Սպորտ 

Ամերիկացի ճանաչված մարզիչը` Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարի մասին

analitik.am

Կանանց ֆուտբոլի ամերիկացի ճանաչված մարզիչ, նախկին ֆուտբոլիստուհի, իսկ այժմ գրող և հրապարակախոս Անդրեա Մոնտալբանոն այս օրերին Հայաստանում է:
Նա հանդիպումներ ունեցավ ինչպես 10-14 տարեկան աղջիկների խմբերի,  մինչև 16 տարեկան աղջիկների Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիների հետ, անցկացրեց սեմինարներ և մարզումներ: ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Անդրեա Մոնտալբանոն մասնավորապես ասել է.

-Սկսել եմ ֆուտբոլ խաղալ Ֆլորիդայում, այնուհետև խաղացել եմ մեր շրջանի մինչև 16 տարեկանների թիմում, 4 տարի խաղացել եմ մեր քոլեջի թիմում: Դրանից հետո ավարտեցի խաղային կարիերաս, որովհետև այն ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի հնարավորություններ չկային: Այդ պատճառով ես ավարտեցի կարիերաս 22 տարեկանում և սկսեցի զբաղվել մարզչական գործով, իսկ այնուհետև՝ նաև լրագրությամբ: 

-Ո՞րն է Հայաստան այցելության Ձեր հիմնական նպատակը:

-Սա իմ առաջին միջազգային ուղևորությունն է: Սովորաբար ես ճանապարհորդում եմ ԱՄՆ-ի ողջ տարածքով՝ խոսելով այն գրքերի մասին, որ ես գրել եմ: Սա շատ հետաքրքիր հրավեր էր ինձ համար: Իմ հիմնական ասելիքն այն է, որ ես հավատում եմ, որ աղջիկները պետք է նույնպես խաղան ֆուտբոլ: Դա լավ է նրանց համար ֆիզիկական և մտավոր առումներով, նրանք դառնում են ավելի ինքնավստահ: 

-Կանանց ֆուտբոլը կարո՞ղ է զարգանալ Հայաստանի նման երկրներում: Ձեր կարծիքով ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:
-Ինձ թվում է՝ շատ կարևոր է սիրել ֆուտբոլը: Այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ մարդկանց, ովքեր սիրում են ֆուտբոլը: Շատ կարևոր է համոզել ծնողներին, որ ֆուտբոլը աղջիկներին չի դարձնում տղա, հասկացնել, որ ֆուտբոլ խաղալը միայն դրական ազդեցություն կունենա իրենց աղջիկների վրա ՝ օգնելով նրանց ավելի հեշտ շփվել իրենց տարիքի այլ աջիկների հետ: 

-Հայաստանում Դուք անցկացրեցիք մարզումներ տարբեր տարիքային խմբերի աղջիկների հետ: Դուք տեսա՞ք տաղանդավոր աղջիկներ, որոնց կարող եք համեմատել նույն տարիքի աղջիկների հետ ԱՄՆ-ում:
-Ես կարծում եմ, որ նրանք պետք է աշխատեն հիմնական հմտությունների վրա: Նրանք կարող են անել դա նաև տանը, կամ նայել ինտերնետում: Կան շատ պարզ վարժություններ, որոնք կարող են օգնել կատարելագործել նրանց վարպետությունը: Շատ կարևոր է բարելավել նրանց ֆիզիկական վիճակը, որպեսզի աղջիկները շատ շուտ չհոգնեն: Ես տեսա բազմաթիվ նվիրված երեխաների և կարող եմ ասել, որ բոլոր երեխաներն էլ ունեն պոտենցիալ: Կան բաներ, որոնք կարող ես սովորեցնել երեխաներին և որոնք չես կարող սովորեցնել: Նկատի ունեմ, որ երեխաները պետք է իրենց մեջ ունենան կրակ և մեծ ցանկություն խաղալու, մրցելու և հաղթելու: Եթե դրա հետ մեկտեղ նրանք կարողանան, ինչպես արդեն նշեցի, բարելավել իրենց վարպետությունը և ֆիզիկական վիճակը, նրանք կկարողանան հասնել լավ արդյունքների: 

-Դուք նաև լրագրող եք: Ավելի հե՞շտ է գրել ֆուտբոլի մասին, եթե ինքդ խաղացել ես ֆուտբոլ:
-Կարծում եմ՝ այո: Կա հին ասացվածք գրողների վերաբերյալ. «Գրիր այն մասին, ինչ գիտես»: Այս առումով շատ լավ է, երբ դու գիտես ֆուտբոլը ներսից: Ֆուտբոլի մասին գրելը շատ հեշտ և հետաքրքիր է ինձ համար:
-Ի՞նչ տպավորություններ ունեք Հայաստանից:
-Ինձ դուր եկավ այն ամենը, ինչ տեսա այստեղ: Ես շատ հուզված էի, քանի որ երեխաները տալիս էին շատ հարցեր: Ես տեսա, որ նրանք շատ հետաքրքրված են այն ամենով, ինչ ես նրանց պատմում էի և ցանկություն ունեին էլ ավելի շատ սովորելու: Ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետև, ինչպես արդեն նշեցի, իմ հիմնական ասելիքն այն է, որ աղջիկները նույնպես կարող են ֆուտբոլ խաղալ:

 

Նույն շարքից