևոր դաշնակցի` Թուրքիայի հետ, որը խիստ անհրաժեշտ է Վաշինգթոնին եռացող Մերձավոր Արևելքում:


ԱՄՆ-ում բնակվող հայերն ու հայամետ քաղաքական գործիչներն իրենց հերթին մեծ ջանքեր են գործադրում գորգը ցուցադրության հանելու համար, ինչի արդյունքում էլ այն առավել մեծ ուշադրություն ու կարևորություն է ստանում:

Անցյալ տարի սպասվում էր, որ գորգը ցուցադրվելու է 2013-ի դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան թանգարանում Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քելվին Քուլիջի և հայ որբերի գորգը» գրքի շնորհանդեսին, սակայն Սպիտակ տան որոշմամբ, ընդ որում առանց հստակ հիմնավորման, գորգն այդպես էլ դուրս չբերվեց նկուղից:  


Օրերս, սակայն, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում որոշել են ժամանակավոր ցուցադրության հանել այդքան քննարկվող գորգը: Վաշինգթոնից պաշտոնապես հայտնել են, որ 2014 թվականի նոյեմբերի 18-23-ին Սպիտակ Տան այցելուների կենտրոնում անցկացվելիք ցուցահանդեսի ժամանակ այն կներկայացվի այցելուներին: Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ կներկայացվի 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել Ճապոնիայից` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:


Փորձագետների մի մասը Վաշինգթոնի` գորգը ցուցադրելու որոշումը բացատրում է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշումով` կապված պաշտոնական Անկարայի` «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության հարցում դիրքորոշման հետ. թուրքական կողմը չի շտապում ռազմական գործողություններ վարել Սիրիայում և Իրաքում հաստատված իսլամիստների դեմ, որոնք էլ Վաշինգթոնի թիրախում են: Իհարկե, իրերի այսպիսի դասավորությունը բացառել պետք չէ: Ցավալի է, բայց փաստ է, որ Հայոց ցեղասպանության հարցն աշխարհի մի շարք տերությունների կողմից օգտագործվում է որպես քաղաքական գործիք` անհրաժեշտության դեպքում Թուրքիային ճնշելու համար: Այդ համատեքստում Ցեղասպանության խորհրդանիշի հանրայնացումը կարելի է դիտարկել որպես ժեստ` ուղղված Անկարային:


Վերադառնալով գորգի ցուցադրությանը` այս իրադարձությունը պետք է կարևոր քայլ համարել 2015 թվականին ընդառաջ: Ի վերջո, Թուրքիայի կողմից գորգի ցուցադրման դեմ պայքարն էլ ավելի է մեծացնում նրա նկատմամբ հանրային հետաքրքրությունը և ավելի լայն զանգվածների ծանոթացնում կամ հիշեցնում 20-րդ դարասկզբի ոճրագործության մասին: Այնպես որ թուրքական կողմի` Ցեղասպանությունն ամեն կերպ ժխտելու գործողությունները հաճախ հակառակ ազդեցությունն են ունենում և ավելի մեծ զանգվածների հասու դարձնում հայկական հարցը: Իսկ ամերիկյան կողմի` գորգը ցուցադրելու հարցում որդեգրած քաղաքականությունը կրկին ցույց է տալիս, որ աշխարհում պետություններն առաջնորդվում են սեփական շահի ու կարիքների, այլ ոչ արդարության և մարդասիրության սկզբունքներով:


Եվ վերջում 1925 թվականի դեկտեմբերին 15-ամյա հայ որբ աղջկանից Ղազիրի գորգը ստանալուց հետո նախագահ Քուլիջի խոսքերը. «Գորգը պատվավոր տեղ կունենա Սպիտակ տանը, որտեղ այն լինելու է աշխարհում գթասրտության ամենօրյա խորհրդանիշը»…


Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Նույն շարքից