Միջազգային Վերլուծական 

Այսօր Իրաքն ու Սիրիան, վաղը՝ Ռուսաստանը

analitik.am

Իրաքում ու Սիրիայում Իսլամականների շարքերը համալրվում են  Կովկասից ու Միջին Ասիայից ներթափանցած գրոհայիններով: Գործելով երկու քաղաքակրթությունների խաչմերուկում, Ռուսաստանի տարածքից ժամանող գրոհայինները այս գլոբալ հակամարտությունում գրավում են շատ կարեւոր դեր:

 


2014թ.-ի հունիսին ստեղծված Իրաքի ու Լեւանտի պետության առաջնորդները հայտարարեցին խալիֆաթի կազմավորման մասին: Պետության անունը պետք է համահունչ լիներ յուրաքանչյուր մահմեդականի համար, ուստի այն վերանվանվեց Իսլամական պետություն: Կազմակերպությունը շեշտեց, որ բոլոր մահմեդական երկրները պետք է սատարեն խալիֆաթին, որ նպատակ է հետապնդում իր դրոշի ներքո համախմբել Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի, Մաղրիբի, ինչպես նաեւ՝ Կովկասի, Իրանական բարձրավանդակի ու Միջին Ասիայի բոլոր հավատացյալ մուսուլմաններին:

 


Իսլամական պետության աճող հեղինակության մասին է վկայում նրա շարքերի պարբերաբար համալրման գործընթացը: Աշխարհի տարբեր անկյուններից Սիրիա ու Իրաք են ժամանում հազարավոր գրոհայիններ: Անհավատների դեմ պատերազմի են մեկնում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի Ֆրանսիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիներ, ինչն  արեւմտյան հասարակության ու լրատվամիջոցների տագնապն է առաջացնում:


Պարզվում է՝ մարտի դաշտը ամենաշատը համալրում են Կովկասից  ներթափանցած կամավորները՝ հիմնականում Չեչնիայի ու Դաղստանի գրոհայինները, որոնց անվանում են «շիշանի»: Խալիֆաթում նրանք զբաղեցնում են հրամանատարական ֆունկցիաներ: Բացի այդ, գնալով աճում է միջինասիական երկրներից ժամանող կամավորների թիվը:

 

 

Սիրայում ու Իրաքում ջիհադի դուրս եկած տարբեր ազգությունների ներկայացուցիչների մասնակցությունը կարելի է համարել քաղաքակրթությունների բախման կարեւոր գործոն: Դա ոչ միայն երկու ճակատների՝ Արեւմուտքի ու մահմեդական աշխարհի բախումն է, ինչպես սիրում են ներկայացնել արեւմտյան լրատվամիջոցները, այլ այն, որ հակամարտությանը մասնակցում է երրորդ ուժը՝ քաղաքակրթությունների բախման ընթացքում   հետեւողական նպատակին հասնելու վճռականությամբ: Գտնվելով երկու քաղաքակրթությունների խաչմերուկում, Ռուսաստանի տարածքից ներթափանցած գրոհայինների դերը աննախադեպ է այս  գլոբալ հակամարտությունում, ուստի Հյուսիսային Կովկասի ղեկավարությունն ու Կրեմլը բնականաբար անհանգստության պատճառներ ունեն  իրենց ազդեցության ոլորտներում գտնվող տարածքների անվտանգության  առումով:



Սակայն Ռուսաստանը ձեռնամուխ է եղել հակահարձակման. Ստեղծում է այլընտրանք՝ Եվրաասիական ինտեգրման միջոցով տարածել իր հզորության վերականգման գաղափարը: Նման այլընտրանքը նպատակ ունի հակակշիռ դառնալ մահմեդական ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ խթան հանդիսանալ նախկին ԽՍՀՄ-ի մեջ մտնող երկրների համար՝ չանդամագրվելու արեւմտյան կառույցներին: Միառժամանակ, Մոսկվան ամրապնդում է իր հարավային սահմանները ու պահպանում մարտունակությունը՝ տարածաշրջանում կազմակերպելով լայնածավալ զորավարժություններ:

 

Նույն շարքից