Տնտեսություն 

Տնտեսության զարգացման արգելակը

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները «Ոսկու աշխարհում» ոսկեղենի առևտրով զբաղվողներից յուրաքանչյուրին տուգանել են ավելի քան 1 միլիոն դրամի չափով, ինչի համար էլ առևտրականները գործադուլ են հայտարարել: Ըստ վերջիններիս՝ տուգանքի պատճառ է հանդիսացել այն, որ ոսկու վրայի հարգը լավ չի երևում: 

Պետական եկամուտների կոմիտեն՝ իր աշխատակիցներով, Հայաստանում վաղուց վերածվել է տնտեսական զարգացման խոչընդոտի: Սրանից զարմանալ իհարկե պետք չէ, որովհետև եթե մի պետական կառույցում, սկսած կառույցի ղեկավարից մինչև շարքային տեսուչները, բիզնեսմեններ են, ունեն բիզնես շահեր, որովհետև խոշոր սեփականատերեր են, ապա մնացյալ տնտեսությունը դառնում է այդ կառույցի մրցակիցը, և հետևաբար խնդիրը դառնում է մրցակիցներին չեզոքացնելը: 

Բնականաբար, այս ամենը տեղի է ունենում, այսպես ասած, ստվերի դեմ պայքարի կարգախոսների ներքո, վերամբարձ և հաճախ նույնիսկ հայրենանվեր կարգախոսների ներքո: Սակայն իրականում, բոլորս գիտենք, թե երկրում ինչպիսի պայքար է ստվերի դեմ: Այնտեղ, որտեղ ստվերն է, իրականում չկա ոչ մի հարկային միջամտություն, որովհետև այդ ստվերատուները պաշտպանված են իշխանությամբ, հանդիսանում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԵԿ-ում, կամ էլ՝ այդ պաշտոնյաների կողմից հովանավորվող գործարարներ: 

Մենք հեռու ենք այն մտքից, որ ոսկու շուկաներում բացակայում է ստվերը: Ավելին, միգուցե այնտեղ ստվերը շատ է: Սակայն, իրականում նման աշխատաոճը չի հանդիսանում ստվերի դեմ պայքար, որովհետև պայքարը լինում է համակարգային, և եթե, ասենք, մի տեղ նման ձևով պայքարում են, ապա պետք է պայքարեն նաև մյուս բոլոր տեղերում, որտեղ հասարակությունը լավ գիտե, որ ստվերներ կան: Սա իրականում հանդիսանում է պարզապես «պետական ռեկետ», որի նպատակը հասկանալիորեն տարեվերջն է, երբ պետք է ապահովել բյուջետային ցուցանիշներ: 

Ահա թե ինչու է ՊԵԿ-ը դարձել Հայաստանի զարգացման խոչընդոտներից մեկը, տնտեսական ակտիվության արգելակներից մեկը, որը մարդկանց ուղղակիորեն վանում է տնտեսվարումից, վանում է բիզնեսից, որը մարդկանց մեջ սերմանում է անպաշտպանության զգացում, քանի որ հարկային կամայականություններն ուղղակիորեն դիտվում են նաև դատական կարգով վիճարկումների ժամանակ: 

Հայաստանում տնտեսական զարգացում և արտագաղթի կասեցում հնարավոր չէ, քանի դեռ ՊԵԿ կոչվող կառույցը գոյություն ունի իր այս տեսքով, կազմով և որակներով: Այս կառույցում անհրաժեշտ են ուղղակի արմատական փոփոխություններ՝ և՛ կադրային, և՛ մեթոդաբանական իմաստով: Հակառակ դեպքում, սա մի օղապարան է, որը ձգված է Հայաստանի տնտեսության այն մասի վզին, որը չի գտնվում բարձրաստիճան հովանավորության ներքո: Այս կառույցը շնչահեղձ է անում Հայաստանում միջին խավի ձևավորման որևէ հույս, որևէ ակնկալիք և խթանում է արտագաղթը: Պատահական չէ, որ Հայաստանից հեռանում են արդեն նաև փոքր ու միջին ձեռնարկատերեր, որոնք ըստ էության հացի խնդիր չունեն, սակայն խնդիր ունեն ազատ աշխատելու: Նրանք հոգնել են ՊԵԿ-ի հետ կռիվ տալուց և միաժամանակ չեն կամենում այլևս հնազանդվել, որովհետև արդեն գիտեն, որ ՊԵԿ-ի ախորժակը ուտելիս է բացվում: 

Այս հարցն այսօր Հայաստանի ապագայի, բիզնես միջավայրի, միջազգային հեղինակության հարցն է: Պատահական չէ, որ Հայաստանի վերաբերյալ տնտեսական գնահատականներում հարկային վարչարարության բարեփոխումների խնդիրը մշտական ներկայություն ունի միջազգային ֆինանսական կառույցների զեկույցներում և հայտարարություններում: Այսինքն, սա արդեն միջազգայնորեն ճանաչում ստացած խնդիր է, ինչը ուղղակի ազդակ է նաև արտերկրի ներդրողներին, իհարկե՝ բացասական ազդակ: Սակայն, սա է նաև հայրենի բարձրաստիճան օլիգարխիայի ցանկությունը, որ արտերկրի ներդրողները չգան Հայաստան և չդառնան այստեղ մրցակից, այլ եթե ուզում են, գան ու պայմանավորվեն «փայերի» շուրջ: Սա է Հայաստանում այսօր իրականում վարվող քաղաքականության ողջ իմաստը:


www.1in.am

Նույն շարքից