Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իրան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարները կանխատեսելի են

analitik.am

Հայաստանի հարևաններ Իրանի և Թուրքիայի փոխհարաբերություններում ներկայումս  առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք լուծել այդքան էլ հեշտ չէ:

Սակայն մի բան ակնհայտ է` Իրանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը երբևիցե չի բերում Հայաստանի հետ հարաբերությունների վերանայմանը:

 

 

Այժմ ամբողջ տարածաշրջանն ընկղմվել է «փոխըմբռնման հասնելու» գործընթացում: Իրան-Արևմուտք հարաբերություններում տերությունների զգուշավոր լավատեսությունն ու հարաբերությունների բարելավման ցանկությունը տարածաշրջանի բոլոր երկրներին մղել է վերանայել իրենց արտաքին քաղաքական ծրագրերը: Թուրքիան բացառություն չի կազմում:


Վերջին տարիներին Անկարան Թեհրանի հետ տնտեսական և քաղաքական կապերում ձգտում է պահպանել հավասարակշռությունը:


Երրորդ հազարամյակի հենց սկիզբից երկու երկրների միջև տնտեսական հարաբերութուններն ակտիվացել էին:  Իրանի և Թուրքիայի իշխանությունները համոզված էին, որ այդ համագործակցությունը կհարթեցնի արտաքին քաղաքական դաշտում ունեցած մի շարք տարաձայնություններ:

 

 Եվ որոշ ժամանակահատվածում իսկապես  կային այդպիսի հեռանկարներ:


Ներկայումս Իրանի և Թուրքիային միջև իրականացվում է 14 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն, որից 8 մլրդ դոլարը ծախսվում է Իրանից նավթ և գազ արտահանելու համար: Թուրքիան ցանկանում է կրկնապատկել այդ ցուցանիշը և հասցնել  30 մլրդ դոլարի:


Երկու երկրները տարակարծիք են Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի հետ կապված մի շարք հարցերում:


Իրանաթուրքական հարաբերությունների հեռանկարները բավականին կանխատեսելի են: Երկու պետություններից ոչ մեկը մտադիր չէ խորացնել միմյանց միջև եղած հակասությունները, փոխարենը երկու կողմերը փորձում են հարթեցնել արտաքին քաղաքականությունում ունեցած տարաձայնությունները` տնտեսական կապերի հաստատաման և երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալի մեծացման միջոցով:

 

 

2007-2013-ի ընթացքում Թուրքիան հնարավորություն ուներ դառնալու Իրանի գլխավոր գործընկերներից մեկը: Բայց Անկարան նախընտրեց եվրաատլանտյան համագործակցությունը:


Թվում էր, թե շրջադարձային փուլ կմեկնարկի թուրք-իրանական հարաբերություններում այս տարվա հունիսին, երբ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին  պաշտոնական այց կատարեց Անկարա:


Ուշագրավ է, որ այցի վերջին պահին միջոցառումների ծրագրում արարողակարգային շտկումներն էին կատարվել: Բանն այն է, որ ի տարբերություն Անկարա այցելող մյուս բոլոր արտերկրյա ղեկավարների, Ռոհանիի ծրագրում այցելությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան բացակայում էր: Դա, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրանական կողմի պահանջն էր, որի հետ Անկարայում ստիպված էին համակերպվել:


Նշենք` վերջին անգամ Իրանի նախագահը Թուրքիա էր այցելել 18 տարի առաջ` 1996-ին: Այդ այցից հետո անցած գրեթե երկու տասնամյակում Թեհրանի և Անկարայի միջև բազմաթիվ լուրջ խնդիրներ էին կուտակվել:


Ի դեպ, այս տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Ինքնին հարց է առաջանում` արդյոք Հասան Ռոհանին կընդունի հրավերը և այդ օրը ներկա կգտնվի Հայաստանում:

 

Հարևան Իրանը հավասարակշիռ քաղաքականություն է վարում: Հետևաբար, շատ դժվար է կանխատեսել, թե մինչ այդ ինչպիսի զարգացումներ կլինեն: Համենայնդեպս, դատելով մինչ այս իրականացրած քաղաքականությունից,  Իրանը չի ցանկանում բացահայտորեն սրել հարաբերությունները Թուրքիայի հետ` չնայած բազմաթիվ հակասություններին, առկա բազմաթիվ խնդիրներին` կապված Սիրիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և այլ հարցերի հետ: Վառ օրինակ է Սիրիայում կայացած վերջին նախագահական ընտրությունների հետ կապված Իրանի և Թուրքիայի տրամագծորեն հակառակ տեսանկյունները:


 Իրանի նախագահն Անկարայում ասել է, թե արդեն իսկ շնորհավորել է Բաշար Ասադին վերընտրման կապակցությամբ:


 

Թուրքիայի ղեկավարները հայտարարել են, թե չեն պատրաստվում ճանաչելու սիրիական քվեարկության արդյունքները:


Երկու պետությունները շարունակում են տարածաշրջանում մնալ քաղաքական և տնտեսական գլխավոր մրցակիցներ: Համաժամանակ երկու կողմերն էլ հստակ գիտակցում են, որ մի շարք սկզբունքային հարցերում փոխադարձ համագործակցությունը շատ կարևոր է:

 

 

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից