Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Բաքվի և ԻԼԻՊ-ի հարաբերությունների սերտացումը վտանգելու է տարածաշրջանի կայունությունը

analitik.am

Ադրբեջանական լրատվական միջոցներում հայտնված Բաքվում գործող Ջիհադ հիմնադրամի կողմից ԻԼԻՊ-ին տարեկան հինգ միլիոն դոլար ֆինանսական օգնություն տրամադրելու տեղեկատվությունը մեծ հաշվով ոչ մեկի մոտ զարմանք չառաջացրեց: Ակնահայտ փաստ է, որ հարյուրավոր ադրբեջանցիներ ԻԼԻՊ-ի շարքերում մարտնչում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ և Բաքվից ծայրահեղականներին ֆինանսական օգնության տրամադրումը այդ ամենի տրամաբանական շարունակությունն է: Հարևան երկրում գործող տոտալիտար ռեժիմի պայմաններում անհնար է իրականացնել նման գործունեություն առանց իշխանությունների համաձայնության և թույլտվության: Ստացվում է, որ ադրբեջանական իշխանություններն, աջակցելով իսլամիստ ծայրահեղականներին և սերտ կապեր ստեղծելով նրանց հետ, նպաստում են ահաբեկչության տարածմանը տարածաշրջանում: Հասկանալի է՝ Ալիևի վարչախումբն այս ամենն անշահախնդրորեն չի իրականացնում և ահաբեկիչների հաշվով ունի իր նկատառումները:

 

Ալիևը երբեք չի համաձայնվի Արցախի կորստի հետ ու ամեն գնով կձգտի հետ գրավել այն, իսկ պատերազմական գործողություններում թրծված ու հմտացած գրոհայիններն անգնահատելի ծառայություն կարող են մատուցել ադրբեջանական կողմին՝ հայկական զինված ուժերի դեմ մարտնչելու ժամանակ: Սակայն, հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման պարագայում իսլամիստ ծայրահեղականների հնարավոր մասնակցությունը դժվար թե նպաստի ադրբեջանական ռազմական գործողությունների հաջողությանը: Սիրիայում և Իրաքում ծավալված դեպքերը բացահայտեցին, որ իսլամիստ ծայրահեղականները հաջողություն են ունենում հիմնականում սուննի ազգաբնակչությամբ բնակեցված վայրերում ու թույլ պաշտպանված հարթավայրային տարածքներում: Այսպես՝ գրոհայինները չկարողացան գրավել քրդաբնակ Քոբանի քաղաքը և զարգացնել իրենց հաջողությունները շիաներով բնակեցված Իրաքի հարավում ու իրաքյան Քրդստանի լեռնային շրջաններում: Բաքուն թյուրիմացաբար կարծում է, որ Ռուսաստանից ձեռք բերված մեծածավալ հարձակողական զինտեխնիկան՝ հատկապես հրետանային համակարգերն ու վերջին սերնդի տանկերը, և իսլամիստ գրոհայինների մասնակցությունը՝ վճռական դեր կխաղան Արցախի նվաճման հարցում: Հազիվ թե ամռանը տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Ալիևն իր ամբողջ հույսը դնի ադրբեջանական բանակի վրա:

 

Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ կառավարական ուժերի կողմից կիրառված Սմերչ, Ուրագան հրետանու համազարկային կայանները մեծ ավերածություններ են առաջացնում բնակավայրերում և քիչ վնաս՝ պաշտպանական ու ռազմական շինություններին: Նույն իրավիճակն է լինելու նաև Արցախում զինված հակամարտության վերսկսման պարագայում:

 

Թշնամու կողմից համազարկային կայանների կիրառման դեպքում, որին կհետևի անհապաղ ու համարժեք պատասխանը, ավելի շատ վնաս կհասցնի բնակավայրերին ու խաղաղ բնակչությանը, քան զինված ստորաբաժանումներին: Իրենց հերթին, իսլամիստ գրոհայիններն ընդհարվելու են ինժեներական կառույցներով հագեցված հայկական զինված դիրքերի հետ, որն ամբողջովին տարբերվում է Սիրիայի և Իրաքի ռազմական գործողությունների թատերաբեմից:

 

Իլհամ Ալիևը, հույս դնելով նավթադոլարների ու օտար ուժերի վրա, չի կարողանում սթափ գիտակցել Արցախում ստեղծված իրավիճակը: Ռազմական գործողությունների վերսկսման կարճ ժամանակում և խոստացված արդյունքին չհասնելու դեպքում՝ երկրի ներսում կահագնանա հակաիշխանական դժգոհությունը, որը կնպաստի Ալիևի ռեժիմի տապալմանն ու երկրում անկայուն վիճակի ստեղծմանը, որտեղ իրենց ակտիվ դերակատարությունը կունենան ահաբեկիչ վարձկանները: Ադրբեջանի նախագահի որդեգրած անհեռատես ու արկածախնդիր քաղաքականությունն ո՛չ միայն նպաստում է հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսմանը, այլև վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանը:



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից