Տնտեսություն 

Հայաստանում բիզնես-ռեգիստրի ստեղծումը ցանկալի է, իրագործումն՝ անհավանական

analitik.am

Հայաստանում անկախ գործունեություն իրականացնող բիզնես-ռեգիստրի ստեղծման անհրաժեշտություն կա: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի անդամ Հովհաննես Պետրոսյանը: 

Նա նշել է, որ բոլոր կազմակերպությունները ֆինանսական հաշվետվությունները պիտի ներկայացնեն բիզնես-ռեգիստրին: «Դա անհրաժեշտ է, որ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների թափանցիկությունն ապահովվի, որ դրանք հրապարակային լինեն, իսկ այսօր կազմակերպություններն, օրինակ, թերթերում բաներ են հրապարակում՝ ապահովելու համար ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը, և եթե դու այդ թերթից չօգտվեցիր, նշանակում է՝ դու էդ ինֆորմացիան կորցրեցիր, մինչդեռ բիզնես-ռեգիստրում միշտ մնում է»,- ասաց նա: 

Ըստ Պետրոսյանի՝ նման կառույցի առկայության դեպքում բոլոր կազմակերպությունները տանում, բիզնես-ռեգիստրին են հանձնում հաշվետվությունները, եթե որևէ մեկին անհրաժեշտ է այդ տեղեկությունները ստանալ, ապա անվճար կամ որոշակի գումարի դիմաց (տարբեր երկրներում կարգը տարբեր է) ստանում է դրանք: Պետրոսյանի խոսքով՝ կարող է բիզնես-ռեգիստր ստեղծվել հենց դրա համար, կարող է և այդ ֆունկցիան կատարել այս կամ այն մարմինը, օրինակ՝ վիճակագրական ծառայությունը մի ժամանակ իրականացնում էր այդ ֆունկցիան, այն, սակայն, տեղեկատվություն չէր տալիս, պարզապես այդ հաշվետվությունները տանում-հանձնում էին այնտեղ: Բիզնես-ռեգիստրը վերահսկման կարիք չունի. դա մի տեղ է, որտեղ դու տանում-հանձնում ես քո հաշվետվությունները, մնացած հանրությունն իրավունք ունի դրանցից օգտվել: Կա azdarar.am կայքը, որտեղ դու հաշվետվություններդ հանձնում ես, բոլորը կարող են այնտեղից ինֆորմացիա ստանալ, ուղղակի այն, ըստ Պետրոսյանի, կիրառելու, օգտվելու տեսակետից ձեռնտու չէ: «Ենթադրենք, ես ուզում եմ բիզնես անել, մի կազմակերպություն ինձնից ուզում է բան գնել, ես նրա մասին ուզում եմ ինֆորմացիա ստանալ: Եթե իրեն ասեմ, սիրուն բաներ կներկայացնի, մտնում եմ էդ բիզնես–ռեգիստր, հաշվետվությունները նայում եմ, սկսում եմ վերլուծել՝ վճարունակ է, պարտքեր չի կուտակում, ակտիվները նորմալ վիճակի է, ես նրանց հետ գործ եմ սկսում»- ասաց նա: 

Վերջինիս համոզմամբ՝ նոր կառույցի գոյության դեպքում արդեն նրա հետ աշխատող կազմակերպության համար բոլորովին ծախսեր չեն պահանջվում. մեյլով կամ կրիչով ուղարկում են ինֆորմացիայի փաթեթը, բայց հենց բուն ռեգիստրի ստեղծումը ծախսեր է պահանջում: Պետրոսյանի կարծիքով՝ մեծ, հզոր սերվեր է պետք, որ կարողանա այդ ամենն իրականացնել: Նա նշեց, որ առաջին անգամ նման կառույցի հանդիպել է Ֆրանսիայում. այն դեռևս իննսունականների կեսերից կար, երբ համակարգչային տեխնոլոգիաներն էսքան զարգացած չէին: 

Կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանն, անդրադառնալով բիզնես-ռեգիստրի անհրաժեշտության հարցին, նշեց, որ նման փորձ Հայաստանում արվել է վարկային ռեգիստրի հետ կապված, և փորձ է արվում հավաքագրել այս կամ այն ֆիզիկական, և ավելի կարևոր է իրավաբանական անձանց վարկային պատմությունը, որպեսզի կողմնորոշվեն՝ վարկավորողը կամ մնացած տնտեսվարող սուբյեկտները: Այստեղ, ըստ Մեսրոբյանի, խնդիրն այն է, որ Հայաստանում որպես կանոն բոլոր գործընթացներն ավելի շատ ֆորմալացված բնույթ են կրում և էության հետ շատ դժվար են առնչվում: «Որպես գաղափար շատ լավն է, բայց մինչև չտեսնեմ՝ ինչ ճանապարհով է առաջանում ադեկվատ տեղեկատվությունը, ես կարծիք հայտնել չեմ կարող, բայց կրկնում եմ՝ որպես գաղափար շատ լավն է»,- ասաց նա: 

Հարցին՝ մե՞ծ ծախսեր են պահանջվելու նման կառույցի ստեղծման համար, Մեսրոբյանը պատասխանեց, որ ծախսերի աղբյուրները շատ են. այնտեղ մարդիկ պիտի աշխատեն, ովքեր պիտի վարձատրվեն, պիտի լինի որոշակի՝ գոնե նվազագույն տեխնիկական հագեցվածություն, և ընդհանրապես, գործունեության հետ կապված տարբեր վճարումներ՝ սկսած կոմունալից: Կախված նրանից, թե ինչ ծավալի գործունեություն է կանխատեսվում, պարզ կլինի՝ ծախսը շատ է լինելու, միջին, թե քիչ, և ինչքան աշխատակազմ է լինելու, քանի մարդ, և այլն, բայց որ պարտադիր ներդրումներ պիտի լինեն, դա միանշանակ է:

«Միշտ ճիշտ է, որ պետք է նման խնդիրների հետ առնչվող անկախ գործակալություններ լինեն, դա միանշանակ է, որպեսզի մարդը, եթե ուզում է տեղեկություն ստանալ, առնվազն երկու աղբյուր ունենա, ոչ թե մեկը: Նման կառույցի գոյությունն աշխարհում տարածված է, մասնավոր բոլոր ասպարեզներում, որտեղ կա պետության գործունեությունը: Որպես կանոն՝ ձգտում են ստեղծել իշխանություններից դուրս հնարավորինս անկախ կառույցներ: Խնդիրն այն է՝ իրո՞ք կստացվի իրականության մեջ անկախ լինել, թե՞ ոչ, որովհետև Հայաստանում գրեթե ամեն ինչ փոխկապակցված է»,- ասաց նա:

Նույն շարքից